Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարության դեմ մաքառողը

Ապրիլ 22,2021 18:50

Վերջերս Դավիթ Մկր Սարգսյանի «Առաջնորդը» երգիծավեպն արժանացավ Դերենիկ Դեմիրճյան գրական մրցանակին։

Գիրքը նվիրված է ժամանակակից աշխարհում տեղի ունեցող բարդ ու հակասական հարաբերություններին։ Հերոսի հավաքական կերպարով հեղինակը ներկայացրել է մեր դրամատիկ իրականությունը, վերհանել ժամանակակից հասարակությանը բնորոշ արատավոր կողմերը, դատապարտել բացասական մի շարք երևույթներ, որոնք աղետալի հետևանք են ունենում երկրի և ժողովրդի կյանում։

Չար երազների դիվային տեսարաններով է սկսվում վեպը, որը մատնանշում է արդեն հերոսի կործանիչ կերպարը։

Գրքում ներկայացված են հեղափոխությամբ իշխանության եկած տգետ առաջնորդի մենախոսություն-դատարկաբանությունները, որոնք աղետալի հետևանքներ են ունեցել երկրի համար։ Իրար հետ մրցում են նրա մեկը մյուսից տգետ մտքերը։ Չնայած երկրի առաջնորդ է, սակայն ամեն խոսքի մեջ մատնում է իր գեղջկական գավառականությունը։ Քաղաքական ասպարեզ նետվելով՝ հերոսն սկսում է խոսել մեծ գաղափարներից, որոնց էությունից ոչինչ չի հասկանում։ Վեպում շատ հաճախ նա օգտագործում է օտար բառեր, արտահայտություններ, որոնք ցույց են տալիս նրա օտարամետ, ոչ հայեցի ձգտումները։ Այդպես էլ սկսվում է վեպը․ «Ladies and gentlemen, товарищи и друзья, you are welcome, добро пожаловать»։

Լեզվական առումով վեպում օգտագործված են որոշ քաղաքական գործիչների բառապաշարից արտահայտություններ, մեջբերումներ ժողովրդական բառուբանից, ժարգոնային արտահայտություններ, գեղարվեստական ստեղծագործություններից տողեր։ Խոսքն ավելի տպավորիչ դարձնելու համար հեղինակը հաճախ է դիմում բառախաղի օգնությանը։

Հեղինակը ցույց է տալիս մեր իրականության արատավոր կողմերը, ինչպիսին է կաշառակերությունը բոլոր ոլորտներում․ «Բժիշկը հասկացավ, որ Լուսավորչի կանթեղը հայտնաբերել է իր կոռուպցիոն անվերահսկելի ռիսկերն ու գործած սրիկայությունների ամբողջ փունջը»։

Հանուն շահի նա կորստյան է տանում երկիրը, գործարք կնքում ժողովրդի դարավոր թշնամու հետ, քանի որ «փողը հոտ չունի, ազգություն և բարոյականություն չի ճանաչում»։ Երկրի անտաղանդ և տգետ առաջնորդին մտահոգում է առաջին հերթին ոչ թե կենսական կարևորություն ունեցող խնդիրները, այլ զբաղված է անիմաստ գործերով, ինչպիսին է, օրինակ, երկրում գարեջրի փառատոն կազմակերպելու անհրաժեշտությունը։ Միտքն անընդհատ զբաղված է դատարկ բաներով։ Նրա կարծիքով դա է նոր, հեղափոխական մտածողությունը, նոր ժամանակի փիլիսոփայությունն ու մշակույթը, որը կփրկի աշխարհը՝ մերժել այն ամենը, ինչ անցյալից հասել է մեզ և ստեղծել նորը, հեղափոխականը։

Նրա մտքում խարդախություններ են։ Իրավամբ իշխանության է եկել, որ պայքարի այդ խարդախությունների դեմ, բայց իրականում ավելի է ծաղկեցնում այն, խրախուսում ստվերային բիզնեսը, քանի որ, դժբախտաբար, իր ձեռքերում է երկրի ղեկը։ Արդեն ուրվագծվում է այն, որ եկել է ոչ թե ժողովրդին ու երկիրը փրկելու, այլ վրեժխնդիր լինելու իր չստացված մանկության, չարքաշ օրերի համար։

Գիրքը պարունակում է պատմական բարձրարժեք տեղեկություններ, աշխարհում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին վերաբերող փաստեր։ Այստեղ հիշատակվում են Վաչագան Բարեպաշտի հեղինակած սահմանադրական կանոնագիրքը, Մխիթար Գոշի Դատաստանագիրքը, հակիրճ տեղեկություններ կան մուսալեռցիների մասին, այն փաստը, որ թուրքական հանրագիտարանի երկարամյա խմբագիր է եղել ազգությամբ հայ Հակոբ Մարթայանը, որ բոլշևիկները բուք ու բորանին գործուղման աքսորեցին հիվանդ Տերյանին սառնամանիքային Օրենբուրգ, որտեղ և կնքել է իր մահկանացուն։ Այնուհետև պատմության անիվը հետ է գնում Ավարայր ու նկարագրում արդեն մեր ներկան, թե ինչպես «մի խումբ ալկոհոլ օգտագործած փղեր առաջնագծում վրաերթի ենթարկեցին նոր զորակոչված մատղաշ զինվորներին և աշխարհազորայիններին»։ Ի դեպ, վեպը Դավիթ Մկր Սարգսյանը գրել է 2018-2019թթ․, սակայն լույս է տեսել 2020թ․-ի աշնանը։ Լավ ճանաչելով մարդկային հոգեբանությունը, նման մտածողության տեր ղեկավարին՝ հեղինակը կանխագուշակել է Դոն Կիխոտի և Սանչոյի երկխոսության բովանդակությունը, որով ավարտվում է վեպը, հասկացել, որ նման հոգեբանությամբ երկիրը ոչ թե կառավարում, այլ կործանում են։

Գիրքն ընթերցելով հասկանում ենք, թե ինչպիսի աղետ է պատուհասել երկրին՝ նման առաջնորդ ունենալով, ով դարձել է ընտանի թշնամի։ Պարզ է դառնում, որ հերոսը նախ «նախապատրաստվել է» հոգեբուժարանում։ Բժիշկն իրավացիորեն ախտորոշել է նարցիսիզմ, որով տառապողները «գերադասում և գերագնահատում են իրենց արժանիքիները, արհամարհում շրջապատը, չարանում մարդկանց հաջողություններից, որովհետև իրենց են համարում միակը, ընտրյալը, հերոսը, անսխալականը, անփոխարինելին, և բոլորը պարտավոր են հլու հնազանդ ենթարկվել իրենց»։

Տրամաբանական շարունակությունն են կազմում հոգեբուժարանում անցկացրած օրերի նկարագրությունները, նրա մտքի « փայլատակումները»՝ համեմված հայ մեծերի խոսքերով ու դիվային քրքիջով։ Դրանում հետզհետե համոզվում է ընթեցողը՝ ծանոթանալով նրա խեղկատակ էությանը, օրինակ՝ թե ինչպես է խաղում ինքն իր ստվերի հետ։ «Թվում է, թե ես եմ իր ստվերը, այլ ոչ թե նա»։ Իրեն երջանիկ է զգում սին ստվերների աշխարհում։ Եվ ստվերի հետևից վազելիս հանկարծ բախվում է իրականությանը՝ թիկնապահի հարցական հայացքին․ «Ո՞ւր», և զարմանում այն բանի վրա, որ շրջապատը չի նկատում նրանց։ Կամ թե ինչպես է դիվային ջերմի սարսուռով պատված խոստովանում իր ոչ ադեկվատ լինելը, «Էն պահն եմ շատ սիրում, երբ սատանան մեջս գլուխ է բարձրացնում, անհանգիստ ֆռֆռում ներսումս, վիրաժներ անում, իրար խառնում միտք ու հոգի․․»։

Նրա համար արժեք չեն ներկայացնում հայրենիքը, ավանդույթները, հոգևոր-նյութական ժառանգությունը, առաջնորդվում է «որտեղ հաց, էնտեղ կաց» սկզբունքով, անգամ պատրաստ է կրոնափոխ լինել և դատապարտում ազգին, որ ժամանակին չենթարկվեցին հազկերտներին և պահպանեցին ազգային ինքնությունը, «հանուն ոչնչի, որի անունն անմահություն եք դրել»,-խորհում է նա։

Երկրի առաջնորդի համար միևնույնն է ժողովրդի վիճակը, այն ժողովրդի, ում շնորհիվ այսօր գահին է և իրեն համարում է ալֆան և օմեգան։ Եվ նրա մասին հեգնանքով ասում է, որ «սովից սատկելիս էլ լինի», իր հակառակորդներից հաց չի վերցնի։ Նա դրանում այնքան վստահ է, որ իրեն ամենակարող է կարծում․ «Ես որ գոռում եմ, դուք պիտի վախից մկան ծակին հազար թուման տաք, որ բոլորը հասկանան՝ իմ դեմ խաղ չկա»։ Եվ կոչ է անում ոչնչի առաջ չխեղճանալ, «թեկուզ և անմեղ զոհեր լինեն մեր պայքարում»։ Կամ այն, որ իր ուզած որոշումը կարող է միաձայն դրական ընտրվել, «նույնիսկ բազմաթիվ դեմերի առկայությամբ»։ Այնուհետև խոստովանում է, որ իր մեջ բույն է դրել անհայտ մի կենդանու ոգին, որը շատ հաճախ արթնանում և ցանկանում է վրեժխնդիր լինել աշխարհից, պատժել բոլորին՝ իր կրած դառնություններին ի պատասխան։

Իսկ այդ դառնությունները նա ապրել է հոգեբուժարանում, կալանքի տակ եղած ժամանակ, ում իրավացիորեն մեկուսացրել էին՝ որպես հանրությանն իրական սպառնալիքի։ Իսկ հիմա իսկական ժամանակն է՝ վրեժխնդիր լինել այդ ամենի համար։ Կարևոր չէ՝ ինչ ճանապարհով, ում հաշվին, թեկուզ հենց իրեն գահին նստեցրած ժողովրդի, ովքեր ցանկանում են բնակավայր հիմնել «փրկիչ առաջնորդի» անվամբ, նրա դիմապատկերով կրծքանշան հատել, նամականիշ թողարկել և այլն՝ միահյուսելով հասարակական արատներն ու առաջնորդի ինքնասիրահարվածությունը։

Իր՝ որպես հեղափոխական առաջնորդի մտքի փայլատակումներից կրթամշակութային, գիտական և առողջապահական հաստատությունների փակվելն արդարացնելն է։ «Հա, ուզեմ, հիմա էլ ՊՆ, ԱԻՆ, սոցապահովության առողջապահության ու արդարադատության նախարարությունները կմիավորեմ», հետամնացության թոթովանքներ է համարում պատմությունն ու մշակույթը պահպանելը։ Այն ամենն, ինչ ազգային նկարագիր ունի, իր կարծիքով պետք է ոչնչացնել։ Համարձակվում է զրպարտել Մաշտոցին ու նրա գաղափարակիցներին․ «Մաշտոցի բանդան, որի պարագլուխներն էին իրեն թագավոր հռչակած ոմն Վռամշապուհ և ինքնակոչ կաթողիկոս Տրդատ, ներկայացվել է որպես անմեղ աշակերտների խումբ»։

Այդ նվիրյալներին համարում է լրտեսներ, իսկ նրանց հայրենասիրական արարքները որակում որպես ահաբեկչություն։ «Հետաքննությունը պետք է պարզի գործի բոլոր հանգամանքները, նաև, թե ինչպես նրանց մոտ հայտնվեց Աստվածաշունչը, ում պատվերով էին այն թարգմանում և տեղայնացնում, իրականում ինչ է իրենից ներկայացնում թարգմանչաց դպրոցը, արդյոք զինված ահաբեկչական խմբավորում չի գործել այդ անվան տակ»։ Թռուցիկ խոսելով մեր մեծերի հերոսական սխրանքներից՝ նա դատապարտում է այդ արարքները, ասելով, որ իրենց հայրենասիրությամբ սեպ են խրել հարևան երկրների բարիդրացիական հարաբերություններում։ Այդ հարևաննները մեր դարավոր թշնամիներն են։ Իսկ զինված ուժերի կատարելագործման և վերապատրաստման հարցում ունի ուրույն ծրագիր։ Երկրի անվտանգությունն ապահովելու համար գերխնդիր է համարում զինվորականության գեղագիտական ճաշակը բարձրացնելը։ «Այդ նպատակով մերոնք նաև պաղպաղակի արտադրության և հոլանդական կակաչների աճեցման ջերմոցային տնտեսություններ կբացեն»։ Իր վարած հակահայկական, հակապետական, տգետ քաղաքականության վկայություններից են նաև հետևյալ տողերը․ «Բավ է կոմիտասներ ու թումանյաններ, Անդրանիկ ու Նժդեհ, ավանդույթներ ու տարազներ, երգ ու պար, ազգային կերակրատեսակներ, չէ մի՝ Արաբո, Չաուշ, Մոնթե, Լեոնիդ ու նման անհեթեթ հեղինակությունների թմբկահարեք ու դրանցով լցնեք դպրոցականների ուղեղները»։

Նա հասկանում է, որ իր ապիկարությամբ երկար չի կարող մնալ գահին։ Ուստի յուրայիններին հորդորում է լինել զգոն, քայլեր ձեռնարկել և պարտադիր չէ, որ համապատասխանեն բարոյական և օրինական նորմերին․ «քանի ժողովրդի աչքերը չեն բացվել, ամեն կերպ սիրտները շահեք, հույսեր ներշնչեք, ֆեյքեր կիրառեք, ստեք, հին ու նոր մեղադրեք ու քրֆեք»։ Իսկ շրջապատի մարդիկ պետք է լինեն «բացսիրտ, բացճակատ, բացձեռն, բայց փակբերան»։ Ու այսպես իր գաղափարներով կոչ է անում՝ առաջ դեպի կործանում։ Չի զլանում իր նպատակին հասնելու համար դիմել անգամ սրբապղծության, հարկ եղած դեպքում իրեն գժի տեղ դնում։ Խոսելով եկեղեցու մասին, ասում է․ «Հաջորդ խորովածը իջման վայրի խորանում ենք անելու» /Էջմիածին/։ Ինչպես ինքն է նկարագրում, դյուրահավատության բացառիկ ունակություններով օժտված ժողովուրդը սակայն հասկացել է իր խաբված լինելը և սկսում է ընդվզել․ «Բաց երկնքի տակ կամ վրաններում պատսպարվելը՝ տնազուրկ տարեցների համար բնավ սարսափելի չէր։ Սոցիալական արդարության կազմաքանդման գործընթացը խումբ խումբ միավորում էր ժողովրդին»։ Կարծես թմբիրից արթնանալու հույսեր և ի պատասխան այս ընդվզման՝ «ես ծանր հրետանին էի, որը ժամանակավորապես լռելու և անտեղյակության տպավորություն էր ստեղծելու»։

Իր ազգակործան մեկ այլ նպատակի մասին ասում է․ «Մենք կայուն հետևողականությամբ մեր երկիրը կդարձնենք բազմազգ, բազմակրոն, ազատ ու անկախ ինքնիշխան պետություն, ու ոչ մի ազգայնամոլական նկրտում անպատիժ չենք թողնելու, նույնիսկ եթե դա վերաբերի ազգային լեզու և գրականություն, պատմություն և եկեղեցի եզրույթներին»։ Վախկոտ համարձակությամբ դատապարտում է առողջ ուժերին, ովքեր համարձակվում են հակառակվել մեծն ինքնամեծարին, ովքեր «բացարձակապես անտեղյակ են ժողովրդի սիրտը շահելու, նրան հաճոյանալու հնարամտությունների արվեստին»։ Հեգնում է անգամ Մաշտոցին և հայ մեծերին։ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» հանճարեղ միտքը համարում է «ձեր սրբերից մեկի բերանից դուրս թռած միտք»։

Ազգակործան մտքերին ժամանակ առ ժամանակ հակադրվում է ներքին ձայնը, ականջին են հասնում տատի մեղադրող խոսքերը, հանգուցյալ մոր սթափեցնող խոսքերը, որոնց կարողանում է սաստել «բանականությամբ»․ «Ներքին ձայնս, անշուշտ, կռահեց, որ դժվարությամբ եմ զսպում բարկությունս, և երկու ոտք ուներ, երկուսն էլ փոխ առավ ու չափ ընկած, կատաղած ցլի պես փնչացնելով, հեռացավ։ Նա գիտի, որ հեղափոխության հաղթանակից հետո իր ներկայությունն իմ կյանքում այլևս ցանկալի չէ և օրերից մի օր իրեն ուղարկելու եմ գրողի ծոցը»։ Այդ տկարամիտն անգամ սպառնում է աշխատանքից ազատել ներքին ձայնին։ Մտքի պայծառացման այդ պահերին, երբ կարողանում է մտածել սթափ բանականությամբ, անմիջապես սթափվում է․ «Չէ արա, էս ի՞նչ եմ ասում։ Ներողություն, ճիշտ հակառակը»։ Այդ պահի ազդեցությամբ էլ նկարագրում է իրականությունը․ «Հաճախ, հեղափոխությունների արդյունքում, իշխանական գահերին ու պալատներին են տիրանում մարդ արարածի կերպարանքով քողարկված քարանձավի և ախոռի բնակիչները, որոնք երբեք և ոչինչ չեն կառուցել, նախանձով ու չարությամբ են ոչնչացնում սերունդների կողմից դարերի տքնաջան աշխատանքով ստեղծված արժեքները, կործանում երկրներ ու պետություններ, ազգերի պատմական հիծողությունը, համամարդկային մշակութային արժեքներ»։ Այսինքն՝ հեղափոխությունն, ըստ հեղինակի, միշտ չէ, որ հետապնդում է բարի նպատակներ։

Գավառական իր մտածողությանը հավատարիմ է երկրի կառավարման գործում։ Բացահայտվում է վերջապես, որ նա ոչ թե նպատակ ունի բարելավել երկրի վիճակը, այլ վրեժ լուծել նախկիններից, ովքեր հասկացել էին իր՝ ապիկարի իշխանատենչությունը և հիմա կարող է հատուցել իր կրած նվաստացումների համար, թեկուզ դա լինի ժողովրդի կյանքի և բարօրության հաշվին։ «Թքած ունեմ ձեր կարծիքի վրա։ Ասելու եմ՝ ինչ ուզեմ, բանակցելու եմ՝ ինչ ուզեմ, անելու եմ՝ ինչ ուզեմ»։

Խնդիրների լուծման ուղիները ներկայացնում է Դոն Կիխոտի և Սանչո Պանսայի երկխոսությամբ։
Ի պատասխան Սանչո Պանսայի այն պնդմանը, թե պայքարում էին հանուն հորինված աշխարհի, որը գոյություն չուներ, երևակայական էր, Դոն Կիխոտը պատասխանում է․ «Հեղափոխականները միշտ խաբում են ժողովրդին՝ խոստանալով լինել այն տեսակը, որպիսին կա, գոյություն ունի, իսկ իրենք գիտեն, որ երբեք այդպիսին չեն լինելու, քանզի այդպիսին պետք է պատրաստ լինի զոհողությունների, պետք է հրաժարվի բազմաթիվ բարիքներից, որովհետև իրական բարիքը ճիշտ և արդար ապրած կյանքն է։ Սանչո, մի՞թե մեր կյանքն անիմաստ ենք ապրել և մեր հեքիաթը պարտվեց իրականությանը․․․»։

Վեպի ավարտին վերջապես վերագտնում է ինքն իրեն՝ լոգարանի հայելու միջից նայում է նույն ինքը՝ սատանան։ «Ինձ սևեռված հայացքը կատաղի ու անհանդուրժող էր, աչքերն՝ անհանգիստ, ասես մարաղ մտած դավադիր էին որոնում, թավ մորութը սրվել, շրթունքները բարակել ու կզակն առաջ էր ցցվել։ Ներքին ձայնս հուշում էր, որ լոգարան է ներխուժել անտեսանելի չար ուժ, որը, ուր որ է կարող է հարձակվել ինձ վրա, սեղմել կոկորդս, խեղդել, գանահարել, բանադրել, արյունս խմել․․․

Իսկ սատանան հո պոզով պոչով չի՞ լինում»։ Եվ որպես լիարժեք լրացում այս ամենի՝ սատանայի քրքջոցն է՝ «Զուր ես այսուայնտեղ որոնում և ինձ հայտնաբերելու հրամաններ արձակում, քանզի ես քո ներսում, քո էության մեջ եմ։ Մենք անբաժան ենք։ Ես քեզ մշտարթուն հետապնդող քո ստվերն եմ, իսկ միգուցե դու՞ ես իմ ստվերը․․․»։

Եվ կատարվում է բաղձալին, հաղթում է հեքիաթը՝ սատանային փակելով ճաղերի հետևում։
«Առաջնորդը․ Ալֆան և Օմեգան» երգիծավեպը զգաստության կոչ է ժողովրդին, թմբիրից արթնանալու և ազգային արժանապատվությանը տեր կանգնելու հորդոր։

Գոհար ՋՈՒԼՀԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930