«Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի հետ համագործակցությամբ անցկացվող «Հայաստանը և Թուրքիան Հարավային Կովկասում. իրողություններ և ռիսկեր» խորհրդաժողովի ընթացքում թուրքագետ Վարուժան Գեղամյանն անդրադարձավ Թուրքիայի արտաքին քաղաքական ռազմավարությանը՝ Հարավային Կովկասի հանդեպ՝ «Ազգային ուխտից» մինչև «Կովկասյան պլատֆորմ»:
Խոսելով ներկայիս զարգացումների մասին՝ նա նկատեց. «Փաստացի կովկասյան պլատֆորմին համաձայնությունից հետո հարյուր տարի անց համաձայնություն ենք տալիս դե յուրե Թուրքիային ներկա լինել տարածաշրջանում: Արցախյան պատերազմից հետո Թուրքիան դե ֆակտո էր ներկա տարածաշրջանում, իսկ այս դեպքում, հիմա ունենք իրավիճակ, երբ Թուրքիան լիարժեք տերն է դառնում տարածաշրջանի: Ունենալու ենք փոքրիկ նեոգաղութային տարածք՝ Թուրքիայի գլխավորությամբ: Շատ փորձագետներ այն համեմատում են կովկասյան Եվրամիության հետ: Ես հակված եմ կարծել, որ իրականում ունենալու ենք փոքրիկ նեոգաղութային տարածք Թուրքիայի գլխավորությամբ»:
Վարուժան Գեղամյանը նաև ահազանգեց՝ 2020 թվականի նոյեմբերից հետո մեր հարևան երկրում կա թուրքական անմիջական ռազմական ներկայություն: Ու հավելեց. «Այս ռազմական ներկայությունը գրեթե ուղիղ համընկնում է Թուրքիայի գաղափարական գծի հետ՝ Միջին Ասիայից Թուրքիայի միջոցով կամուրջ դառնալ դեպի Եվրոպա հատկապես էներգետիկ համակարգերի համար, և դրա կարևորագույն նախապայմանն այս հայտնի կոմունիկացիան է՝ Մեղրիի միջանցքը»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ