Լրահոս
Օրվա լրահոսը

Վաշինգտոն-Մոսկվա խայթոցներ՝ արցախյան ճակատում

Ապրիլ 23,2021 12:00

ՌԴ-ԱՄՆ դիմակայությունը չպետք է անդրադառնա ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վրա

Ռուսաստան-Արեւմուտք դիմակայությունը գագաթնակետին է հասել: Ամենօրյա ռեժիմով արեւմտյան տարբեր երկրներից հնչում են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտության մասին հայտարարություններ, տարբեր երկրների պաշտոնյաներ խոսում են ռուսական սաստկացող սպառնալիքի մասին:

ԵԱՀԿ Մինսկի խումբն այն բացառիկ հարթակներից մեկ էր մնացել, որտեղ չնայած Ռուսաստան-Արեւմուտք լարված հարաբերություններին՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի ներկայացուցիչները հանդես էին գալիս միասնական տեսակետով:

Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը վերականգնելու ուղղությամբ սկսել են քայլեր իրականացվել, օրերս ԵԱՀԿ ՄԽ-ն հանդես եկավ համատեղ հայտարարությամբ: Չնայած սպասված համատեղ հայտարարությանը, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ, կարելի է ասել, ակտիվ դերում հանդես է գալիս ՌԴ-ն: Իհարկե, այդ ակտիվությունը մշտապես վերջին տարիներին արտահայտվել է, ՌԴ նախագահները հանդես են եկել նախաձեռնողականությամբ ու նույնիսկ հնչել են կարծիքներ, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն էլ գիտակցում են, որ այս տարածաշրջանում օրինաչափ է, որ ՌԴ-ն պետք է այս հակամարտության կարգավորման հարցում լինի առավել ակտիվ, շահագրգիռ պետություն:

2020թ. սեպտեմբերին բռնկված պատերազմից, ապա նոյեմբերին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո էլ ավելի են սրվել Ռուսաստան-Արեւմուտք փոխհարաբերությունները: ԼՂ հարցում էլ դիվանագետները որոշ հայտարարություններով սկսել են, կարծես, Ռուսաստանի միջնորդական առանձին ջանքերը ոչ այնքան անընդունելի համարել:

ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենթը առցանց սեմինարի ընթացքում վերջերս կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Հայաստանին եւ Ադրբեջանին հակամարտության կարգավորման հարցում, եթե Բաքուն եւ Երեւանը հետաքրքրված լինեն դրանով. «Այնքանով, որքանով Հայաստանը եւ Ադրբեջանը հավատարիմ են խաղաղ կարգավորմանն ու գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների լիազորություններն օգտագործելուն, Միացյալ Նահանգները պատրաստ եւ հավատարիմ է մնում երկու երկրներին օգնելու ճանապարհ գտնելուն», – ասել էր ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը, միաժամանակ հավելելով. «Ռուսաստանի մտադրությունը մեկ այլ բաց հարց է մնում…»: Նա ակնարկել է, թե Ռուսաստանը «որոշեց չհամաձայնեցնել հրադադարի պայմանները Մինսկի խմբի համանախագահների մեխանիզմի միջոցով», այլ «դա ուղղակիորեն ապահովեց եռակողմ ձեւաչափով»:

Ամերիկացի փորձառու դիվանագետ, ԵԱՀԿ ՄԽ-ի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդն էլ, The International Conflict Resolution Center-ի կայքում հրապարակած ծավալուն հոդվածում անդրադարձել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարմանը, ԼՂ հակամարտության կարգավորման առաքելությունը ստանձնած խմբի տարածաշրջանային ուղեւորություններին: «Բայց անկեղծ ասած՝ ձեռքբերումները շատ ու շատ քիչ էին», – խոստովանել էր ամերիկացի դիվանագետը եւ առանձնացրել ԵԱՀԿ-ի կողմից Մադրիդյան սկզբունքների մշակումը, որին էլ հաջորդել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի սեփական պլանը։ «Մեզ զգուշացրել էին, որ այն անվանեինք պարզապես «սեղանին գտնվող պլան», – գրել էր Հոգլանդը՝ հավելելով, «երբ պլանը մշակվեց, ես հարցրի իմ հրաշալի գործընկերոջը՝ ռուսաստանցի համանախագահ Պոպովին՝ իսկապե՞ս Կրեմլը կհամաձայնի այն իրականացնել, եթե Երեւանն ու Բաքուն փոխզիջումների գնան եւ ընդունեն պլանը։ Նրա անկեղծ պատասխանն այսպիսին էր՝ «իհարկե, ոչ»։ Այդ ժամանակ ես հասկացա, որ Ղարաբաղը պարզապես երկկողմ խնդիր չէ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այլ եռակողմ հարց, որում Ռուսաստանն առանցքային դերակատարություն ունի, հնարավոր է նաեւ՝ վճռորոշ»,- եզրակացրել էր նախկին համանախագահը` թվարկելով հետխորհրդային տարածքի մյուս հակամարտությունները՝ Աբխազիա, Հարավային Օսիա, Մերձդնեստր, Արեւելյան Ուկրաինա, որոնք կարգավորելու ամենահարմար թեկնածուն, ըստ Հոգլանդի, Ռուսաստանն է, որը, սակայն, նախընտրում է չանել դա՝ յուրաքանչյուր հակամարտությանը բնորոշ տարբեր պատճառներից ելնելով. «Ընդհանուր պատճառն այն է, որ հակամարտությունների կարգավորումը յուրաքանչյուր երկրի թույլ կտա բավականաչափ ազատ զգալ իրեն Մեծ Արջի որջը լքելու համար, այլ գործընկերներ եւ այլընտրանքային դաշինքներ գտնելու համար»։

«Միայն այն ժամանակ, երբ արդեն ակնհայտ էր, որ Ադրբեջանը կարող է գրավել իր ողջ տարածքը, Մոսկվան խառնվեց եւ կարգավորեց ստեղծված իրավիճակը», – գրել էր դիվանագետը՝ ընդգծելով ՌԴ-ի շահեկան դիրքը 44 -օրյա արյունահեղությունից հետո: «Մոսկվան այժմ իր զորքն ունի Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում՝ ամրապնդելով իր «ազդեցության հատուկ գոտին»,- փաստում է դիվանագետը: Ամփոփելով ծավալուն հոդվածը, Հոգլանդը կրկին հարց էր բարձրացրել՝ այս պայմաններում արդյոք ԵԱՀԿ Մինսկի խումբը որեւէ անելիք ունի՞։ Երեւանն ասում է՝ այո, Բաքուն՝ ոչ. Ռիչարդ Հոգլանդը կարծում է՝ ունի։ Ըստ նրա՝ միջնորդական խմբի մանդատին կարող է ավելանալ եւս մեկը՝ վերակառուցում. Բաքուն ու Երեւանն արդեն իսկ ընդունում են, որ տարածաշրջանի ենթակառուցվածքների վերակառուցման կարիք կա, կառույցը կարող է օգնել համակարգել միջազգային կառույցների կողմից ֆինանսավորումը, մշակել պլան եւ ֆինանսավորում գտնել Ղարաբաղի ռազմական գործողությունների գոտում զարգացում ապահովելու համար։ «Ակնհայտ է, որ դա հեշտ չի լինի, Իրանն ու Թուրքիան կցանկանան իրենց խոսքն ասել», – համոզմունք էր հայտնել Հոգլանդը եւ այսպես ամփոփել. «բայց եթե Մինսկի խումբը չվերանայի իր առաքելությունը, դժբախտաբար՝ կմնա հետնախորշ միջազգային դիվանագիտության մեջ»։

ՌԴ-ից անմիջապես արձագանքեցին Հոգլանդի հոդվածին: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել էր Tert.am-ի` Հոգլանդի հայտարարության վերաբերյալ հետեւյալ հատվածին, որում նա նշել էր, թե Պոպովն իրեն ասել է, որ նույնիսկ եթե հայկական եւ ադրբեջանական կողմերը համաձայնեն Ս. Լավրովի՝ ԼՂ-ի կարգավորման վերաբերյալ գաղափարների հետ, ռուսական կողմը չի համաձայնի դրանց իրականացմանը: «Բացարձակապես չի համապատասխանում: Ռուսաստանը միշտ պատրաստ է եղել կարգավորման այն տարբերակին, որին հավանություն կտան հակամարտության կողմերը: Այս մասին բազմիցս խոսել է Ռուսաստանի Դաշնության նախագահը: Այս դիրքորոշումը որոշիչ է Ռուսաստանի համանախագահության աշխատանքում: Թե ինչով է առաջնորդվել Ռ. Հոգլանդը, որը նման հայտարարություն է արել, չեմ պատրաստվում գուշակել: Ցանկանում եմ ընդգծել, որ կարգավորման առաջարկների փաթեթը, բացի Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հռչակագրից, ներառում էր նաեւ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի համատեղ հայտարարությունը դրան աջակցելու մասին: Այս երկու փաստաթղթերը, գումարած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը, որը հաստատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկությունների փաթեթը, կազմում էին այն ժամանակվա ռուսական առաջարկների էությունը, որոնց մասին մանրամասն տեղեկացված էին մյուս համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան եւ որին նրանք լիովին աջակցում էին»,-պատասխանել էր Զախարովան:

Ի դեպ, հիշեցնենք, որ ամերիկյան կողմն ամենեւին էլ առաջին անգամ չէ խոսում «Լավրովի պլանի» գոյության մասին: 2018թ. հոկտեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Ատլանտյան խորհուրդ» ամերիկյան վերլուծական կենտրոնի՝ «Սառեցված հակամարտություններ եւ Կրեմլի օրակարգը» թեմայով բանավեճի ընթացքում խոսել էր ԼՂ կարգավորման գործընթացում Վաշինգտոնի հետաքրքրությունների մասին եւ ուշագրավ գաղտնազերծում էր արել: Ուորլիքը նշել էր, որ ղարաբաղյան հակամարտության դեպքում Մոսկվան չունի հակամարտությունն ինքնուրույն լուծելու իրավունք։ Ի տարբերություն այլ հակամարտությունների՝ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը Ղարաբաղում ընդհանուր հետաքրքրություն ունեն՝ անկայուն իրավիճակն ու ռազմական գործողությունները չեն համապատասխանում երկրներից որեւէ մեկի շահերին. «Այն պլանը, որ պարոն Լավրովը ներկայացրեց, այնքան էլ տարբեր չէ կարգավորման այն տարբերակից, որ մենք կնստեինք ու կմշակեինք խաղաղության պայմանագրի համար»։

Այնուհետեւ 2019թ. փետրվարին դարձյալ Ռիչարդ Հոգլանդն էր «Ամերիկայի ձայն»-ին տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել «Լավրովի պլանին»՝ ներկայացնելով իր անձնական կարծիքը: «Մենք գիտենք, որ առկա է այն, ինչը Մինսկի գործընթացում անվանում են սեղանի վրա եղած ծրագիր: Դա, այսպես ասած, գաղտնաբառ է, որով մենք այժմ անվանում ենք շատ պարզ ծրագիր, որն անվանում են նաեւ «Լավրովի ծրագիր», որովհետեւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ով այս խնդրին չափազանց ուշադիր է հետեւում, գիտի խնդրի բոլոր մանրամասնությունները, հենց նա է այն անձը, ով գրել է այդ առաջարկությունները՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը մեկընդմիշտ կարգավորելու համար»:

Լրագրողի ճշգրտող հարցին՝ ինչո՞վ է «Լավրովի ծրագիրը» տարբերվում «Մադրիդյան սկզբունքներից», Հոգլանդը դեռ երկու տարի առաջ պարզաբանել էր. «Այն արմատապես չի տարբերվում, սակայն առաջարկում է հանրաքվե Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին, այդ թվում՝ եւ ներքին տեղահանվածներին, ովքեր այժմ Բաքվի շուրջ են բնակվում: Այս պահին երկու կողմերն էլ չեն ընդունել այդ ծրագիրը այն պատճառով, որ այդ հանրաքվեի ժամկետը սահմանված չէ: Դա մի հանրաքվե է, որը պետք է անցնի անորոշ ապագայում: Դա նշանակում է, որ կողմերին կպահանջվի որոշակի դիվանագիտական վստահություն, սակայն հենց հիմա Երեւանն ու Բաքուն ցանկանում են, որ սահմանված լինի հանրաքվեի ստույգ օրը»:

Ինչեւէ, «Լավրովյան պլանի» գոյության թեման արդեն այսօր հետաքրքրություն է ներկայացնում զուտ որպես ղարաբաղյան կարգավորման պատմություն: Հիմա առավել կարեւոր է հարցը, թե ԵԱՀԿ ՄԽ-ի հետագա գործունեության հարցում ինչ դիրքորոշում ունի պաշտոնական Մոսկվան: Անցյալ շաբաթ կրկին ՌԴ-ից դիրքորոշում հնչեց այս թեմայով: «Կոմերսանտ»-ին տված ծավալուն հարցազրույցում Ռուսաստանի նախկին փոխարտգործնախարար, Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինն ասել էր. «Կարծում եմ, որ նրանք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, կարող են օգտակար դեր խաղալ։ Այս «եռյակն» ունի փորձ եւ պատկառելի արտաքին աջակցություն։ Կարելի է վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների կանոնավոր հանդիպումների պրակտիկան, ինչը միջազգային մեծ արձագանք կստանա»:

Կարասինը նշանակալի արդյունք էր համարել այն, որ այսօր տարածաշրջանում հրադադարը վերահսկում են ռուս խաղաղապահները։ Նրա խոսքով, այսօր հարցերի հիմնական բլոկը կապված է հումանիտար խնդիրների լուծման հետ՝ ռազմագերիների փոխանակման ավարտի, զոհվածների մարմինների, փախստականների վերադարձի եւ նրանց բնակության համար պատշաճ պայմանների ստեղծման հետ: Պաշտոնական Մոսկվան պարբերաբար հայտարարում է, որ այսօր թիվ մեկ խնդիրը Ղարաբաղում կողմերի միջեւ վստահության հաստատումն է։ Գրիգորի Կարասինն ասում է հարցազրույցում, թե այս ուղղությամբ կոնկրետ քայլեր արդեն արվել են. «Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ շարունակվում է քաղաքական հարցերի քննարկումը, ընթանում է հանգուցալուծումների որոնում: Ակտիվորեն աշխատում է եռակողմ հանձնաժողովը փոխվարչապետների մակարդակով, որը քննարկում է տնտեսական, տրանսպորտային, լոգիստիկ խնդիրները»։

Մոսկվան, ըստ ամենայնի, դեմ չի լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը: Բացի ԼՂ-ին, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող հարցերից, որոնցում ռուսական կողմն առանց այն էլ ակտիվ ներգրավված է, Մոսկվայի համար սա մի առանձնահատուկ հարթակ է, որը արժեք է ներկայացնում արդեն ՌԴ-Արեւմուտք շփումների տեսանկյունից:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 22.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    …այս եռյակն ունի մեծ փորձ հակամարտությունը ձգձգելու,հայերի գլխի տակ ,,փափուկ բարձ,,դնելու,ադրբեջանին զինելու և պատերազմի պահին ինքնամեկուսանալու և ավարտից հետո վերակենդանալու,հակամարտության լուծման ,,իմիտացիա,,անելու ….

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930