Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանն այս պահին ՀՀ քննչական կոմիտեի շենքում է, աջակիցներն էլ շենքի դիմաց են։ Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած երեկվա այցից հետո իրավապահները բերման են ենթարկում կամ հարցաքննության կանչում Սյունիքի մի շարք համայնքապետերի եւ քաղաքացիների։ Իշխանամետները երեկվանից լուրեր են տարածում, թե Մխիթար Զաքարյանը Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցերի կազմակերպիչներից է եւ կասկածվում է խուլիգանություն կազմակերպելու համար։
«Մխիթար Զաքարյանը ձերբակալվել է։ Երբ Ես եւ Մխիթար Զաքարյանը Մեղրիում ներկայացանք ոստիկանական բաժին, ՀՀ փոխոստիկանապետն ասաց, որ պարոն Զաքարյանի մասնակցությամբ որեւէ գործողություն չի կատարվելու։ Սակայն մեկ ժամ անց չորս ոստիկաններ գալիս են պարոն Զաքարյանի տուն ու ասում, որ նա հրավիրվում է բաժին։ Թե ինչ կարգավիճակով, այն էլ գիշերվա երեքին, ոստիկանն ասում է, որ իրավասու չէ հարցերի պատասխանել»,-պատմեց ՔԿ շենքից դուրս եկած Գայանե Պապոյանը՝ Մխիթար Զաքարյանի պաշտպանը։
Նրա ասելով՝ հետո հրավիրել են Կապանի բաժին, որտեղ չհասած պարզ է դառնում, որ Զաքարյանին իրականում Երեւան են բերում․ «Որեւէ մեկը չի բացատրել, թե ինչու են հրավիրել ՔԿ, ինչ կարգավիճակով։ Ըստ վարույթ իրականացնող մարմնի՝ Մեղրիում երեկ տեղի ունեցած դեպքերի կազմակերպիչ է Մխիթար Զաքարյանը, սակայն չեն կարողանում բացատրել կասկածանքի էությունը։ Պարոն Զաքարյանը ցուցմունք է տվել, որ քրեական գործը շինծու է, չի ընդունում կասկածանքը։ Մեզ որեւէ փաստ չի ներկայացվել»։ Պաշտպանը հավելեց, որ բողոքարկելու են Մխիթար Զաքարյանի ձերբակալման որոշումը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ