Ընդդիմադիրներն այսօր երթ իրականացրին դեպի դատախազության շենք՝ ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի երեկվա այցից հետո ձերբակալված սյունեցիների։ Ցուցարարները ժամանակ էին տվել, որպեսզի դատախազության ներկայացուցիչը մուտքի մոտ բացատրություններ տար, իրենց բնորոշմամբ, ապօրինի ձերբակալությունների համար։ Գլխավոր դատախազը, սակայն, արձակուրդում էր, եւ առաջարկվեց մի քանի հոգով մտնել շենք։ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարեց՝ Սյունիքի խնդիրը վերաբերում է ցանկացած քաղաքացու, ուստի բոլոր քաղաքացիների առաջ էր պետք բացատրություն տալ։
Ցուցարարները քարեր ու ձվեր նետեցին դատախազության շենքի ուղղությամբ, ինչից հետո մի քանի ոստիկան շտապեցին դեպի նրանց շարքերը։
Կարդացեք նաև
«Առանց թուրքի Հայաստան» բղավեցին ցուցարարները, ապա հրմշտոց տեղի ունեցավ նրանց եւ ոստիկանների միջեւ։ Ոստիկանները մի քանի շարքով պատ էին կազմել դատախազության մուտքի դիմաց։ Ոստիկանները քաղաքացիներին հրելով հեռացրին մուտքի դիմացից, քաղաքացիներն էլ իրենց հերթին հրեցին։
Քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ մի պահ ձեռնամարտ տեղի ունեցավ։ ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ ցուցարարների շարքերում սադրիչներ կան։ Ոստիկաններն ուժի գործադրմամբ, գետնին քցելով ու քարշ տալով տարան մի քանի ցուցարարի։ Ցուցարարները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին հայհոյանքներ են վանկարկում։ Ոստիկանների շրջանում եւս տուժածներ կան։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ