Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջ սրան ասում էիք՝ «հանցավոր կապերով կոռուպցիայի մեջ թաթախվածներ», հիմա անունը ի՞նչ եք դնում

Ապրիլ 23,2021 15:00

Պատգամավորները հորդորում են Պապիկյանին ազնիվ լինել ու խոստովանել, որ ՀՀԿ-ին իրենց բաջանաղապետության համար իզուր են քննադատել

«Կառավարման համակարգը ինչպե՞ս է աշխատել մինչեւ հիմա՝ հորքուր, մորքուր, խնամի, ծանոթ, բարեկամ, ընտրությունների վստահված անձ, բոլորին բերել լցրել են, տեղավորել են պետական կառավարման համակարգ: Հիմա նման խնդիր չկա դրված»,- 2018-ի օգոստոսին այսպես էր հայտարարել նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Իսկ 2018-ի սեպտեմբերին՝ ԱԺ վերջին ընտրություններից առաջ Փաշինյանն ասել էր՝ «Հայաստանում վարչապետի քիպ, վարչապետենց քուչի լավ տղա, լավ տղու հետ օրթախ գործ ունենալու ինստիտուտներ չե՛ն լինելու, մոռացեք, քանի ես վարչապետ եմ՝ բաջանաղա-ախպերական… բանակում չծառայող բարձրաստիճան պաշտոնյայի բալա, այս ամեն ինչը չի լինելու ՀՀ-ում»:

Իսկ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը 2018-ին դժգոհում էր, որ նախկին իշխանությույնները խնամի-բարեկամներին գործի տեղավորելու ավանդույթ են ունեցել, իսկ ինքը այդ սկզբունքով չի առաջնորդվում:
Իշխանական աթոռներին 3 տարի նստելուց հետո, երբ ԱԺ-ում Կառավարության 2020 թվականի գործունեության կատարողականի քննարկման ժամանակ Պապիկյանին կոնկրետ օրինակներ բերեցին՝ ինչպես են իրենց ծանոթներին, ընկերներին, ընկերոջ ընկերներին բերել պետական կառավարման համակարգ, ուշագրավ պատասխան տվեց:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը հարց ուղղեց Պապիկյանին «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում կատարված նշանակումների վերաբերյալ, ասաց, որ այդ ՊՈԱԿ-ի որ աշխատակիցն ինչ բարեկամական-ընկերական կապ ունի ՊՈԱԿ-ի տնօրեն Ստեփան Մաչյանի հետ, իսկ Մաչյանն էլ իր հերթին ՔՊ անդամ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանի քրոջ ամուսնու եղբայրն է եւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընկերը՝ Պապիկյանը պատասխանեց, որ Մաչյանը «կարող է իմ հետ էլ սրճարանում մի անգամ սուրճ է խմել, կարող է մի անգամ էլ, չգիտեմ, ընտանիքներով հանդիպել ենք… Ժողովուրդ ջան, ախր չի կարելի ամեն ինչ իջեցնել… դուք ինքներդ, ես տեսա ձեր լուսանկարը, դուք էլ Էդմոն Մարուքյանի ընկերն եք, էդ ի՞նչ խայտառակ բան է ստացվում` դուք նույն ֆրակցիայի պատգամավոր եք։ Քաղաքականությունն ու վստահությունը սրա հիման վրա է։ Խնամի, ծանոթ, բարեկամ սկզբունք չկա»: Հետո Պապիկյանը բացատրեց, թե Հայաստանում բարեկամական եւ ընկերական կապերը շատ են եւ ամուր են ու վստահեցրեց, որ Մաչյանի լավ աշխատանքը տեսել են՝ հրավիրել են գերատեսչություն:

Ճիշտ նույնպիսի պատասխաններ իրենց խնամի-ծանոթ-բարեկամական կապերի մասին տալիս էին ՀՀԿ-ականները:

Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում Արմեն Եղիազարյանն ասաց, որ սա խայտառակություն է. «Բացի այն, որ խայտառակություն է, նաեւ կոռուպցիոն ռիսկեր կան շատ մեծ: Ու գիտենք, որ դա միայն իր մոտ չէ, ամբողջ կառավարությունում կան նման շատ խնդիրներ: Ողղակի այդ դեպքը կոնկրետ իր գերատեսչությանն էր վերաբերում, դրա համար ուղիղ իրեն ասացի: Զարմանալի էր, որ նա այդտեղ ռիսկ չտեսավ ու կեսկատակ-կեսլուրջ մեկնաբանեց այդ ամենը: Նա ասաց, թե դուք էլ Մարուքյանի ընկերն եք: Հա, մենք շատ երկար ճանապարհ ենք անցել, գաղափարի ընկերներ ենք: Դա ընդհանրապես կապ չուներ, չպետք է նման զուգահեռ տաներ: Իրենք տնօրինում են բյուջե ու խնամի-ծանոթ-բարեկամների հետ են, կոռումպացված փոխկապակցվածություն է, այդտեղ կոռուպցիոն ռիսկեր են լինում, սխեմա է: Ինքը տարրական, պրիմիտիվ, մանկական պատասխան տվեց ուղղակի»:

Հարցին՝ դուք ասացիք, որ կառավարությունում բազմաթիվ են նման օրինակները, կոնկրետ ի՞նչ օրինակ կնշեք՝ Եղազարյանը պատասխանեց, որ վերջին օրինակը Փաշինյանի քավորի՝ Տավուշի մարզպետ նշանակումն էր: Դիտարկմանը՝ ասում են, թե մասնագետ են, դրա համար ենք բերել, ստացվում է, որ իշխանությունների մերձավորները միշտ այդպես գործի գիտակներ են լինում՝ Եղիազարյանն արձագանքեց. «Չէ, ստացվում է, որ «ով էլ լինի՝ մեզնից լինի» պրինցիպով են գործում: Ես չեմ կարծում՝ իրենք մասնագիտական մոտեցումով են առաջնորդվում: Կառավարության ամբողջ համակարգը՝ ստորին օղակից մինչեւ վերին օղակ, հիշեցնում է ՀՀԿ-ի ռեժիմը, նույնն է՝ ուղղակի հայելային արտահայտությամբ»:

Երբ հիշեցրինք, որ Պապիկյանը խոստացել էր համակարգից դուրս մղել ԽԾԲ ավանդույթը՝ Եղիազարյանը պատասխանեց. «Ինքը հերքեց, ասաց՝ նման մարդիկ չկան ինձ մոտ ու ինքը ստեց փաստացի»:

Մեզ հետ զրույցում պատգամավոր Թագուհի Թովմասյանն էլ հավաստիացրեց, որ խնամիական կապերի առումով բացարձակ որեւէ տարբերություն չի տեսնում նախկին իշխանությունների ու այս իշխանությունների միջեւ. «Նախկին իշխանություններն էլ էին ասում՝ պրոֆեսիոնալ հատկանիշները գնահատելով՝ իմ երեխային բերում եմ ինձ օգնական՝ ԱԺ պատգամավորի, կամ իմ քրոջը, եղբորը նշանակում պաշտոնի: Որեւէ բան չի փոխվել, հարգելիներս: Եվ Զարուհի Բաթոյանի բարեկամները, երբ որ նա նախարար էր, այդպես փնջով աշխատում էին նախարարությունում, հետո նախարարությունում չի աշխատում Զարուհի Բաթոյանը, տեղավորել է հատուկ ավելի լավ պայմաններով աշխատանքի: Եվ սա, ցավոք, դարձել է նորմալ մեր հասարակարգում»: Անդրադառնալով Պապիկյանի բացատրություններին, որ քաղաքականությունն ու վստահությունը սրա հիման վրա են, որ Հայաստանում բարեկամական եւ ընկերական կապերը շատ են, Թագուհի Թովմասյանն ասաց. «Բա այդ դեպքում ինչո՞ւ էիք քննադատում նախկիններին: Անում էին այն, ինչ այսօր դուք եք անում: Բայց դուք հրեշավոր բառապաշարով ներկայացնում էիք՝ հանցավոր կապերով միմյանց հետ նախապես պլանավորված քույր ու եղբայր եկել են, որ միասին կոռուպցիայի մեջ թաթախվեն: Բա ինչի՞ էիք քննադատում, հարգելիներս, ուրեմն ազնվություն ունեցեք, ասեք, որ մենք ժամանակին լավ չենք հասկացել իրավիճակը, ճիշտ չենք բնութագրել եւ հիմա մենք վերանայել ենք մեր դիրքորոշումը ու կարծում ենք, որ այո՛, մեր բարեկամներն ամենալավ աշխատողներն են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930