Մենուա Հովսեփյանի պաշտպանը հաղորդում է ներկայացրել
Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին ձերբակալելու մասին որոշման դեմ բողոք է ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Մենուա Հովսեփյանի պաշտպան Դավիթ Կարապետյանը՝ հավելելով, որ Հովսեփյանին ձերբակալել են մի հոդվածով, որը չէր կարող կիրառելի լինել, պայմաններն ապահովված չէին։
Պաշտպանի խոսքով՝ առավոտյան ժամը 07.15-ին իր պաշտպանյալին հրավիրել են ոստիկանության բաժանմունք, Գորիսից բերել են Երևան, ժամը 11-ին անձին բերել են ՔԿ, որտեղ փոխարենը ներկայացվի քննիչին, ոստիկանները եկել են «մասկի-շոու» անելով։
«Մարդուն վերցնում են՝ նսեմացնելով, տանում են Երևան քաղաքի վարչություն, որտեղ բարձրացնում են երրորդ հարկ՝ տապալելով գետնին։ Ինքը չի տեսել, թե ով է եղել»,- նշեց պաշտպանը՝ պատմելով, որ իր պաշտպանյալի նկատմամբ նսեմացուցիչ վերաբերմունք է ցուցաբերվել, ոտքը դրել են գլխին, ասել՝ «հերո՞ս էիր խաղում, դե գնա», հետո՝ քարշ տվել այս պատից այն պատը։ Կարապետյանը հայտնեց, որ Հովսեփյանի դեմքին վնասվածքներ են եղել, հնչել են վիրավորական արտահայտություններ և այդ ամենը նկարահանվել է։
Կարդացեք նաև
«Նպատակը եղել է զուտ նսեմացնելը, նկարահանելը, ինչ-որ մեկին ցույց տալու համար։ Դա հիմնավոր ենթադրություն է։ Այսինքն՝ տարան նսեմացրին, որ ինչ-որ մեկը հագենա»,- նշեց պաշտպանը՝ տեղեկացնելով, որ դիմել են ՄԻՊ-ին, որի գրասենյակի ներկայացուցիչներին իր պաշտպանյալը մանրամասն ներկայացրել է կատարվածը, որոնք լսում էին և զարմանում, թե ինչ է կատարվել։
«Կոնկրետ իրենց պետք էր Գորիսի քաղաքապետի տեղակալը, ուրիշին չէին անի, հասկանալի պատճառներով այս մարդուց կարող էին վրեժ լուծել և արեցին»,- նշեց Կարապետյանը։
Փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՔԾ՝ Հովսեփյանին խոշտանգելու դեպքի առթիվ, իսկ խոշտանգման հանգամանքը նաև ներկայացվել է ձերբակալման որոշման դեմ բողոքի շրջանակներում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: