Լրահոս
Օրվա լրահոսը

«Վստահ եմ՝ Գյումրին լուրջ անակնկալ է մատուցելու Փաշինյանին»․ «Հայրենիք» կուսակցության անդամ

Ապրիլ 22,2021 20:11

Aravot.am-ը «Հայրենիք» կուսակցության կազմակերպական ներկայացուցիչ Արտակ Ավետիսյանից հետաքրքրվեց, թե Արթուր Վանեցյանի գլխավորած քաղաքական ուժը կկարողանա՞ ակնկալած ձայները հավաքել Շիրակի մարզում, մասնավորապես Գյումրիում, որտեղ, ի տարբերություն Սյունիքի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ունի բավական մեծ թվով համակիրներ։

«Գյումրին միշտ առանձնահատուկ է եղել, առերևույթ է թվում, թե Փաշինյանը կողմնակիցներ ունի։ Մենք մասնագիտական լուրջ փորձագիտական չափումներ ունենք։ Բնավ էլ այդպես չէ, Փաշինյանի համակիրների թիվն այդքան էլ մեծ չէ, կամ ամենաշատը Շիրակի մարզում ու Գյումրիում չէ։ Շատ կարճ պատմական ակնարկ անեմ։ Գյումրին հայտնի է նրանով, որ ինքը միշտ ընդդիմադիր է։ 18-20 թվականներին Դաշնակցության կառավարության ժամանակ Շիրակի մարզում էսէռները հատկապես Գյումրիում առավելագույն թվեր են տարել, միջին պետական իրենց տոկոսից եռակի, քառակի ավել։ Խորհրդային տարիներին Գյումրին ամենախորհրդային ու ամենասովետական քաղաքը չէր, էլ չասեմ Գյումրին ինչով էր հայտնի այդ թվականներին։

Գյումրին միակ քաղաքն էր, որտեղ ՀՀՇ-ն չունեցավ նորմալ վարչություն։ 94 թվին Դաշնակցությունը Գյումրիում հաղթեց ՀՀՇ-ին։ Հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթեց ՀՀԿ-ին։ Նիկոլ Փաշինյանը, երբ որ նոր էր գալիս իշխանության, Գյումրին այդ ժամանակ ընդդիմադիր քվեն գեներացրեց։

Բայց այս պահին էլ Գյումրին լուրջ անակնկալ է մատուցելու, ես վստահ եմ, որ Գյումրին քվեարկելու է ընդդեմ Փաշինյանի,որովհետև Գյումրին ընդդիմադիր է։

Այս պահին էլ Գյումրիում այնքան խնդիրներ կան, ուղղակի մի կարևոր հանգամանք ասեմ, ինչո՞ւ Գյումրին քաղաքականացված չէ այս պահին։ Ցավոք, Շիրակի մարզում գերիների թեման քաղաքական ընդդիմությանը կոռեկտության սահմաններում պահեց, որովհետև ծնողների կողմից ակնհայտ նախատրամադրություն կա․ եթե գերիների թեման դառնա քաղաքական շահարկման առարկա, կամ եթե որևէ մեկը Գյումրի գա քաղաքական այցով, իրենց երեխաները չեն վերադառնա։

Քաղաքական ընդդիմադիր դաշտում կոնսեսուս կա, որ այս հարցի շուրջ ավելի չլարել իրավիճակը, ավելի չսրել, որովհետև եթե այդպես են մտածում, ուրեմն ճիշտը մարդկանց տեսակետը հարգելն է։ Իսկ իրականության մեջ, ես ավելի քան վստահ եմ, որ այդ մարդիկ այս խարդախ իշխանությունների մանիպուլյացիայի զոհն են ու առաջիկայում առիթ կունենանք համոզվելու, որ հենց այդպես էլ կար, ուղղակի այդ թեման հենց շահարկման առարկա դարձրեց հենց իշխանությունը։

Իսկ մենք, կոռեկտությունը պահպանելով, հարգելով մարդկանց հոգեապրումներն, այս պահին Գյումրիում փորձում ենք հրապարակային նվազ քաղաքական ակտիվություն ունենալ։ Իսկ չերևացող մասում մենք մեր կուսակցական աշխատանքները, բնականաբար, շարունակում ենք և շարունակելու ենք՝ իհարկե, աչքերիս առաջ ունենալով այն խնդիրը, որ մարդկանց զգացմունքները չոտնահարենք»,-ասաց Արտակ Ավետիսյանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Արտակ Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930