«Հետպատերազմյան շրջանում գործ ունենք բազմակողմանի դիսկուրսի հետ, որտեղ նման առաջնահերթությունները, ինչպես, օրինակ, ռազմագերիներն են, ցավոք, անթույլատրելի կերպով երկրորդվում են»,- «Հոդված 3» ակումբում տեսակապի միջոցով անցկացվող՝ գերիների հարցով քննարկման ընթացքում այսպիսի մտահոգություն հայտնեց «Միաբան» նախաձեռնության անդամ Սեդա Գրիգորյանը:
Ըստ նրա՝ պատերազմից առաջ գտնվում էինք մի իրականության մեջ, երբ խնդիրը շատ ավելի պարզ էր թե′ սփյուռքի, թե′ հայաստանյան հասարակության համար, հստակ գիտեինք մեր պահանջները, կուռ ու ամուր խնդիրներ ունեինք առաջադրած:
Սակայն այս իրավիճակը տեսանելի չէ պատերազմից հետ, երբ չկա միասնականություն: Նա նկատեց. «Տեսնում ենք ցույցեր փողոցում՝ ներսում, դրսում, որոնք գնում են ներքաղաքական օրակարգով: Մենք երկրորդում ենք այն գլխավոր պահանջը, որը պիտի դնեինք և մատուցեինք աշխարհին ու ինքներս մեզ համար ամենօրյա հարց դնեինք՝ ռազմագերիների հարցը»:
Նա օրինակ բերեց, թե սփյուռքի կազմակերպությունները ցանկության դեպքում կազմակերպվում, միասնական հանդես են գալիս, մինչդեռ այս հարցում նման դիրքորոշում նկատելի չէ. «Սփյուռքի կազմակերպությունները որոշակի ցանկության դեպքում կարողանում են գեներացնել մեծ համակիրների. դա տեսնում ենք, օրինակ, ապրիլի 24-ին, դրա փորձառությունը կա, բայց ռազմագերիների օրակարգով մենք այդ կազմակերպությունների կողմից ակտիվություն, այդ կազմակերպվածությունը չենք տեսնում: Հնարավոր է՝ դրանք կապ ունենան ներքաղաքական զարգացումների հետ»:
Կարդացեք նաև
Ըստ Սեդա Գրիգորյանի՝ տեսնել, թե ինչպես են ազդեցիկ ուժերը երկրորդում նման առաջնահերթ օրակարգը, ու անկուսակցական և քաղաքականապես ոչ ակտիվ մարդիկ են, որ վեր են հանում այդ օրակարգը, ցավալի է: Սեդա Գրիգորյանի համոզմամբ՝ մեր ուժերի ներածի չափով պետք է մեծացնենք ճնշումը սփյուռքում տեղի կառավարությունների վրա, մարդու իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպությունների վրա, որ նրանք ամեն օր, ամեն ժամ հիշեն այս խնդրի մասին, քանի որ ամեն վայրկյանը կարող է արժենալ մեր գերիների առողջությունն ու կյանքը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ