Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Սաֆրաստյան․ «Ես համոզված եմ՝ Բայդենը կավարտի Հայոց Ցեղասպանության ճանաչման պաշտոնական գործընթացը, եւ դա օրենքի ուժ կստանա»

Ապրիլ 22,2021 23:55

ԱՄՆ 107 կոնգրեսականներ նախագահ Ջո Բայդենին կոչ են արել  ճանաչել Հայոց ցեղասպանությունը։   Նրանք հիշեցրել են Բայդենի նախորդ տարի  ապրիլի 24-ին  արած Ձեր հայտարարությունը՝  «լռությունը հանցակցություն է»։ «ԱՄՆ  կառավարության խայտառակ լռությունը հայերի ցեղասպանության պատմական փաստի առնչությամբ շատ երկար է տեւում, ինչին պետք է վերջ դրվի»,-նշեն են կոնգրեսականներ։

ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց՝ իսկապես, այս տարի հավանականությունը, որ Բայդենը կճանաչի Հայոց Ցեղասպանությունը, բավական մեծ է, աննախադեպ է, ոչ մի նախագահ այդքան մոտ կանգնած չի եղել Հայոց Ցեղասպանության ճանաչմանն․«Եւ ես հույս ունեմ, որ կճանաչի»։

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն անդրադառնալով   Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությանն ասել է․ «Մենք պետք է ձերբազատվենք մեր որոշ վախերից ու բարդույթներից: Ի՜նչ է՝ ամեն գիշեր պետք է մեռնենք, կամ վախից դողդողանք (այդ մտածմունքից): Սա չեմ ասում այն իմաստով, թե «Ամերիկա, եղբա՛յր, ինչ ասում ես՝ ասա»: Սակայն մենք, որպես մի պետություն, որը գիտի իր պատմությունը, պետք է մեզ վրա վստահ լինենք: Եթե ԱՄՆ-ն ցանկանում է վատթարացնել մեր հարաբերությունները, ընտրությունն իրենցն է»։

Այս հայտարարության, եւ ճանաչման դեպքում դրա հետեւանքների մասին, պարոն  Սաֆրաստյանը նշեց՝ երկու տարի առաջ ԱՄՆ Սենատն ու Կոնգրեսը ճանաչեցին Ցեղասպանությունը, գործընթացը սկսված է, եւ մնացել է միայն ԱՄՆ նախագահը ճանաչի, եւ հավանականությունը մեծ է, որ  այս ապրիլ 24-ին ԱՄՆ նախագահն իր ուղերձում կօգտագործի Ցեղասպանություն եզրույթը․ «Իսկ դրան կհետեւե՞ն  իրավական գործողություններ, ես դա չեմ կարող ասել։ Ուղղակի, կա ամերիկյան ղեկավար շրջանակներից մի հայտարարություն՝ «Մենք այս տարի այնպես ենք ճանաչելու, որ դուք չեք էլ սպասում»։ Ուրեմն՝ ամերիկացիները մի բան մտածել են։ Ես համոզված եմ, որ Բայդենը կավարտի Հայոց Ցեղասպանության ճանաչման պաշտոնական գործընթացը, եւ դա օրենքի ուժ կստանա»։

Ինչ վերաբերում է Թուրքիայի արձագանքին, ապա  պարոն Սաֆրաստյանը հիշեցրեց՝ Թուրքիան միշտ, երբ սպասվում էր, որ որեւէ երկիր պետք է ճանաչի, ամենաբարձր մակարդակով  հանդես է գալիս սպառնալից հայտարարություններով, սպառնում  է, որ հարաբերությունները կվատանան այդ երկրի հետ, պատժամիջոցներ կկիրառի եւ այլն, նույն բանը հիմա է տեղի ունենում․ «Բայց կա մի հանգամանք, եթե  Թուրքիան որոշի, շատ, թե քիչ, լուրջ պատժամիջոցներ կիրառել ԱՄՆ-ի  դեմ, առաջին հերթին կվնասի ինքն իրեն։  Մյուս կողմից կան ենթադրություններ տարբեր շրջանակներից, որ Թուրքիան կարող է ամերիկացիներին արգելի օգտագործել Ինջիրլիք ռազմաօդային բազա։ Բայց նաեւ կան հաղորդագրություններ, ԱՄՆ –ն դրան պատրաստ են, ունեն «պլան Բ-ն»՝  հունական կղզիներից մեկում նոր ռազմաբազա են նախապատրաստում։  Թուրքիան կփորձի մինչեւ ապրիլի 24-ը սպառնալից հայտարարություններ անել, որպեսզի  փորձի կանգնեցնել այդ ճանաչման գործընթացը։ Համոզված եմ՝ այս անգամ չի հաջողվի»։

Արդյոք վերջին տարիներին Թուրքիայի, մասնավորապես Էրդողանի, ինչպես փորձագետներն են ասում՝ լկտի քաղաքականությունը եւս դրդեց, որ ԱՄՆ-ն ճանաչի ցեղասպանությունը, պարոն Սաֆրաստյանն ասաց՝  ակնհայտ է, որ ամերիկյան քաղաքական վերանախավի մոտ մեծ դժգոհություն կա Թուրքիայի նկատմամբ,  բազմաթիվ են դրա պատճառները․ «Ռուսական С-400-ների գնումը, ԱՄՆ-ն կտրուկ դեմ էր, բայց Թուրքիան գնաց այդ քայլին։  Թուրքիայի քաղաքականությունը տարբեր երկրներում, տարածաշրջաններում, որը չի համաձայնեցնում ԱՄՆ-ի հետ, որոշ դեպքում ԱՄՆ-ի շահերի դեմ է հանդես գալիս, այն հանգամանքը, որ Թուրքիան նախագահում է մի մարդ, որը շատ չսիրված գործիչ է ԱՄՆ քաղաքական վերնախավի մոտ։ Պատահական չէ, որ, մինչեւ հիմա Բայդենը չի զանգել Էրդողանին, թուրքերն ամեն ինչ անում են, որ դա տեղի ունենա, բայց չի զանգում։ Սա վերաբերմունք է։ Այնպես որ, այս հանգամանքներն, իհարկե, նպաստում են»։

Ապրիլի 20-ին «Հայոց ցեղասպանություն. Թուրքիայի պատասխանատվությունը երեկ եւ այսօր» թեմայով քննարկման ժամանակ պարոն Սաֆրաստյանը մի ուշագրավ միտք էր արտահայտել․ «Մենք պետք է ուժեղացնենք մեր ազգային ինքնությունը, մեր պետականությունը պետք է կարողանա իր առջեւ դնել մեկ խնդիր, որը կհամախմբի համայն հայությանը եւ այդ խնդիրը պետք է կառուցված լինի Հայկական  հարցի բուն էության վրա՝  ոչ միայն ցեղասպանության ճանաչման, որովհետեւ դա Հայկական հարցի բաղադրիչներից է, իսկ  Հայկական հարցը  հայոց պետականության վերականգնումն է հայկական լեռնաշխարհում, եւ սա պետք է լինի այն մեծ խնդիրը, որը պետք է դրվի համայն հայության առջեւ»։

Արդյոք այս գաղափարը վտանգավոր չէ՞ , ծավալապաշտական մոտեցում չէ՞, մեր այս հարցին ի պատասխան Ռուբեն Սաֆրաստյանն ասաց․ «Մենք այդ հարցը քննարկում ենք ոչ թե այսօրվա քաղաքական օրակարգում, այլ՝ այդ հարցը մենք դնում ենք  որպես մեծ նպատակ, որին մենք պետք է հետեւենք,  դա մեր տեսական մոտեցումն է, եւ դա ենթադրում է տարբեր տեսակի փոքր-փոքր քայլեր։ Պետք է կարողանանք մեծ տեսլական, գաղափար ունենանք, որը ես կարծում եմ,  հենց դա պետք է լինի, որովհետեւ ուրիշ մեծ գաղափար, որը կհամախմբի համայն  հայությանը, չեմ տեսնում։ Եվ այդ մեծ տեսլականը, ռազմավարությունը  պետք է կարողանանք տեղայնացնել, կամաց-կամաց անենք, շտապելու բան չունենք, եթե շտապենք, կարող ենք ամեն ինչ փչացնել։ Դա  ոչ այսօրվա, ոչ վաղվա խնդիր է։  Հրեաները երկու հազար տարի եկան  դրան։ Կարեւորն այն է, որ գաղափարը ողջ հայությանը համախմբելու եւ հայապահպան գործոն հանդիսանա։ Եվ այս գաղափարը  կարող է երիտասարդությանը համախմբել, դա  քաղաքական շահարկումներից վեր պետք է լինի, դա պետք է  գաղափար լինի, որը մեզ առաջ պիտի տանի, ոչ թե հետ։ Հայությանը համախմբող այդ մեծ գաղափարը պետք է լինի հայկական պետականության վերականգնումն այն տարածքի վրա, որը  մեր բնօրրան է, այսինքն՝ Հայկական լեռնաշխարհում,  եւ դա ես  կարծում եմ կարող է համախմբել Հայաստանի  հասարակությանն ու Սփյուռքին»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930