Ապրիլի 14-ից մարզերում նույնպես սկսվեցին կորոնավիրուսի դեմ պատվաստումները: Այս պահին քովիդի դեմ կիրառվում է երկու պատվաստանյութ՝ բրիտանա-շվեդական ընկերության եւ Օքսֆորդի համալսարանի մասնագետների ստեղծած՝ AstraZeneca-ն եւ ռուսական արտադրության «Սպուտնիկ V»-ն։
Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայում եւս մեկնարկել է գործընթացը, սակայն քաղաքացիների ակտիվ հոսք դեռեւս չի նկատվում. «Հանձնարարական ստացել ենք եւ ակտիվ աշխատում ենք: Թաղամասային բուժքույրերը զանգում եւ հրավիրում են պոլիկլինիկա, կամ ով գալիս է այստեղ սպասարկվելու, այդ ժամանակ էլ են հարցնում: Ցավոք սրտի շատ հրաժարվում են: Դիմողներ էլ են լինում, որ ուզում են պատվաստվել, բայց քիչ են: Համենայն դեպս դիմելիությունը շատ քիչ է»,- ասում է Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սյուզաննա Բալայանն ու նշում, բնակչությունն ավելի շատ վստահում է «Սպուտնիկ V» պատվաստանյութին. «Պատվաստում ուզում են ստանալ, բայց երբ իմանում են, որ AstraZeneca-ն է, մի քիչ խուսափում են: Չնայած մենք բացատրում ենք, որ առանձնապես տարբերություն չկա, եւ նույն կողմնակի էֆեկտները, որ կարող են լինել, կարող է լինել նաեւ «Սպուտնիկ V»-ից»:
Բալայանն ասում է, որ քաղաքացիները բավականաչափ տեղեկացված են պատվաստանյութերի մասին, ինչն էլ շատ հաճախ դառնում է պատվաստումից խուսափելու առիթ. «Գուցե եւ ավելորդ տեղեկատվություն ունեն, որովհետեւ համացանցում շատ նյութեր կան, որոնք խանգարում են մեզ: Տարբեր բնույթի տեղեկատվություն է, որը բնակիչը չի կարող ճիշտ մեկնաբանել: Շատ դեպքերում հեղինակներ եւս չկան նշված, այսինքն ամեն մի մարդ կարող է իր կարծիքը գրել եւ մեր բնակչությունն այդ գրածներին ավելի մեծ տեղ է տալիս, քան պաշտոնական տեղեկատվությանը: Դրա համար մեզ համար էլ է դժվար, մենք պետք է շատ բացատրենք, շատ աշխատանք տանենք, որպեսզի հիվանդին կարողանանք ճիշտ ուղղու վրա դնենք»:
Կարդացեք նաև
Բժշկի խոսքով՝ պատվաստվելու համար դիմում են հատկապես տարեցները, որոնք ունեն խրոնիկական հիվանդություններ եւ վախենում են, որ կարող է կորոնավիրուսի հետեւանքով ավելի բարդանա հիվանդությունը. «Մենք առայժմ չենք պատվաստել, որովհետեւ AstraZeneca-ն 10 հոգու համար է բացվում: Պետք է այդ քանակը հավաքենք, նոր պատվաստենք: Կան մարդիկ, որ ցանկանում են, նախատեսվում ենք մյուս շաբաթ պատվաստենք»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել էր, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ նշաձող են սահմանել՝ մեկ տարվա ընթացքում պատվաստել մինչեւ 700 հազար քաղաքացու:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ