Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ դատական դեպարտամենտին էլ են դատի տալիս

Ապրիլ 23,2021 14:00

«Երբ պետությունն անլուրջ է: ԻՐՏԵԿ-ից այսօր տեղեկացա, որ 08/04/2021թ.-ին ԲԴԽ նախագահը ընդունել է թիվ ԲԴԽ-21-Ո-29 որոշումը, ըստ որի որոշել է «Գ ընդ Հ Պարտներս» ՍՊԸ-ի նկատմամբ ունեցած պարտավորությունը մարելու նպատակով տրամադրել 17.465.002 ՀՀ դրամ (թիվ ԵԿԴ/1867/02/14 քաղաքացիական գործ):

Այս ընկերությունը ժամանակին թարգմանչական ծառայություններ է մատուցել ՀՀ դատական դեպարտամենտին՝ 14.493.290 ՀՀ դրամի չափով եւ երբ պահանջել է, որ իր մատուցած ծառայությունների գումարը վճարեն (թե ի՞նչ թարգմանություն է եղել, պետք է որ հետաքրքրի լրագրողներին): Ուշադրություն. Դատական դեպարտամենտը պատասխանել է, որ ընկերության պահանջը ներառված չէ իրեն հատկացված ֆինանսական միջոցներում, ուստի պարտքը չի կարող վճարվել:

Եվ այսպես, այս ընկերությունը դիմել է դատարան՝ ընդդեմ ՀՀ դատական դեպարտամենտի՝ գումարի բռնագանձման պահանջով: Բնականաբար, հաշվել է նաեւ օրինական տուժանքը, որի արդյունքում հարկատուները ՀՀ դատական դեպարտամենտի «քցելու փորձի» համար ավելի են վճարել մոտ 3.000.000 դրամ:

Ահա այսպես էլ վստահում ենք մեր պետությանն ու դատական համակարգին»,-ՖԲ սոցիալական ցանցում երեկ նման գրառում էր տարածել ճանաչված փաստաբան Գեւորգ Գյոզալյանը:

Նրա գրառումն էլ առիթ դարձավ, որպեսզի հիշեմ, թե ինչ դատական գործընթացների մեջ ներքաշվեց ՀՀ դատական դեպարտամենտը, եւ առհասարակ, ինչի համար են դատի տալիս Դատական դեպարտամենտին:

Երկու տարի առաջ հումորով վերաբերվեցի, երբ տեղեկացա, որ Դատական դեպարտամենտին դատի է տվել «Դերձակ» ՍՊ ընկերությունը: Պահանջը հետեւյալն էր՝ ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձի որոշումն անվավեր ճանաչելու եւ «Դերձակին» հնարավորություն տալու գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցներին ցուցակից հանել:

«Դերձակ» անունը հուշեց, որ ընկերությունը տասը չափել, մի անգամ կտրել էր «Դատդեպի» հետ պայմանագրային հարաբերությունների թելը:

Այս ընկերության անունը կապվում է նախկին պատգամավոր Գագիկ Կոստանդյանի հետ, ընկերության սեփականատեր եւ հիմնադիրն էր նրա հարսը, իսկ պայմանագրերը կնքում էր կինը: Ընկերությունը պետական մարմիններին՝ ԱԱԾ, ոստիկանություն, ԱԻՆ, դատական համակարգ, քննչական, ՊԵԿ՝ հանդերձանք, պատմուճան էր մատակարարում (հիշեցի, որ 2012-2013-ին դատավոր Գրիշա Մելիք Սարգսյանի դուստրն էր «Պահապան» ՍՊԸ-ով մատակարարում պատմուճանները, իսկ ՍԴ դատավորներին էլ՝ «Շշուկ» արտասովոր անունով ընկերությունը):
Դատական դեպարտամենտը, որն այսօր էլ դատական գործընթացի մեջ է «Դերձակի» հետ, գտնում է, որ ընկերությունն է խախտել պայմանագրային պարտավորությունները եւ ժամանակին չի մատակարարել ապրանքը:

Գործն առաջին անգամ վարույթ ընդունելով՝ դատարանն արձանագրել էր. «Միակ տարբերությունը ՀՀ դատական դեպարտամենտի կարգավիճակի մեջ է, որը իքս-քաղաքացիական գործով հանդես է գալիս որպես երրորդ անձ, իսկ սույն գործով ներկայացված հայցադիմումում նշված է՝ որպես պատասխանող»:

Գործը հասել էր «դիվանբաշուն»՝ ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/0407/02/11 որոշման վերծանում, երբ ըստ Վճռաբեկ դատարանի՝ «նույն անձինք» արտահայտությունը մեկնաբանվել է որպես քաղաքացիական վարույթում հակադիր շահերով օժտված անձինք: Վճռաբեկ դատարանը զարգացրել էր իր մեկնաբանությունը՝ արձանագրելով. «Նույն անձինք» արտահայտության մեկնաբանությունը չի կարող սահմանափակվել միայն դատավարության կողմերով եւ պետք է ներառի նաեւ երրորդ անձանց, իսկ որպես ուղղորդող չափանիշ պետք է դիտարկվի հակադիր շահերի առկայությունը գործին մասնակցող անձանց միջեւ: Նման մեկնաբանությունն արդարացված է, քանի որ դատական պրակտիկայում հանդիպում են իրավիճակներ, երբ վեճի կողմերը, ցանկանալով վերաբացել նախկինում քննված գործը, ձեւականորեն փոփոխում են քաղաքացիական դատավարության մասնակիցների դատավարական կարգավիճակը եւ նոր հայց հարուցում»: Տեղեկացնեմ, որ ապրիլի վերջին այս գործը դատաքննության փուլ է տեղափոխվել եւ լսվելու է:

Հայցադիմումը դատարան ներկայացնելու հետ միաժամանակ «Դերձակի» ներկայացուցիչը ներկայացրել է հայցի ապահովում ձեռնարկելու մասին միջնորդություն: Ներկայացուցիչը խնդրել է որպես հայցի ապահովման միջոց՝ արգելել Դատական դեպարտամենտին՝ «Դերձակ» ՍՊ ընկերության միջեւ կնքված պայմանագրի ապահովան գումարի պահանջ ներկայացնել ընկերության հաշիվները սպասարկող բանկին, արգելել պայմանագրի շրջանակներում կատարել որեւէ գործողություն:

Ապրիլի 23-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ.Գրիգորյանը նշանակել է ԳԱԱ «Փորձաքննությունների Ազգային Բյուրո» ՊՈԱԿ-ի ընդդեմ ՀՀ Դատական դեպարտամենտի, երրորդ անձ՝ ՀՀ ֆինանսների նախարարության` գումարի բռնագանձման պահանջի մասին գործով նախնական դատական նիստ: Հայցադիմումը վարույթ է ընդունվել այս տարվա փետրվարի 16-ին:
Դատարաններում առկա դեպարտամենտի դեմ դատական հայցերից մեկով էլ պարզվում է, որ աշխատակցին ծառայողական քննության եզրակացության հիմքով աշխատանքից ազատել են, կիրառել կարգապահական տույժ: Սովորաբար, աշխատակազմերի ուժը պատում է դատական նիստերի քարտուղարների վրա, որոնք փայլուն են իրականացնում իրենց իրավունքների պաշտպանությունը:

Այդ գործերով կա խնդիր. ընդհանուր իրավասության դատարա՞նն է լսելու, թե՞ վարչական դատարանը:

ՀՀ վճռաբեկ դատարանն այս կապակցությամբ ասել է իր վճռաբեկ խոսքը. «Օրենսդիրը հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը դիտարկում է որպես հանրային
իրավահարաբերություններից ծագող գործեր, որոնք ընդդատյա են ՀՀ վարչական դատարանին: Այսինքն, օրենսդրի մոտեցման համաձայն՝ հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու եւ ծառայությունից ազատելու հետ կապված վեճերի դեպքում առկա են իրավահարաբերությունը հանրային որակելու համար անհրաժեշտ վերոգրյալ պայմանները: Դատարանի դատական նիստերի քարտուղարի պաշտոնը ընդգրկվում է դատական ծառայության պաշտոնների անվանացանկում: Դատական ծառայությունը հանդիսանում է պետական ծառայության տեսակ: Պետական ծառայությունը հանդիսանում է հանրային ծառայության տեսակ: Հետեւաբար, հանրային ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը ընդդատյա են ՀՀ վարչական դատարանին, ուստի ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930