«Ի՞նչ է նշանակում սադրանք։ Մարդկանց հողերը տվել են խալխին, երեխաների մի մասին չես վերադարձրել, գիշերով գնում ես մարդկանց տուն ու մտածում, որ ոտքերդ պետք է տաք ջուր դնե՞ն»,-ընդդիմության հավաքի ժամանակ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով իշխանական պատգամավորների բնորոշումներին այն մասին, որ Սյունիքում վարչապետի դեմ բողոքի ցույցերը սադրանք են՝ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Ընդդիմադիրները երթ իրականացրին դեպի դատախազության շենք՝ ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի երեկվա այցից հետո ձերբակալված սյունեցիների։
Արմեն Աշոտյանի խոսքով՝ այս իշխանության նպատակը վերարտադրվելն է, որպեսզի Հայաստանին մատաղ անեն գերտերությունների շահերին․ «Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե Ալիեւն ուզի «Մեղրիի միջանցք», մենք էլ կասենք՝ «Նախիջեւանի միջանցք»․․․հիմա նայեք քարտեզին։ Կամ ստում է, կամ դեբիլ է, որովհետեւ ապուշություն է խոսում։ Ի՞նչ է նշանակում «Նախիջեւանի միջանցք»՝ ՀՀ-ի համար։ Միջանցքն այն է, որ կապում է մի բանը մյուսին։ ՀՀ-ն Նախիջեւանով ո՞ւմ հետ է կապվում, Իրանի՞։ Բա մեր Սյունիքն ինչի՞ համար է։ Թե Սյունիքը ծախել են, մնացել են Նախիջեւանի հույսին։ Քարտեզից հասկանո՞ւմ ենք։ Կատարյալ անմեղսունակ ապուշություն»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ