Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Զրուցակիցները մտքեր են փոխանակել կրթական բարեփոխումների, մշակութային կապերի ամրապնդման, լիբանանահայ համայնքի ու Լիբանանում հայկական դպրոցների վերաբերյալ

Ապրիլ 23,2021 13:34

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Լիբանանի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարար Վարդինե Օհանյանին՝ Հայաստանում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերի և Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանի ուղեկցությամբ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Գիլոյանը։

Նախարար Վահրամ Դումանյանը, ողջունելով գործընկերոջ այցը ԿԳՄՍՆ, նախ երախտագիտություն է հայտնել Լիբանանի կառավարությանը՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին պաշտոնական պատվիրակությամբ մասնակցելու համար։ Անդրադառնալով երկու երկրների՝ 2020 թվականի ընթացքում ունեցած դժվարություններին՝ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ նպատակաուղղված աշխատանքի շնորհիվ դրանք կհաղթահարվեն։ Այդ համատեքստում նախարարը կարևորել է հայ-լիբանանյան համագործակցությունը՝ առաջարկելով շարունակական զարգացման նպատակով ընդլայնել երիտասարդության և սպորտի բնագավառներում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները․ «Մեր ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորվել են բարեկամական ջերմ հարաբերություններ, ինչն ամուր հիմք է միջպետական ծրագրերի իրականացման, առկա փոխգործակցության ամրապնդման և հետագա զարգացման համար։ Երկկողմ հարաբերություններն ունեն մեծ ներուժ, որը մենք հաջողությամբ կարող ենք օգտագործել երիտասարդության և սպորտի ոլորտներում»։

Վարդինե Օհանյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և փոխանցել Լիբանանի նախագահ Միշել Աունի ողջույնը և բարեմաղթանքները։

«Հայ-լիբանանյան հարաբերությունները մշտապես աչքի են ընկել փոխադարձ վստահությամբ, միմյանց օգնելու պատրաստակամությամբ։ Համոզված եմ՝ համատեղ ջանքերի շնորհիվ մեր փոխգործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա։ Մենք մեծապես արժևորում ենք Հայաստանի փորձառությունը երիտասարդության ու սպորտի ոլորտներում և պատրաստ ենք այդ ուղղություններով համագործակցությանը»,- ասել է Վարդինե Օհանյանը և ընդգծել լիբանանահայ համայնքի առանցքային դերակատարությունը երկկողմ հարաբերություններում։

Կողմերը խոսել են երկու երկրների երիտասարդների առջև ծառացած մարտահրավերների, խնդիրների և դրանց հաղթահարման ուղղությունների մասին։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ այժմ մշակման փուլում է ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարությունը, և աշխատանքային խումբն առանձնակի ուշադրություն է դարձնում Սփյուռքի հետ հարաբերություններին, միջպետական երիտասարդական ֆորումների իրականացման հնարավորություններին։ Նախարարի տեղակալի խոսքով՝ հայ-լիբանանյան հարաբերությունները հնարավոր է խորացնել նաև այդ ձևաչափով։

Անդրադառնալով սպորտային ոլորտում համագործակցության հնարավոր տարբերակներին՝ կողմերը քննարկել են երկու երկրների մարզիկների համատեղ ուսումնամարզական հավաքներ, սեմինարներ անցկացնելու հնարավորությունները: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Հայաստանի մարզական ենթակառուցվածքները ներկայացնելու պատրաստակամություն է հայտնել, ինչին Վարդինե Օհանյանը սիրով համաձայնել է։ Գործընկերները փոխադարձաբար հետաքրքրվել են երկու երկրների մարզիկների՝ Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքներից և միմյանց մաղթել հաջողություն սպորտային գլխավոր ստուգատեսում։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև կրթական բարեփոխումների, մշակութային կապերի ամրապնդման, լիբանանահայ համայնքի ու Լիբանանում հայկական դպրոցների վերաբերյալ և առաջիկա օրերին համագործակցության մտադրությունների նամակ ստորագրելու պայմանավորվածություն ձեռք բերել՝ այդպիսով անցնելով  կապերի խորացման գործնական քայլերի։

 ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930