Վերջին մի քանի շաբաթների ընթացքում լրատվամիջոցներում ի հայտ են գալիս ինձ համար բացարձակապես անծանոթ գործիչներ, որոնք ներկայանում են որպես այս կամ այն կուսակցության ղեկավարներ: Մենք նաեւ տեղեկատվություն ենք հրապարակում այդ կուսակցությունների համագումարների մասին:
Իհարկե, մեր քաղաքացիների իրավունքն է քաղաքական միավորներ ստեղծելը, եւ ես այստեղ ինքնին որեւէ բացասական բան չեմ ստեղծում. եթե մարդիկ գաղափարական ընդհանրություններ ունեն, ապա թող հավաքվեն եւ հայտարարեն իրենց հայացքների, իրենց տեսլականի մասին, անգամ, եթե կուսակցության անդամներին կարելի է մատների վրա հաշվել:
Միակ կասկածելի հանգամանքն այստեղ այն է, որ այդ կուսակցություններն ի հայտ են գալիս (կամ որոշ դեպքերում՝ «վերակենդանանում են») ընտրություններից մի քանի շաբաթ առաջ: Եկեք անկեղծ լինենք՝ այս կարճ ժամանակահատվածում շատ քիչ է հավանականությունը, որ նրանք ձեռք կբերեն կողմնակիցների այնպիսի մի զանգված, որը նրանց հնարավորություն կտա հավաքել անհրաժեշտ ձայներ եւ հաղթահարել անցողիկ շեմը: Հետեւաբար, պետք է ենթադրել, որ նրանք հետապնդում են այլ նպատակներ: Փորձեմ դասակարգել այդ նպատակները:
1/ Կարող են լինել համախոհների խմբեր, որոնք թեեւ հասկանում են, որ այս ընտրություններում շանսեր չունեն, սակայն գիտակցում են նաեւ, որ նախընտրական արշավը լավ հնարավորություն է՝ սեփական հայացքների մասին հայտնելու, հեռուստացույցով կամ համացանցով երեւալու՝ գուցե հետագայում քաղաքական գործունեություն ծավալելու նպատակով: Նորմալ երեւույթ է, մարդիկ քաղաքական հայտ են ներկայացնում:
Կարդացեք նաև
2/ Այս կամ այն մեծահարուստը որոշել է մարդկանց ինչ-որ մի խումբ ֆինանսավորել՝ այդպիսով բավարարելով սեփական հավակնությունները, գուցե նաեւ՝ կյանքի կոչելով մանկության չիրականացված երազանքները: Համապատասխան մարդիկ էլ համոզել են այդ մեծահարուստին, թե իրենք նշանավոր քաղաքական գործիչներ են, եւ հենց որ ընտրողը տեսնի նրանց դեմքերը եւ լսի նրանց ճառերը, միանգամից կընկնի քաղաքական տրանսի մեջ եւ կապահովի այդ կուսակցության 50+ տոկոսը: Բնականաբար, դա տեղի չի ունենա, բայց այս մի քանի շաբաթների ընթացքում մարդիկ աշխատանք կունենան: Անվանենք սա «ժամանակավոր զբաղվածություն»:
3/ Վերջապես կարող են լինել նաեւ «սփոյլերներ»՝ ուժեր, որոնք ներդրվում են այս կամ այն հիմնական մասնակցի կողմից երկու նպատակներով: Նախ՝ պակասեցնել մրցակցի ձայները՝ մրցակցի ընտրազանգվածի համար «յուրային» ձեւանալով (այնպես, ինչպես որ 1996 թվականի ՌԴ նախագահական ընտրություններում Լեբեդը «իր վրա էր քաշել» կոմունիստ Զյուգանովի ձայների մի մասը): Երկրորդ նպատակն է՝ բազմապատկել այս կամ այն կողմի քարոզչությունը: Ենթադրենք, իշխանության կողմից ներդրվում են ուժեր, որոնք «ապացուցում են», որ պատերազմում պարտության համար Փաշինյանը ոչ մի մեղք չունի, եւ մեղավոր են «նախկիններն» ու գեներալները: Իսկ ընդդիմության կողմից ներմուծվում են ընտրարշավի մասնակիցներ, որոնք վարչապետին «դավաճան» եւ «կապիտուլյանտ» են անվանում: Այս դեպքում էլ «սփոյլերների» համար դա կլինի «սեզոնային աշխատանք»:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ