Ադրբեջանի Պետական սահմանային ծառայությունից հայտարարել են, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցից հետո հայկական կողմը սադրանքներ է կատարել Ադրբեջանի հետ սահմանին:
Ըստ ադրբեջանական կողմի՝ երեկ երեկոյան հայ զինծառայողները կրակ են բացել Զանգելանի շրջանի Սեյիդլար գյուղի, ինչպես նաև այդ ուղղությամբ կանգնած ռուսական սահմանային ծառայության ստորաբաժանումների ուղղությամբ:
«Կատարվածի կապակցությամբ ռուս սահմանապահներն ադրբեջանական կողմին հայտնել են, որ սադրանք կատարողները եղել են ալկոհոլի ազդեցության տակ և խնդրել են պատասխան միջոցներ չձեռնարկել»,- ասվում է Ադրբեջանի սահմանային ծառայության հաղորդագրության մեջ:
Բացի այդ, հաղորդագրության մեջ նշվում է, որ Շուռնուխ գյուղից մի խումբ անձինք, 30-40 ինքնաձիգներով և հակաադրբեջանական կարգախոսներ հնչեցնելով, շարժվել են ադրբեջանական սահմանի ուղղությամբ:
Կարդացեք նաև
Ծառայությունից հայտարարել են, որ «նման սադրանքների կրկնության դեպքում ադրբեջանական կողմը կկիրառի ամենակոշտ պատասխան միջոցները»
Ի պատասխան՝ Հայաստանի Պաշտպանության նախարարությունից արձագանքել են, որ չափազանց վառ երևակայություն է պետք ունենալ` Հայաստանի զինված ուժերին ռազմավարական դաշնակից երկրի` Ռուսաստանի խաղաղապահ առաքելության դիրքերի ուղղությամբ կրակոցներ արձակելու «մեղադրանք» վերագրելու համար:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ