Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արձանագրվել է ընդդեմ ԶԼՄ-ների և լրագրողների 12 դատական նոր հայց, որոնցից 10-ը՝ զրպարտության և վիրավորանքի հիմքով. Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Ապրիլ 23,2021 14:18

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2021 թվականի առաջին եռամսյակային զեկույցի մասին

2021թ․ առաջին եռամսյակն առանձնացավ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդեպ ֆիզիկական բռնությունների շեշտակի աճով․ այդպիսի դեպքերի քանակը դիտարկվող ժամանակահատվածում ավելին է, քան նախորդ ողջ տարվա ընթացքում․ 7 դեպք՝ 8 տուժողով։ Դրանք հիմնականում գրանցվել են զանգվածային միջոցառումների, բողոքի ակցիաների ժամանակ:

Արձանագրվել է ընդդեմ ԶԼՄ-ների և լրագրողների 12 դատական նոր հայց, որոնցից 10-ը՝ զրպարտության և վիրավորանքի հիմքով, ընդ որում՝ դրանցից 6-ը՝ ներկա և նախկին պաշտոնյաների ու նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից: Այսպիսի դատական գործերի մեծ թվի առնչությամբ մտահոգություն է հայտնել նաև ԱՄՆ Պետդեպարտամենտն իր՝ «Մարդու իրավունքների վիճակն աշխարհում» 2020թ․ զեկույցում՝ հղումով անելով ԽԱՊԿ ուսումնասիրություններին։

Տարատեսակ ճնշումների ընդհանուր քանակն այս եռամսյակում հասել է 20-ի, այդ թվում՝ լրագրողների նկատմամբ վիրավորական կամ արհամարհական վերաբերմունքի դեպքերը, որոնցով աչքի են ընկել և՛ իշխանության, և՛ ընդդիմության ներկայացուցիչները։ Այս բոլոր դեպքերի առնչությամբ ԽԱՊԿ-ն ու գործընկեր լրագրողական կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարություններով։
Լրատվամիջոցները շարունակում են դժգոհել գերատեսչությունների գործունեությունից, որոնք հարցումներին պատասխանելն անհարկի ձգձգում կամ մերժում են, կամ տրամադրում են ոչ ամբողջական տվյալներ։ Եռամսյակի ընթացքում արձանագրվել է տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման 15 դեպք, և միայն 2 դեպքում է լրատվամիջոցը հայցով դիմել դատարան։

Ծայրահեղ քաղաքականացված ու բևեռացված լրատվական դաշտում շարունակում են տարածված մնալ ատելության խոսքը, ապատեղեկատվությունն ու կեղծ լուրերը, վիրավորանքն ու զրպարտությունը։ Այս իրավիճակին հակազդելու համար իշխանությունները վերջին ամիսներին հանդես եկան մի շարք օրենսդրական նախաձեռնություններով, որոնք լրագրողական հանրության կողմից գնահատվեցին
որպես ոչ համաչափ, խոսքի ազատությանը սպառնացող և միջազգային չափանիշներին չհամապատասխանող սահմանափակումներ։
Մասնավորապես՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում նախատեսվող փոփոխություններով ու լրացումներով, ի թիվս այլի, առաջարկվեց արգելել հղումն անանուն կամ, ինչպես հետո վերափոխվեց՝ չնույնականացվող աղբյուրներին։ Սա իրականում չի լուծում անհանգստացնող խնդիրը՝ կապված կեղծ լուրերի տարածման հետ, ավելին՝ կարող է լրջորեն խոչընդոտել լրագրողական գործունեությունը, սահմանափակել տեղեկատվության աղբյուրների հետ աշխատանքը։

Մյուս խիստ մտահոգիչ նախաձեռնությամբ, որի հեղինակը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն է, Քաղաքացիական օրենսգրքի 1087․1 հոդվածով նախատեսված՝ զրպարտության և վիրավորանքի համար փոխհատուցման վերին շեմը եռապատկվեց․ մարտի 24-ին օրինագիծն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։ Օրենսդրական այս քայլը քննադատվեց տեղական լրագրողական ՀԿ-ների, միջազգային իրավապաշտպան «Freedom House» և «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունների կողմից, իշխանություններին կոչ արվեց չեղարկել փոփոխությունը։ Ապրիլին ՀՀ նախագահը, փորձագետների հետ քննարկումներից հետո, չստորագրեց այս օրենքը և ուղարկեց ՍԴ՝ որոշելու դրա համապատասխանությունը Սահմանադրությանը։

Խորհրդարանում շրջանառության մեջ է դրվել ԶԼՄ-ներին մտահոգող ևս 2 օրենսդրական առաջարկ։ Դրանցից մեկը ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու նախագիծն է, որով առաջարկվում է քրեական պատասխանատվության ենթարկել համացանցում կեղծանուն աղբյուրի միջոցով հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի վերաբերյալ դիտավորությամբ ակնհայտ կեղծ տեղեկատվություն հրապարակելու և անձին զրպարտելու կամ վիրավորելու համար։ Մյուսը, որը կապվում է նախորդի հետ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի՝ պատասխանատվությունից ազատելուն վերաբերող 6-րդ կետի փոփոխությունն է․ դրանում առաջարկվում է վերջում ավելացնել «բացառությամբ, եթե աղբյուրը կեղծանուն է» բառակապակցությունը։

Մի խնդրահարույց նախաձեռնությամբ էլ հանդես եկավ ՀՀ դատախազությունը՝ առաջարկելով քրեականացնել պաշտոնատար անձանց զրպարտելը կամ վիրավորելը։ Սրանում, ըստ էության, իշխանության ներկայացուցիչներին քննադատությունից զերծ պահելու միտում է նկատվում։

Այս բոլոր նախաձեռնությունները ռեպրեսիվ բնույթ ունեն, հակասում են միջազգային հայտնի նորմերին, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի հանձնարարականներին և Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներին, ինչպես նաև ՀՀ Սահմանադրական դատարանի 2011թ․նոյեմբերի 15-ի թիվ 997 որոշման դրույթներին։

Դիտարկվող ժամանակահատվածում տեղի ունեցած նշանակալի իրադարձություններից էր հանրային մուլտիպլեքսով հեռարձակվելու համար հեռուստաընկերությունների լիցենզավորման մրցույթների ամփոփումը, որի արդյունքում «Հ2»-ը ճանաչվեց պարտված և դիմեց դատարան՝ բողոքարկելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշումը։ Կրկին լիցենզիա չստացավ «Ա1+»-ը։ Մի քանի բացառությամբ ոլորտում պահպանվեց ստատուս-քվոն, լուրջ բարեփոխումներ չնշմարվեցին, ինչը մեծապես պայմանավորված է 2020թ․հուլիսին ընդունված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի թերություններով ու բացերով։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930