Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 14-ին ԱԺ նիստում խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի խնդրանքով պատասխանեց հարցին՝ «թուրքերը մեր թշնամի՞ն են, թե՝ ոչ»։ «Իրենք էլ մեզ են թշնամի համարում։ Հարցն ուրիշ տեղում է՝ այս թշնամության հետ ի՞նչ ենք անելու։ Ինչքա՞ն ենք էսկալացնելու թշնամությունը… խնդիր ենք դնում, որ մենք իրենց ոչնչացնենք, իրենք էլ՝ մե՞զ։ Ոչ, կարծում եմ՝ նման խնդիր չպետք է ձեւակերպենք։ Բայց իրենք էլ չպետք է ձեւակերպեն նման խնդիր։ Մենք չենք կարող միակողմանիորեն որոշել, որ իրենք թշնամի չեն»,-մասնավորապես ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Առավոտը» ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հայկական հարցի եւ հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմաբան Արմեն Մարուքյանից հետաքրքրվեց՝ նման ձեւակերպումներով, իր գնահատմամբ, ի՞նչ ակնարկ է հանրայնացվում եւ որքանո՞վ է այն համահունչ պաշտոնական Անկարայի այսօրվա դիրքորոշումներին։ Արմեն Մարուքյանը նախ նշեց. «Եթե դու որեւէ մեկին թշնամի չես համարում, բայց նա շարունակում է քեզ թշնամի համարել, քո չհամարելը ոչինչ չի նշանակում։ Հակառակը՝ քեզ թշնամի համարողը քո նման հայտարարությունը դիտարկում է որպես թուլության, թուլամորթության դրսեւորում եւ ավելի ագրեսիվ կեցվածք է որդեգրում քո հանդեպ։ Ընդ որում, սա վերաբերում է ոչ միայն Թուրքիային, այլեւ Ադրբեջանին։ Նման կրավորական արտահայտություններ այդ երկու երկրների ուղղությամբ էլ թույլ են տրվել»։
Մեր զրուցակցի բնորոշմամբ. «Նախ, պետք է հետեւել՝ այդ երկու երկրների բառապաշարում փոփոխություն կատարվո՞ւմ է, թե՝ ոչ։ Որեւէ թուրք պաշտոնյա հայտարարե՞լ է, որ Թուրքիան հրաժարվել է նախապայմաններից։ Կարծում եմ՝ ճիշտ հակառակը։ Ավելի են կոշտացրել մոտեցումը՝ ցեղասպանությունից հրաժարում, Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջներից հրաժարում, այսինքն՝ մեր հայրենիքի հանդեպ իրավունքներից եւ այլն։ Սրանք երբեւէ Թուրքիայի օրակարգից դուրս չեկած հարցեր են։ Անգամ ցյուրիխյան արձանագրությունների ժամանակ էին սրանք օրակարգում։ Ի՞նչ է, մեզ դաս չեղա՞վ դա, որ հենց Թուրքիան տապալեց գործընթացը՝ նախապայմանները մեջտեղ բերելով։ Այնպես որ, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող»։ Թե ինչ նպատակով են հայաստանյան իշխանությունները հետպատերազմյան շրջանում նման հայտարարություններ անում, Արմեն Մարուքյանը նշեց՝ գուցե կարճաժամկետ օգուտներ են ցանկանում քաշել կոմունիկացիաների հարցում. «Սակայն եթե դա կարող է կարճաժամկետ արդյունք տալ, ապա միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում կբերի ՀՀ տնտեսության կոլապսի եւ թուրքական կապիտալի կողմից Հայաստանի տնտեսական կլանմանը կարող է հանգեցնել, ինչը մենք տեսնում ենք Աջարիայի օրինակով։ Վտանգները պետք է հաշվի առնենք»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
23.04.2021