Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ բռնությունը չի վերածվի ֆիզիկականի

Ապրիլ 23,2021 13:00

37-ամյա Հ. Մ.-ն արդեն 6 տարի է՝ ամուսնալուծվել է եւ ապրում է Հունաստանում։ Պատմում է, որ նախկին ամուսինը գրեթե ամեն օր ծեծում էր իրեն։ Նա չէր կարողանում հեռանալ, քանի որ սպառնում էր զրկել կնոջը դստեր խնամակալությունից եւ ծեծում էր անգամ երեխայի աչքի առաջ։ Հ. Մ.-ի ծնողները Հայաստանում չէին ապրում, եւ ամուսինը վստահ էր, որ ինչ էլ անի՝ կինը իրեն չի լքի, քանի որ տեղ չունի գնալու։
«Տանը փակված էի երեխայիս հետ, ծնողներիս ոչինչ չէի ասում, մոտ ընկերներ էլ չունեի։ Բայց մի անգամ այլեւս չդիմացա, մորս պատմեցի։ Մայրս հորդորեց շտապ իրենց մոտ մեկնել»,-ասում է Հ. Մ. -ն։

Արդեն մի տարի է, ինչ Հ. Մ.-ն ամուսնացել է օտարերկրացու հետ։ Ասում է, որ դժվար է հաղթահարել իր հետ կատարվածը, սակայն ընտանիքն իրեն ամեն հարցում աջակցել է, իսկ ամուսինը շատ հոգատար եւ սիրալիր է իր եւ դստեր նկատմամբ։

Հայաստանում ընտանեկան բռնության ենթարկվածներից քչերն են դրա մասին բարձրաձայնում, չնայած նրան, որ տարեցտարի բռնության վերաբերյալ ահազանգերն աճում են։ Ոստիկանության տվյալներով՝ 2018 թվականին Հայաստանում քննվել է ընտանեկան բռնության 707 դեպք, 2019-ին՝ 485, իսկ 2020-ին՝ 540։ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ 2018 թվականի ընթացքում քննվել է ընտանիքում բռնության վերաբերյալ 519 քրեական գործ, 2019-ին՝ 635, 2020-ին՝ 730:

Ոստիկանությունից մեզ տեղեկացրին նաեւ, որ 2018 թվականին «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի ընդունումից հետո տարեցտարի արձանագրվել է ընտանիքում բռնության դեպքերի որոշակի աճ, ինչը պայմանավորված է ընտանիքում բռնության վերաբերյալ հանրային իրազեկվածության աստիճանի բարձրացմամբ։ Ներկայումս գրանցվում եւ հաշվառվում են ընտանիքում բռնության բոլոր դեպքերը։

«Միաժամանակ, ընտանիքում բռնության կանխարգելման ոլորտում ոստիկանության կողմից իրականացված աշխատանքների արդյունքում հասարակության շրջանում բարձրացել է ոստիկանության հանդեպ վտահությունը։ Բացի այդ, ընտանիքում բռնության դեպքերով ոստիկանությանը վերապահված են պաշտպանության միջոցներ՝ նախազգուշացում եւ անհետաձգելի միջամտության որոշումներ կայացնելու գործառույթ։ Նախազգուշացումը կիրառվում է այն դեպքում, երբ ընտանիքում բռնության դեպքը ոստիկանությունը հայտնաբերել է առաջին անգամ, կատարված արարքը հանցակազմի հատկանիշներ առերեւույթ չի պարունակում եւ անհետաձգելի միջամտության հիմքերն առկա չեն։ Բռնության կրկնման կամ շարունակման դեպքերում ոստիկանության իրավասու ծառայողն անհապաղ կայացնում է անհետաձգելի միջամտության որոշում՝ կիրառելով օրենքով նախատեսված սահմանափակումներ»,- ասվում է ոստիկանության պատասխան գրության մեջ։
Ընտանեկան բռնության պատճառներից մեկն այն է, որ մինչեւ ֆիզիկական բռնություն տեղի չի ունենում, խնդրի գիտակցում չի լինում։ Իրավապաշտպան, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ Զարուհի Հովհաննիսյանն ասում է, որ հասարակությունն ավելի շատ ճանաչում է ֆիզիկական բռնությունը, երբ խոսք է լինում ընտանեկան բռնության մասին, միանգամից պատկերացնում են ֆիզիկական բռնության ենթարկված անձ։ Նույնն էլ զոհերի շրջանում է. մինչեւ ֆիզիկական բռնություն տեղի չի ունենում, այն կանխարգելելու գիտակցություն չկա, հասցնում են մինչեւ ֆիզիկական բռնության։

«Այս հանգամանքը վտանգի տակ է դնում նաեւ մարդկանց կյանքը եւ առողջությունը, որովհետեւ, եթե ժամանակին կանխարգելվեն այդ նախանշանները՝ հոգեբանական, տնտեսական բռնության, տարբեր կարիքների անտեսման, կանխարգելման հնարավորություն կստեղծվի, որպեսզի բռնությունը չվերածի ֆիզիկական բռնության»,- ասում է Զարուհի Հովհաննիսյանը։

Իրավապաշտպանը նշում է նաեւ, որ մարդիկ շատ հաճախ տեղյակ չեն աջակցության տեսակներից. խնդրի բարձրաձայնման դեպքում կլինե՞ն հատուկ կազմակերպություններ, կամ պետությունն ինչպե՞ս կարձագանքի այդ դեպքին, արդյոք արձագանքելուց հետո անձը կհայտնվի՞ անվտանգ իրավիճակում, թե՞ վտանգը կաճի։ Ըստ իրավապաշտպանի՝ ավելի շատ պետք է խոսվի աջակցության հնարավորությունների մասին, որպեսզի այդ մեխանիզմներից կոնկրետ անձինք կարողանան օգտվել։ Հատկապես այս համատեքստում ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար կարեւոր նշանակություն ունեն ապաստարանները։ Օրենքը սահմանում է, որ պետությունը պետք է նախաձեռնի ապաստարանների կառուցում, եւ դրանք պետք է լինեն պետական հովանու ներքո։

«Այդ ապաստարանները դեռեւս կառուցված չեն, եւ պետությունն ուղղակի օժանդակում է հասարակական կազմակերպություններին, որպեսզի նրանք կարողանան իրենց մեխանիզմներով օգնություն ցուցաբերել ընտանեկան բռնության զոհ դարձած անձանց։ Այսօր դա «Կանանց աջակցման կենտրոնն» է, որ ունի 2 ապաստարան եւ այդ ապաստարաններում հնարավոր է լինում պահպանել մարդկանց առողջությունը, կյանքը, մինչեւ որ վտանգի բարձր աստիճանը կնվազի»,-ասում է Հովհաննիսյանը։

«Կանանց աջակցման կենտրոն»-ի գործադիր տնօրեն Մարո Մաթոսյանը մեզ հետ զրույցում պատմում է, որ ընտանեկան բռնության կանխարգելման եւ բռնության ենթարկված անձանց աջակցելու համար կազմակերպությունն աշխատում է երեք ուղղությամբ։ Առաջին ուղղությունը աջակցումն է զոհին եւ իր երեխաներին, կարող է լինել սոցաշխատողի աշխատանքը, հոգեբանական խորհրդատվությունը։ Ունեն երկու ապաստարան բարդ դեպքերի համար՝ բռնության ենթարկվածը կարող է մնալ այստեղ երեխաների հետ, մինչեւ իրավիճակի հանգուցալուծումը։ Երկրորդ ուղղությունը իրազեկումն է՝ ե՛ւ հասարակության, ե՛ւ տարբեր խմբերի, սոցաշխատողների, ուսուցչական խմբի եւ ոստիկանության աշխատակիցների վերապատրաստումը։ Երրորդ ուղղությունը օրենքների բարելավումն է։

«Կանանց աջակցման կենտրոն»-ի տնօրենը նկատում է, որ վերջին շրջանում աճել է ապաստարաններում կանանց թիվը։
«2018 թվականին ապաստարանում գտնվել է 32 կին եւ 39 երեխա, 2019-ին՝ 45 կին եւ 56 երեխա, իսկ 2020-ին՝ 73 կին եւ 101 երեխա։ Սա չի կարող նշանակել, որ միայն բռնությունը շատացավ, այլ կարող է ցույց տալ, որ իրազեկումը կանանց շրջանում ավելի բարձրացավ, եւ իրենք ավելի վստահորեն սկսեցին դիմել կառույցներին աջակցություն ստանալու համար»,- ասում է նա:

Ըստ «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանի՝ բռնությունը առաջին հերթին կապված է բռնարարի մտածողության, աշխարհայացքի, բնավորության գծերի, դեպրեսիայի մակարդակի հետ եւ թե ինչ իրադրության մեջ նա կարող է գտնվել. երկարատեւ սթրեսները կարող են պատճառ դառնալ, որպեսզի մարդը բռնություն գործադրի։

Իսկ բռնությունը հաղթահարելու համար առաջինը պետք է զոհը պատկերացնի, որ դա նորմալ չէ։

«Նա պետք է հասկանա, որ ապրում է մի միջավայրում, որտեղ իրեն վնասում են ե՛ւ ֆիզիկապես, ե՛ւ հոգեբանորեն։ Եթե մարդը սա պատկերացնում է, ուղիներ է փնտրում դուրս գալու համար։ Այդ ուղիները տարբեր են լինում՝ ոստիկանություն դիմել, բարեկամների օգնությունը խնդրել, ամուսնալուծություն եւ այլն։ Այն ավելի անհատական կողմնորոշում ունի, այսինքն՝ որպեսզի մարդը դուրս գա այդ փակ շղթայից, նախ պետք է իր անձնային աճը ապահովի, կարողանա այնպիսի հարաբերություններ ստեղծել, որտեղ բռնարարն ուղղակի չի կարողանա իրեն բռնության ենթարկել, որը բավականին բարդ պրոցես է»,- ասում է հոգեբանը։

Զոհ եւ բռնարար շղթայի մեջ որոշակի կապ կա: Հոգեբանության մեջ ընդունված տեսակետ կա, որ զոհը փնտրում է ագրեսոր, իսկ ագրեսորը՝ զոհ։

«Զոհի կարգավիճակ ունեցող մարդիկ ասում են, որ իրենք ճար չունեին, ստիպված էին ապրում բռնարարի հետ։ Ավելի խորքային ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հնարավոր է՝ զոհն այլ կերպ ապրել ուղղակի չի պատկերացնում կամ չի ցանկանում։ Սակայն երբեք չի կարելի ասել, որ զոհը մեղավոր է իրեն բռնության ենթարկելու համար. գուցե նա նույնպես մանկության տարիներին մեծացել է այնպիսի միջավայրում, որտեղ սովորել է զոհ լինել կամ բռնության ենթարկվել»,- ասում է հոգեբանը։

Անի ԹԱՄՐԱԶՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930