Լրահոս
Օրվա լրահոսը

«Մտահոգ եմ Արեւմուտքում, մասնավորապես ԱՄՆ-ում վերջերս ուրվագծվող պրոհայկական տրամադրություններից»

Ապրիլ 23,2021 16:00

«Ես վստահ չեմ, որ Արեւմուտքում պատրաստ են Հայաստանին պաշտպանելու, եթե այդ վտանգներն իրականություն դառնան»,- «Առավոտի» զրուցակիցն է քաղաքագիտության դոկտոր, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը:

– Հետպատերազմական շրջանում Հայաստանում իշխող ուժի ներկայացուցիչներն անմիջապես սկսեցին խոսել Թուրքիայի հետ հաշտեցման անհրաժեշտության մասին։ Վերջերս նաեւ պաշտոնական` ԱԳ նախարարի մակարդակով Թուրքիայի հետ հաշտվելու անհրաժեշտության մասին խոսվեց։ Ստեղծված իրավիճակում սա՞ էր մեր քաղաքական օրակարգի առաջնային հարցը։ Աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին ինչի՞ կհանգեցնի այս գործընթացը։

– Ես չեմ կարծում՝ կարեւոր է որոշել, թե դա արդյո՞ք ամենակարեւոր հարցն էր այս պահին։ Գուցե կային ավելի կարեւոր բաներ, բայց որեւէ մեկը չի կարող ժխտել, որ Թուրքիայի հետ հարաբերությունների որակը Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող խնդիր է։ Ասեմ նաեւ, որ իրականում Հայաստանը չէր, որ առաջին քայլերն արեց այս ուղղությամբ։ Պատերազմի ավարտից անմիջապես հետո պաշտոնական Հայաստանի հռետորաբանությունը բոլորովին հաշտվողական տոն չուներ։ Թեկուզ բավականին զուսպ ու զգուշավոր, առաջին ժեստերը թուրքական կողմից էին գալիս։ Մասնավորապես, Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն պատերազմի ավարտից շատ չանցած հայտարարեց, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու հարցում այլեւս խոչընդոտներ չի տեսնում, քանի որ հիմնական խոչընդոտը Ղարաբաղյան հակամարտությունն էր ու իրենք համարում են, որ հարցը լուծվել է։ Էրդողանը խոսեց տարածաշրջանի վեց երկրների համագործակցության ինչ-որ ֆորմատ ստեղծելու մասին ու հայտարարեց, որ դրանից Հայաստանն ամենաշատը կշահի։ Նման մի երկու հավելյալ ժեստ նույնպես եղավ։ Սկզբնական շրջանում Հայաստանի կողմից արձագանքներ չկային, ու ես տեղեկություններ ունեմ, որ թուրքական ԱԳՆ-ում նույնիսկ կարծիքներ են հնչել` թե, ցավոք, կարծես հայերը հետաքրքրված չեն հարաբերությունների նորմալացմամբ ու հետեւաբար հայերի հետ կշարունակենք խոսել ռուսների միջոցով, ինչը բոլորովին մեր շահերից բխող եզրակացություն չի։

Բայց, անշուշտ, խնդիրը միայն այն չէ, թե արդյո՞ք պետք է նորմալացնել հարաբերությունները Թուրքիայի հետ, թե՞ ոչ կամ թե դա մեր առաջնահերթությունների ցուցակում որքա՞ն բարձր տեղում պետք է լինի։ Խնդիրը նաեւ այն է, որ հիմա դա փորձում է անել մի իշխանություն, որը պատերազմից առաջ Սեւրի պայմանագրի ու ինչ-որ հակաթուրքական կոալիցիայի միանալու պատրաստակամության մասին հայտարարություններ էր անում։ Հիմա նրանք հանկարծ սկսել են խոսել բարիդրացիական հարաբերությունների մասին, այն մասին, թե չի կարելի որեւէ երկրի հավերժական թշնամի համարել, եւ այլն։ Ակնհայտ է, որ դա համոզմունքի արտահայտություն չէ, այլ պարտվածի ու խեղճացածի կեցվածք։ Հետեւաբար խիստ անցանկալի է, որ եթե Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է նորմալացվեն, դա տեղի ունենա, երբ Հայաստանում իշխանության ղեկին այս, անհեռատես ու պատեհապաշտ ամբոխն է։ Դա խիստ անցանկալի է ե՛ւ մեր պետության արժանապատվության ու միջազգային հեղինակության տեսանկյունից, ե՛ւ այն տեսանկյունից, թե նման իշխանությանն ինչ կտան բանակցություններում։

– Ինչպե՞ս հաշտվել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, որոնք Շուշիում «Գորշ գայլերի» դպրոց են բացում, նոր Հարավային Կովկասի տեսլական են ներկայացնում՝ չքողարկելով հավակնությունները Հայաստանի տարածքների նկատմամբ՝ Զանգեզուրն իրենցը համարելով խոսում են Երեւանի մասին։ Ներկայիս զարգացումների ֆոնին բարդ է այս ամենը զուտ հռետորաբանություն ընկալել։ Մանավանդ որ, Արցախում ժամկետային ծառայություն իրականացնողների ծնողներին օրերս Նիկոլ Փաշինյանը հարցրել էր` իսկ դուք վստա՞հ եք, որ վաղը թուրքը Երեւանում չի լինի, այն բանից հետո, երբ վերջիններս պետության ղեկավարից երաշխիքներ էին ուզել իրենց որդիների համար։

– Կներեք, բայց հարցը մի փոքր տարօրինակ եմ համարում։ Եթե թուրքերն ունեն այն մտադրությունները, որոնց մասին դուք խոսում եք, այդ դեպքում ի՞նչ հաշտեցման կամ նորմալացման մասին կարող է խոսակցություն լինել։ Նորմալացման մասին խոսակցությունը միայն առարկայական է, եթե երկու կողմից նորմալացման ցանկություն կա։ Ես չեմ կարծում, որ Հայաստանում կա գոնե մի մարդ, որը կարծում է, որ պետք է թուրքերի ոտքն ընկնել ու խնդրել հարաբերությունների նորմալացում, չնայած այն բանին, որ թուրքերն ու ադրբեջանցիները Երեւանն ու Զանգեզուրն են պահանջում։ Պարզ է, որ նորմալացման մասին խոսակցություններն առարկայական են ու իմաստ ունեն միայն այն դեպքում, երբ մյուս կողմը նույնպես շահագրգռված է նման հեռանկարով եւ ոչ թե քո երկիրը քարտեզի վրայից ջնջելով։ Բայց ես վստահ չեմ, որ այդ հռետորաբանությունը նշանակում է, որ թուրքերն ու ադրբեջանցիները նման անբանակցելի մտադրություններ ունեն։ Ես չեմ ասում, որ այնտեղ նման ցանկություններ չկան։ Ես խոսում եմ այն մասին, որ թուրքերն ու ադրբեջանցիները այլ շահեր եւս ունեն, որոնց հետ նման մտադրությունները դժվար համատեղելի են։ Մասնավորապես, ես կարծում եմ, որ ե՛ւ Թուրքիայում, ե՛ւ Ադրբեջանում հասկանում են, որ աշխարհը նույն անտարբերությամբ չի նայի Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ ոտնձգությանը, ինչ նայեց Ադրբեջանի կողմից 2020 թ.-ի աշնանը սանձազերծած պատերազմին, որովհետեւ այդ դեպքում աշխարհը համարում էր, որ մենք ենք սահմանախախտը, իսկ Ադրբեջանն իր տարածքային ամբողջականությունն է վերականգնում։ 1946 թ.-ից հետո ստեղծված որեւէ պետություն դեռ չի վերացել քարտեզի վրայից, որքան ես հիշում եմ։ Վերացել են որոշ կայսրություններ ու բազմազգ պետություններ, դրանք էլ վերացել են, որովհետեւ տրոհվել են, ոչ թե անեքսիայի ենթարկվել։ Այնպես որ, Ադրբեջանում ու Թուրքիայում, կարծում եմ, հասկանում են Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ որեւէ ոտնձգության խիստ վտանգավորությունը։ Բացի այդ, մեր անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը երաշխավորված են ոչ միայն տարածքային ամբողջականության սկզբունքին միջազգային հանրության սկզբունքային նվիրվածությամբ, այլ նաեւ ՀԱՊԿ-ով ու հայ-ռուսական փոխադարձ անվտանգության պայմանագրով։ Ես գիտեմ, իհարկե, որ Հայաստանում այդ անվտանգային համակարգին հղումներ անելը խիստ բացասական ու հոռետեսական հակազդեցության է արժանանում մարդկանց մի զգալի մասի կողմից, քանի որ նրանք համարում են, որ անցյալ տարվա պատերազմն ապացուցել է այդ անվտանգային համակարգի սնանկությունը։ Անցյալ տարվա պատերազմը ոչ մի նման բան չի ապացուցել։ Այն, որ Ռուսաստանը չպաշտպանեց 1994թ.-ի զինադադարով ստեղծված ստատուս քվոն, որեւէ կերպ չի ապացուցում, որ Ռուսաստանը նաեւ չի պաշտպանի Հայաստանին, եթե վերջինս ագրեսիայի թիրախ դառնա։ Իսկ Թուրքիայում ու Ադրբեջանում դա շատ լավ հասկանում են։ Հետեւաբար, խորհուրդ եմ տալիս պանիկայի մեջ չընկնել Զանգեզուրի ու Երեւանի` պատմական ադրբեջանական տարածքներ լինելու մասին Ալիեւի ցնդաբանությունների պատճառով։

– Ալիեւի կողմից իր եւ ՌԴ նախագահի հեռախոսազրույցի գաղտնալսման հրապարակումը՝ «Իսկանդեր Մ»-ի թեմայով եւ, առհասարակ, վերջին շրջանում Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձություններն՝ ընդդեմ ռուս խաղաղապահների, վկայում են ռուս-ադրբեջանական հարաբերություններում լարվածության աճի մասին: Հայաստանյան տարբեր շրջանակներ, այդ թվում նաեւ իշխանական, կարծես խրախուսում են այդ գործընթացները: Միաժամանակ, Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում Ալիեւը նաեւ հստակ հասկացրեց, որ ԱՀ-ն ամբողջությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ է՝ սեփական քաղաքացիներ անվանելով այնտեղ բնակվողներին: Միաժամանակ, 44-օրյա պատերազմից հետո, Հայաստանը, կամա թե ակամա, ամբողջապես հայտնվել է ՌԴ-ի «տիրապետության» տակ: Էլ ի՞նչ սեւ ամպեր են պտտվում Հայաստանի եւ հայաստանցիների գլխին՝ ըստ Ձեզ:

– Արցախն, իհարկե, ամբողջությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ չի։ Բայց մեր վերահսկողության տակ էլ չի այլեւս։ Արցախը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ է, ու դժվար է ասել, թե ինչ է լինելու Արցախի ապագան։ Ի՞նչ ուրիշ սեւ ամպեր են կուտակվում Հայաստանի ու հայաստանցիների գլխին։ Գուցե այն, ինչ պետք է ասեմ, շատերին տարօրինակ թվա, բայց ես բավականին մտահոգ եմ Արեւմուտքում, մասնավորապես ԱՄՆ-ում վերջերս ուրվագծվող պրոհայկական տրամադրություններից։ Մասնավորապես, հեղինակավոր National Interest պարբերականում վերջերս հոդված էր լույս տեսել, որտեղ կոչ էր արվում Կոսովոյի մոդելը կիրառել Արցախի նկատմամբ։ Կոչ էր արվում նաեւ Արցախում մշտական ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչություն հաստատել։ Հեղինակն էլ Վաշինգտոնում պատահական մարդ չէ։ Հիմա, կարող են ինձ ասել, որ տասնամյակներ շարունակ հենց դա է եղել մեր հույսը, կարող են ինձ հիշեցնել, որ ես ժամանակին փոխզիջումների կողմնակից եմ եղել ու պնդել, որ չի կարելի Արցախի դե յուրե անկախությունը մեր մինիմալ պահանջը դարձնել բանակցություններում, որովհետեւ դա որեւէ աջակցություն չունի։ Հիմա եթե նման աջակցության հեռանկար է ուրվագծվում, ի՞նչը կարող է մտահոգության պատճառ լինել ինձ համար։ Իմ մտահոգության պատճառն այն է, որ դա հավանաբար տեղի է ունենում Հայաստանում առկա հակառուսական տրամադրությունների ֆոնի վրա ու այդ տրամադրությունները շահագործելու մտադրությամբ։ Դա պարզապես ուժեղացնելու է այն ուժերի դիրքերը, որոնք քարոզում են արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն։ Ինձ կարող են հարցնել, իհարկե, թե ի՞նչն է այստեղ խնդիրը։ Եթե մեզ ավելի լավ պայմաններ են առաջարկում ու եթե նույնիսկ հեռանկար կա Արցախը ճանաչելու, ինչո՞ւ չփոխել վեկտորը։ Ես կարծում եմ, որ դա շատ վտանգավոր է, նախ՝ որովհետեւ ես չեմ կարծում, որ Արցախի ճանաչման հեռանկարն իրականում շատ լուրջ է, երկրորդ, որովհետեւ դա Հայաստանի համար հղի է բավականին լուրջ վտանգներով, եթե դա արվում է Ռուսաստանի հետ մրցակցության կոնտեքստում։ Ես վստահ չեմ, որ Արեւմուտքում պատրաստ են Հայաստանին պաշտպանելու, եթե այդ վտանգներն իրականություն դառնան։

– Հավանական համարո՞ւմ եք ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի կնքումը, ինչի մասին դարձյալ Ալիեւն է խոսում եւ, ինչը հայաստանյան պաշտոնական խողովակներով, համենայնդեպս, արձագանք չի ստանում: Ի՞նչ տեսք կարող է այն ունենալ՝ ստեղծված իրավիճակում:

– Միջանկյալ ինչ-որ համաձայնագրի կնքումը հնարավոր համարում եմ, եթե նույնիսկ չգիտեմ, թե դրա հավանականությունը որքան բարձր է այս պահին։ Համապարփակ խաղաղության համաձայնագիր երկու երկրների միջեւ կարող է կնքվել կամ եթե մենք հրաժարվենք Ադրբեջանից դուրս Արցախի կարգավիճակի վերաբերյալ մեր պնդումներից, կամ եթե Ադրբեջանը համաձայնի ճանաչել Արցախի անկախությունը։ Դա այսօր դժվար է պատկերացնել։

– ԵԱՀԿ Մինսկի խումբն անելիք ունի՞: Ո՞րն է այն, երբ պաշտոնական Երեւանում տեղի ունեցածի մեղքը բարդում են նաեւ Մինսկի խմբի անգործության վրա, Բաքվում՝ պատերազմի առաջին օրերից մերժեցին առաքելությանն ընդունել։

– Եթե Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները շարունակվելու են, իսկ Արցախի կարգավիճակի հարցը դեռ լուծված չէ, ապա դրանք ամենայն հավանականությամբ տեղի են ունենալու Մինսկի խմբի ձեւաչափով։ Բայց, իհարկե, պատմությունը ցույց է տվել, որ եթե մենք ու ադրբեջանցիները լուրջ չենք տրամադրված լուծում գտնելու հարցում, ապա Մինսկի խումբը մեզ դա չի պարտադրելու։

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Զրույցի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հատվածը՝ հաջորդ համարում

«Առավոտ» օրաթերթ
23.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. simon says:

    National Interest very pro-Kremlin sours I think ,so untrustable

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930