Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ԱԳ նախարար. «Մենք տեսնում ենք՝ ինչ վտանգված է հայոց պետականությունը Ղարաբաղյան պատերազմից հետո». «Հայկական ժամանակ»

Ապրիլ 23,2021 09:00

 Հատված Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանի հարցազրույցից:

Լուրեր են տարածել ադրբեջանական կողմից՝ իբր հայկական կողմը սադրանքներ է իրականացրել, գնդակոծել իրենց դիրքերը: Ինչպե՞ս կարող են զարգանալ իրադարձությունները Սյունիքում՝ մանավանդ որ խոսում են 101 տարի անց Զանգեզուր վերադառնալու մասին եւ այլն:

– Իհարկե իրենք սուտ են ասում, սա միանշանակ հայկական կողմից սադրանք չէր կարող լինել: Սակայն ես ուզում եմ խոսել այլ բանի մասին. դժբախտաբար մենք մեր պատմությունը լավ չգիտենք եւ սա ողբերգություն է մեզ համար: Սյունիքն ու Արցախն են ողնաշարը հայոց պետականության: Եվ այդ ողնաշարի խարխլումը, թուլացումը իհարկե ազդեցություն է ունենալու ողջ հայության վրա: Ադրբեջանը, դժբախտաբար, դա շատ լավ գիտի, իրենք մեր պատմությունը ավելի լավ են ուսումնասիրել, քան մենք ինքներս: Էլ չեմ ասում, որ պետք է շատ լավ ուսումնասիրենք նաեւ Ադրբեջանի պատմությունը: Դրա համար Սյունիքն ու Արցախը իրենց համար այն բանալին է, այն միջոցն է՝ ոչնչացնելու հայոց պետականությունը: Հիմա մենք տեսնում ենք ինչ վտանգված է հայոց պետականությունը Ղարաբաղյան պատերազմից հետո:

– Ի՞նչ կերպ է պետք օգտագործել պատմության իմացությունը: Ի՞նչ պետք է փոխել մեր գործողություններում:

– Իմանալը շատ բան է փոխում՝ առաջին հերթին վերաբերմունք: Ռազմավարություն պետք է փոխենք, մտածելակերպ պետք է փոխենք: Հիշո՞ւմ եք, մարդիկ կային, ովքեր ասում էին՝ Արցախը բեռ է հայոց պետականության համար: Այդպիսի մարդիկ էլ կան: Հիմա տեսնո՞ւմ եք ինչ է տեղի ունենում, երբ որ Արցախը այս վիճակում է: Տեսնո՞ւմ եք ինչպիսի վտանգ է մայր Հայաստանին սպառնում. վտանգ, որը չկար 30 տարի, երբ որ Արցախը եղել է այլ կարգավիճակում: Հիմա ո՞ւր են այդ մարդիկ, ինչո՞ւ են պապանձվել, դե թող կանգնեն եւ ասեն՝ բե՞ռ է, թե վահան Արցախը՝ Հայոց պետականության համար:

Խնդիրը մատաղ սերնդի դաստիարակության մեջ է. պետք է դաստիարակել հայրենասեր, չեմ ասում նացիոնալիստական, երեխաներ: Մենք չպետք է մոռանանք մեր պատմությունը, որովհետեւ անցյալն ազդում է ներկայի վրա, եթե ներկայում մենք մոռանում ենք անցյալը, մենք վտանգում ենք ապագան. այդ շղթան պետք է պահպանվի: Մենք պիտի նորմալ երկիր կառուցենք, պրոֆեսիոնալիզմը, սոցիալական արդարությունը, հայրենասիրությունը պետք է լինեն ազգային արժեքներ:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930