Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոչ եմ անում այս պահի դեռևս իշխանություններին ուշադրություն դարձնել թուրքական այս խիստ հմտորեն քողարկված թակարդին». Ռուբեն Մելքոնյան

Ապրիլ 23,2021 12:20

«Թուրքիայի պես սպառնալիք պետության ներկայությունը Հարավային Կովկասում արդեն նշանակում է, որ անվտանգության մի խրամատ մենք զիջել ենք, և թշնամին էլ ավելի է մոտեցել մեր պետության սահմաններին»,- «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի հետ համագործակցությամբ անցկացվող «Հայաստանը և Թուրքիան Հարավային Կովկասում. իրողություններ և ռիսկեր» խորհրդաժողովի ընթացքում հայտարարեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը:

Նա զեկուցման ընթացքում անդրադարձավ սահմանազատման խնդիրներին և փաստեց. «Մեր հասարակությունը և պետությունը բախվեցին սահմանազատման շատ տարօրինակ մի իրավիճակի, երբ մեր պետականության սահմանները տարօրինակ կերպով GPS-ային սկզբունքով սկսեցին ուղղակի մասնատվել»:

Պատմական ակնարկ կատարելով՝ Ռուբեն Մելքոնյանը նշեց՝ առաջին անգամ սահմանազատումը ՀՀ-ի և Թուրքիայի միջև եղել է 1924-1926-ին, և ուրվագծվել են այն սահմանները, որ ունենք Թուրքիայի հետ, բայց հիմքը Կարսի պայմանագիրն է:

Զուգահեռ տանելով ներկայիս իրավիճակի հետ՝ նա ասաց. «Ռեալ պոլիտիկ տեսանկյունից Հայաստանը Թուրքիայից հողային պահանջներ չունի ու չի ներկայացրել, բայց երբեւէ չի հայտարարել Կարսի պայմանագրի ճանաչման մասին, քանի որ այդ պայմանագիրը ստորագրվել է թույլ, պարտված Հայաստանի պարագայում: Հայաստանը կամ հայ ժողովուրդն այդպես էլ չի հաշտվել այդ անարդար սահմանազատման հետ: Իրավիճակը խիստ նման է. այսօր չենք հաշտվում Շուշիի և Հադրութի կորստի հետ: Եթե մեզ ներկայացվի մի փաստաթուղթ, որը ենթադրում է Հադրութի ու Շուշիի ճանաչումը ադրբեջանական տարածքային ամբողջականության մաս, բոլորն ընդվզելու են: Կարսի պայմանագրի համանման անարդարության արդյունք է»:

Նա կոչ արեց իշխանություններին ուշադրություն դարձնել թուրքական այս խիստ հմտորեն քողարկված թակարդին և դրանից բխող այլ հետևանքներին: Ու հիշեցրեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ մարտին կատարված հայտարարությունը՝ ժամանակավոր տեղակայվում են սահմանապահներ մինչև սահմանազատումը և սահմանագծումը, որը տեղի կունենա միայն Ադրբեջանի և Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների հաստատումից հետո: Ու պարզաբանեց. «Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների հաստատումը ենթադրում է Թուրքիայի կողմից ևս մեկ նախապայման. այն, ինչ արել են 1973-ին և փորձել են անել 2009-ին. Հայաստանին ներկայացվելու է ինչ-որ կերպ քողարկված Կարսի պայմանագրի ճանաչման կամ վերաճանաչման պահանջ, որը ռեալ պոլիտիկ տեսանկյունից միգուցե հիմա մեզ համար կթվա անիրականանալի: Թուրքիան մեր առաջ դրած երեք նախապայմանից առաջինին հասել է: Սա այն քողարկված վտանգն է, որը տանելու է երկրորդ նախապայմանի իրականացմանը: Եթե մեզ համար ռեալ պոլիտիկ առումով դա այս պահին չունի նշանակություն, Թուրքիայի համար սա ունի գերկարևոր նշանակություն: Հայաստանն այս երկրորդ նախապայմանն ընդունելով՝ արձանագրելու է պարտություն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930