Հեղափոխական իշխանությունը պետական գնումներում գրեթե նույն վարքագիծն է դրսեւորում, ինչ նախկինները, եւ ոչ մրցակցային գնումների մասնաբաժինն ընդհանուր գնումներում քիչ չէ։
Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնը մշտադիտարկել է 2018-2020 թվականների գնումները։ Ըստ այս ուսումնասիրության, 2020 թվականին ոչ մրցակցային գնումներն անցած երկու տարվա համեմատ բավականին ավելացել են։
Օրինակ՝ 2018 թվականին ոչ մրցակցային գնումների պայմանագրերի քանակը կազմել 5820 հատ, 2019-ին՝ 6598 հատ, իսկ 2020 թվականին 6918 անգամ ոչ մրցակցային գնում է կատարվել։
Եւ եթե այլընտրանքի բացակայության պարագայում ոչ մրցակցային գնում կատարելը արդարացված է, օրինակ՝ գազ կամ էլեկտրաէներգիա ձեռքբերելը, ապա այլընտրանքի առկայության դեպքում ոչ մրցակցային գնումները, մեղմ ասած, կասկածելի են։
Ըստ ՀԿ-ի ուսումնասիրության, 2020 թվականին այլընտրանքի առկայության պարագայում ոչ մրցակցային եղանակով իրականացված գնումները արժեքային արտահայտմամբ կազմում են ընդհանուր ոչ մրցակցային գնումների շուրջ 10%-ը կամ ընդհանուր գնումների 5%-ը, այլընտրանքի առկայության պարագայում ոչ մրցակցային եղանակով 2020-ին կնքվել է մոտ 406 պայմանագրեր, որի արդյունքում գեներացվել է շուրջ 11,5 մլրդ դրամի պարտավորություն։
Կարդացեք նաև
Եւ ոչ մրցակցային այս գնումներին մասնակցել է բոլոր ժամանակների իշխանությունների «սիրելի» գործարար Սամվել Ալեքսանյանի կինը։
ՀԿ-ի հետազոտության համաձայն, պետական գնումներում այլընտրանքի առկայության պարագայում ոչ մրցակցային հիմքով ծախսային ենթաուղղություններից է անշարժ գույքի եւ սարքավորումների ձեռքբերումը։ Այս գնումներին մասնակցել է գործարար Սամվել Ալեքսանյանի կինը՝ Շողերինա Մկրտչյանը։ ՀԿ-ի՝ մեզ տրամադրած որոշ տվյալներից պարզ է դառնում, որ ՊԵԿ-ը տիկին Մկրտչյանից տարածք է վարձակալում դեռեւս 2012 թվականից, համագործակցությունը շարունակվել է մինչեւ 2020 թվականը։ Այս տարվա մասին դեռեւս թարմ տվյալներ չկան։
2012 թվականից սկսած ՊԵԿ-ը, ըստ Շողերինա Մկրտչյանի հետ կնքած պայմանագրի, տարածքի (տարածքի սեփանակատերը Շողերինա Մկրտչյանն է) վարձակալության համար ամսական վճարել է 6,9 միլիոն դրամ։ Տարածքը գտնվում է Արշակունյաց պողոտա 127/21 հասցեում, այս նույն հասցեում է գործում «Նորագավիթ» ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների մաքսատունը։ 4561.0 հեկտար, 24.0 եւ 36.5 հեկտար տարածքների վարձակալության պայմանագիրը կնքվել է 12.05. 2012-ին, հինգ տարի ժամկետով։ Այս պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 55 միլիոն 200 հազար դրամ։
Այնուհետեւ 2015 թվականին այդ տարածքի վերաբերյալ կողմերի միջեւ համաձայնագիր է կնքվել, եւ պայմանագրում թեթեւ փոփոխություն կատարվել՝ տարածքի մակերես է նշվել 4332.08 հեկտար, վարձակալության ամսական գումարը 6,9 միլիոնից դարձել է 6 միլիոն 558 հազար 250 դրամ, պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 53 միլիոն 791 հազար 250 դրամ։
Ապա 2017 թվականի մայիսին կրկին համաձայնագիր է կնքվել Շողերինա Մկրտչյանի եւ ՊԵԿ-ի միջեւ, եւ կրկին պայմանագրում փոփոխություն կատարվել, այս անգամ նշված տարածքի ամսական վարձավճարը 6,9 միլիոն դրամից դարձել է 3 միլիոն դրամ, պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 12 միլիոն դրամ։
Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյանն Aravot.am-ի հետ զրույցում նշում է՝ սա միակ ոչ մրցակցային պետական գնումը չէ, էլի կան։ Ինչ վերաբերում է կոնկրետ այս տարածքի վարձակալությանը, ապա տիկին Բուռնազյանն ասում է. «Եթե տարիներ շարունակ նույն անձից նույն տարածքը պետական կառույցը վարձակալում է եւ որոշակի գումար է ծախսում, ապա այս դեպքում կարելի է նշել, որ արդյունավետ ծախս կարող է լինել վարձակալության փոխարեն տարածք գնելը կամ կառուցելը»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.04.2021