Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազգի հետ առանց պոպուլիզմի խոսելու համար որեւէ մեկի «դաբրոյի» կարիքը չունենք»․ Մհեր Տերտերյանը կուսակցություն է հիմնում

Ապրիլ 23,2021 13:38

«Ազգը պառակտված է այնպես, ինչպես երբեք չի եղել։ Ազգը բաժանված է գույների։ Նախկիններն ու ներկաները կարողացել են սեւ-սպիտակի բաժանել ազգին, բաժանել «Շուշա» եւ «Շուշի» ասողների։ Ազգն այն աստիճանի է մոլորված, որ հիմնական հարցերի պատասխանները չունի՝ հա՞յ ենք մենք, Հայաստա՞նն է սա, թուրքը թշնամի է՞, թե ընկեր»,-«Միասնական հայրենիք» կուսակցության հիմնադիր համագումարում այսօր հայտարարեց կուսակցության նախագահ ընտրված, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի նախկին խորհրդական, տնտեսագետ Մհեր Տերտերյանը։

Նա նշեց, որ 2018թ․-ի հեղափոխությունը մեծ հույսեր տվեց ժողովրդին․ «Չենք հիշի, թե ազգը երբ էր այդ աստիճանի միավորված եւ լավատես եղել։ Բայց կարծես իրավիճակ է փոխվել։ Քաղաքական դաշտում գործողների հիմնական խոսքն ատելությամբ է լցված։ Զգացմունքային, լարված վիճակ է հիմա ՀՀ-ում։ Ստիպված ենք երբեմն երեխաների ականջները փակել հեռուստացույցի առաջ»։

Մհեր Տերտերյանի խոսքով՝ թշնամին միշտ ուզում է մեր ազգը բաժանված տեսնել․ «Պատերազմից հետո ակնհայտ է, որ խայտառակ պարտության հետեւանքով պատերազմը տեղափոխվել է ՀՀ մայրաքաղաք։ Ականատես ենք նրան, որ բազմաթիվ կուսակցություններ եւ քաղաքական գործիչներ են միավորվում մեկ կարգախոսով՝ հեռանալու պահանջով։ Ամեն կուսակցություն տարբեր ճանապարհ է անցել, բայց միավորվել են մի կարգախոսի շուրջ։ Շատ կուսակցությունների ձայնն էլ ժողովուրդն այլեւս չի լսում։ Մեծ զանգված հանրության ձեռք է քաշել այս մթնոլորտից, անջատել հեռուստացույցն ու դուրս եկել սոցցանցից՝ հույսը կորցնելով որեւէ քաղաքական ուժի հանդեպ։ Մեր նախաձեռնությունը միավորվել է, որովհետեւ ազգին ուզում ենք ընտրություն առաջարկել քաղաքակիրթ լեզվով։ Անկախ ամեն ինչից՝ պետք է խոսենք քաղաքակիրթ եւ թշնամուն չպատճառենք մեզ բաժանված տեսնելու հաճույքը։ Մեզ հարցնում են՝ ովքե՞ր են ձեր հետ։ Հասկանալի է, որ տասնյակ տարիների ընթացքում տարբեր կլաններ իրենց անձնական շահը խառնել են խմբային շահերին եւ ՀՀ-ն սարքել մարտադաշտ։ Մենք տեսնում ենք, որ այսօր երկու թեւեր են ձեւավորվել՝ նախկին եւ ներկա։ Ժողովուրդն ընտրություն չունի։ Շատ հայրենակիցներ դժգոհ են գործող իշխանությունից, բայց վատի եւ վատագույնի միջեւ ընտրում են վատագույնը։ Ուստի կարեւոր ժամանակահատվածում ենք։ Հայ ազգը մեծ ճգնաժամ է ապրում։ Մենք ստեղծվել ենք, որպեսզի առաջարկենք ընտրություն՝ խոսել առանց քննադատության։ Սա մեր արժեքներից է։ Ժողովուրդն արդեն իր խոսքն ասել է փողոցում, եւ մենք ավելացնելու բան չունենք։ Նախկինների վերաբերյալ էլ է ժողովուրդն արտահայտվել, ավելացնելու բան չունենք։ Ուզում ենք ապագայի վրա կենտրոնանալ»։

Մհեր Տերտերյանը շարունակեց․ «Մեզ հարցնում են՝ «դաբրոն» ստացե՞լ եք։ Ո՞վ է ձեր կողքին։ Պարզ է, որ տարիների կլանային մոտեցումները եւ կիսապետական, կիսամասնավոր ցանցերն այսօր մեր հանրության մի մասն են։ Համոզված եմ, որ ժողովրդի հետ խոսելու իրավունք ունենք ուղիղ՝ առանց միջնորդների։ Համոզված եմ, որ մեր միջազգային գործընկերներն այսօր որքան էլ կարեւոր են մեր երկրի համար, բայց ազգն ինքը՝ առանց որեւէ դաբրոյի, կարող է կողմնորոշվել եւ ճիշտ ընտրություն անել, քանի դեռ հնարավորությունը ստեղծվել է։ Ազգի հետ պարզ, առանց պոպուլիզմի խոսելու համար մենք որեւէ մեկի «դաբրոյի» կարիքը չունենք։ Ոմանք փորձելու են մեզ նույնականացնել նախկինների հետ, ոմանք էլ ասելու են, թե ներկաների հետ շահեր ունենք, բայց պետք է ապացուցենք, որ մենք հայակենտրոն ենք եւ մեր աշխատանքը ազգային շահերից է բխում։ Առաջիկա երկու ամսում տարբեր ոլորտների վերաբերյալ հանրությանը ներկայացնելու ենք մեր մոտեցումները՝ Արցախ, բանակ, ՌԴ-ի հետ հարաբերություններ, մշակույթ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930