Լիբանանի երիտասարդության եւ սպորտի նախարարը հյուրընկալվեց խորհրդարանում
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ապրիլի 22-ին հանդիպեց Լիբանանի Հանրապետության երիտասարդության եւ սպորտի նախարար Վարդինե Օհանյանի հետ: Հանդիպմանը ներկա էին ԱԺ պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանը, Արթուր Մանուկյանը եւ Հակոբ Ասլանյանը:
Մխիթար Հայրապետյանը երախտագիտություն հայտնեց Լիբանանի իշխանություններին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին ներկայացուցչական կազմով մասնակցելու համար: Ընդգծելով երկու եղբայրական ժողովուրդների դարավոր բարեկամությունը՝ նա նշեց, որ Եղեռնից հետո հյուրընկալ Լիբանանը հայրենազրկված հայերի համար դարձավ երկրորդ հայրենիք: «Ի նշան երախտագիտության՝ հայերն իրենց ներդրումն ունեցան Լիբանանի քաղաքական, մշակութային եւ սոցիալական կյանքի տարբեր ոլորտներում: Լինելով այդ պետության լիարժեք ինտեգրված քաղաքացին՝ հայը պահպանում է իր ինքնությունն ու ազգային կերպարը»,-ասաց Հայրապետյանը:
Նա համոզված է, որ ինչպես դժվարին ժամանակներում, այնպես էլ լուսավոր ապագայում երկու ժողովուրդները սատարելու են միմյանց:
Կարդացեք նաև
Մխիթար Հայրապետյանը բարձր գնահատեց Լիբանանի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Նա կարեւորեց պատշաճ գնահատականն Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի վերաբերյալ: Ըստ պատգամավորի՝ այդ օրերին հայ ժողովուրդը մշտապես զգացել է բարեկամ Լիբանանի աջակցությունը:
Վարդինե Օհանյանն իր հերթին ընդգծեց, որ հայ-լիբանանյան կապերը պայմանավորված են երկու ժողովուրդների միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերություններով, որտեղ առանցքային դեր ունի լիբանանահայ համայնքն իր ստեղծարար աշխատանքով:
Անդրադարձ կատարվեց կոնկրետ ծրագրային փոխգործակցությանը, մասնավորապես՝ գործադիրի մակարդակով համագործակցության համատեղ փաստաթղթի ստորագրմանը: Այս առումով Մխիթար Հայրապետյանը վստահեցրեց, որ իր գլխավորած հանձնաժողովն ունեցած իրավասության շրջանակում հուսալի գործընկեր է:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին կրթական բարեփոխումների, հայապահպանությանը միտված ծրագրերի իրականացման, մշակութային կապերի ամրապնդման, Շախմատի ֆեդերացիաների համագործակցության շուրջ:
ՀՀ Ազգային ժողով