Այսօր կեսգիշերից հետո Գրեփլինգի Հայաստանի ազգային հավաքականը մեկնում է Լեհաստան, որտեղ մեկնարկելու է Եվրոպայի առաջնությունը:
Գրեփլինգը Հայաստանում գրանցում ստացած նոր մարզաձեւ է: Ազգային ֆեդերացիան հիմնադրվել է ընդամենը մի քանի ամիս առաջ, սակայն այդ ընթացքում հասցրել է անդամագրվել միջազգային ֆեդերացիային, անցկացնել Հայաստանի մեծահասակների առաջնություն, որի արդյունքով ձեւավորված ազգային հավաքականն առաջին անգամ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու իրավունք է ստացել:
Կարդացեք նաև
Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Բազինյանը այս հաջողությունների գրավականը համարում է պրոֆեսիոնալների ու իրենց գործի նվիրյալների համախմբման արդյունք: «Տարիներ շարունակ Հայաստանում գործում են մարտարվեստների տարբեր ակումբներ, որոնք կրավորական կամ ուղղակի կերպով ուսումնասիրում են գրեփլինգի տեխնիկան: Գիտենք, որ այսօր աշխարհում դինամիկ կերպով զարգանում են խառը մենամարտերը՝ MMA-ն, որի գրեթե 50 տոկոսը գրեփլինգի հնարքներ են: Հայաստանում կան լավ մարզիկներ ու մարզիչներ, որոնք հնարավորություն չունեին մասնակցելու միջազգային պաշտոնական մրցաշարերի, առաջնությունների: Միտք առաջացավ՝ իսկ ինչո՞ւ Հայաստանը չունի գրեփլինգի ֆեդերացիա: Եվ մենք կարողացանք մեկ հարկի ներքո համախմբել այն մասնագետներին ու մեր ընկերներին, որոնք ունեն մարզական հետագիծ, կենսագրություն ու նվիրված են իրենց գործին: Մենք ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի անմիջական աջակցությամբ հուշագիր ստորագրեցինք Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի, նախարարության հետ, ինչը որոշակիորեն ընդլայնեց մեր հնարավորությունները, մեր առջեւ բացեց միջազգային նոր ճանապարհներ: Մեր գործունեությունը ճիշտ ուղղությամբ է ընթանում, եւ դրա ապացույցը Հայաստանի անդրանիկ առաջնությունն էր, որին մասնակցեցին 11-ից ավելի կազմակերպություններ եւ ակումբներ ու 320-ից ավելի մարզիկներ: Սպորտային ձեւաչափով, այսինքն, առաջնության արդյունքով ձեւավորվեց ազգային հավաքականի կազմը, որը շուրջ մեկ ամիս ուսումնամարզական հավաք անցկացնելուց հետո մոտ օրերս առաջին անգամ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը, որտեղ կհասկանանք, թե ինչ տեղ ու դիրք ենք զբաղեցնում գրեփլինգի միջազգային ընտանիքում, ինչ ուղղումներ պետք է կատարենք մեր հետագա գործունեությունը ծավալելու ընթացքում»,-ասում է նա:
Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վլադիմիր Հովհաննիսյանը մեր հետ զրույցում նշեց, որ Եվրոպայի առաջնությունից վերադառնալուց հետո շատ անելիքներ կան ու բազմաթիվ ծրագրեր են կազմվել: «Փորձելու ենք Հայաստանի մարզերում հնարավորինս արագ մասնաճյուղեր ստեղծել՝ նոր մարզաձեւի աշխարհագրությունը հատկապես հեռավոր շրջաններում ապրող երեխաների շրջանում ընդլայնելու համար: Պլանավորում ենք արտերկրից պարբերաբար հրավիրել բարձրակարգ մարզիչների ու մասնագետների, որոնք սեմինար եւ գործնական պարապմունքներով կբարձրացնեն մեր մարզիչների ու մրցավարների գիտելիքները, հմտությունները, որակը: Անչափ կարեւորում ենք հատկապես պատանիների ընդգրկումը մարզական խմբերում»,- ասաց նա:
Եվրոպայի առաջնությանը Հայաստանի հավաքականի կազմում կմասնակցեն. 62 կգ՝ Մայիս Ներսեսյան եւ Գոռ Գրիգորյան, 66 կգ՝ Վահե Բադալյան եւ Ասլան Պողոսյան, 71 կգ՝ Գեղամ Վարդանյան, 84 կգ՝ Խաչատուր Թամարյան, 92 կգ՝ Արթուր Զաքարյան, 100+ կգ՝ Գոռ Գյունաշյան, 53 կգ՝ Լիլիթ Դանիելյան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ