Կամ՝ ինչպես վերապատրաստել սփյուռքահայ ուսուցիչներին
Կրթության ոլորտի խնդիրների բազմազանությունը թույլ է տալիս մտածել, որ պարզապես ուշադրության եւ հետեւողական աշխատանքի պակաս կա եւ ընդհանուր առմամբ ճիշտ չեն կանոնակարգվում աշխատանքների ընթացքը։ Կարեւոր խնդիր է նաեւ պարբերաբար վերապատրաստումները ոչ միայն հայաստանաբնակ ուսուցիչների, այլեւ նրանց, ովքեր դասավանդում են Արցախում եւ Սփյուռքում։
Օրեր առաջ մանկավարժ, կրթության փորձագետ Արսեն Վարդանյանն անցկացրել է վերապատրաստման դասընթաց Սփյուռքում բնակվող եւ դասավանդող ուսուցիչների համար։ Սեմինարի հիմնական թեմաներն էին` հայերենը որպես ազգային մտածողության հիմք եւ հայերենի դասավանդման մի քանի գործնական մեթոդներ ու հնարներ։ Արսեն Վարդանյանը կարեւոր շեշտադրում է անում` ասելով, որ հայապահպանության հիմքերից մեկը հայոց լեզվի արդյունավետ դասավանդումն է Սփյուռքի հայկական կրթօջախներում։ Այդ իսկ պատճառով կարեւոր է, որ Սփյուռքի համայնքներում հայերենը դասավանդվի պատշաճ մակարդակով։
«Իմ նպատակներից մեկի առաջին քայլն էլ հաջողվեց՝ վերապատրաստում սփյուռքահայ ուսուցիչների համար։ Իհարկե, ընդամենը մեկ հանդիպում էր, եւ դեռ վաղ է խոսել արդյունքի մասին, բայց, ինչպես ասում են, դժվարը սկիզբն է»,-ասում է Արսեն Վարդանյանը։
Դասընթացավարը գրեթե մեկ տասնամյակ հայոց լեզու եւ գրականություն է դասավանդում թե՛ հայաստանաբնակ, թե՛ սփյուռքահայ, թե՛ արտասահմանցի սովորողներին։ Ինչպես նաեւ պարբերաբար վերապատրաստման դասընթացներ է կազմակերպում Արցախի եւ Հայաստանի ուսուցիչների համար՝ այսպիսով նաեւ փորձի փոխանակման լայն հարթակ ստեղծելով։
Կարդացեք նաև
Եզրափակելով մեզ հետ զրույցը՝ Արսեն Վարդանյանը նշեց, որ իր ամենօրյա ուշադրության առանցքում է կրթության ոլորտին առնչվող այն բոլոր խնդիրները, որոնք համախմբված ու միասնական աշխատանքի, փորձի փոխանակման եւ վերապատրաստումների միջոցով կարելի է որոշ չափով հարթել։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.04.2021