20-րդ դարի ամենաազդեցիկ ջազային երաժիշտներից մեկի` կոմպոզիտոր, դաշնակահար Հերբի Հենքոքի նախաձեռնությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2011թ. ապրիլի 30-ը հռչակել է Ջազի միջազգային օր: Արդեն 10 տարի է՝ Ջազի միջազգային օրվան միացել է նաև մեր երկիրը` Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանի նախաձեռնությամբ:
Aravot.am-ի հետ զրույցում Կամո Մովսեսյանը նշեց, որ անհարմար դրության մեջ են հայտնվել, քանի որ Երեւանի քաղաքապետարանը նախ բանավոր տվել է համաձայնությունը Ջազի օրը նշելու մասին, ապա հետագայում անհասկանալի պատճառաբանություններով մերժել, ավելին` Կամո Մովսեսյանի ասելով սպառնացել են. «Եթե սրեք այս հարցը, մենք ձեր նախահաշիվը կհրապարակենք»:
Ի դեպ, Երեւանին պատիվ բերող ջազային տոնի բյուջեն միշտ նույնն է եղել` 15 մլն դրամ: Կամո Մովսեսյանն էլ պատասխանել է. «Եթե դուք չհրապարակեք, ես եմ հրապարակելու, բայց այդ դեպքում պետք է նաեւ հրապարակեք, թե Թատրոնի միջազգային օրը ինչի վրա եք ծախսել 45 մլն դրամ»:
Ինչպես միշտ պատշաճ կարգով Ջազի հայկական ասոցիացիան երկու ամիս առաջ նամակով դիմել է քաղաքապետարան` ակնկալելով, որ այս տարի եւս կկազմակերպվի Ջազի միջազգային օրը. «Մտածում էինք, որ այս տարին մի քիչ ավելի տարբերվող պետք է լինի, քանի որ հոբելյանականն է: Նամակ ենք ուղարկել քաղաքապետի անունով, որտեղ նշել ենք, որ այս տարի հոբելյանական է, նամակին կցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակի Ջազի միջազգային օրվա հետ կապված նամակը, որտեղ մեզ հարցում են անում, թե ինչ ծրագրեր ունենք եւ ինչպես ենք նշելու հոբելյանական տարին:
Կարդացեք նաև
Բանավոր պատասխան ենք ստացել քաղաքապետարանից, սկզբում ասել են, որ չենք նշելու, հետո ասել են, որ նշելու ենք, բայց ուրիշ ձեւաչափով` ոչ թե Կասկադում, այլ թանգարաններում: Մեր ողջ թիմը սկսել է աշխատել այդ ուղղությամբ, որովհետեւ էական չէ, թե որտեղ կլինի միջոցառումը, կարեւորն այն է, որ այդ օրը նշվի: Եղել ենք Երեւանի պատմության, Էրեբունի թանգարաններում, Սարյանում, Փարաջանովում, Կոնյակի գործարանի թանգարանում, պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, բոլոր տեխնիկական հարցերը լուծել ենք ու կրկին ստացել ենք պատասխան, որ չեն նշելու»,-թնջուկի ժամանակագրությունը այսպես ներկայացրեց Կամո Մովսեսյանը:
Մեր հարցին ի պատասխան նա ասաց, որ ինքն էլ չի հասկանում, թե որն է մերժման պատճառը. «Եթե մարդիկ խնդիր ունեն կոնկրետ Կամո Մովսեսյանի կամ Ջազի հայկական ասոցիացիայի հետ, թող ուրիշ մարդ կազմակերպ Ջազի օրը, կարեւորը կայանա, նշվի, որովհետեւ դա վարկանիշային միջոցառում է, եւ Երեւանի անունն է բարձրացնում… Դա տարազի, սուրճի, թեյի ու նման այլ բաների փառատոնի չի, որոնց համար միշտ փող գտնվում է: Բոլոր քաղաքակիրթ երկրներում այդ տոնը նշվում է:
Ես կապվել եմ նաեւ քաղաքապետի օգնականի հետ, հարցրել եմ, թե որն է խնդիրը, պատասխանել է, որ կխոսի քաղաքապետի հետ: Դրանից հետո կրկին բանավոր համաձայնություն ենք ստանում, ասում են` անում ենք, բայց ոչ թե Կասկադում կամ թանգարաններում, այլ Սիրահարների այգում եւ սահմանում են այն բյուջեն` 15 մլն դրամ, որը 10 տարի եղել է: Մենք հավատալով իրենց` գնում ենք Սիրահարների այգի, 4 տեղ բեմ ենք նախատեսում, խոսում ենք բոլոր խմբերի հետ, պայմանավորվում ենք, որ ապրիլի 30-ին, ժամը 17-ին միջոցառումն է լինելու, ստենդ ենք պատվիրում, ծախսեր անում»:
Ջազի հայկական ասոցիացիայի նախագահը հավելում է, որ նախապես ուղարկել են նաեւ նախահաշիվը` ըստ քաղաքապետարանի նշած բյուջեի, ու քանի որ բանավոր համաձայնություն էր եղել, իրենք նաեւ անոնս էին հրապարակել, որ Սիրահարների այգում նշվելու է Ջազի օրը: Նրա խոսքով, քաղաքապետի մամուլի խոսնակն ասել է, որ Ջազի օրը չի կարող նշվել պատերազմի եւ քովիդի պատճառով պայմանավորված գումարի սղությամբ:
«Ես իրեն ասում եմ` 20 տարի այդ գործի մեջ եմ, որից 15 տարին աշխատել եմ պետական կառույցներում ղեկավար պաշտոններում, դա կարող եք ասել այնպիսի մարդկանց, որոնք երբեք որեւէ միջոցառում չեն կազմակերպել: Եվ եթե պատճառը դա է, ինչո՞ւ այդ նույն պատճառը չի վերաբերվում Թատրոնի միջազգային օրվան, ու միայն Ջազի միջազգային օրվա՞ն է վերաբերվում: Եվ մամուլի խոսնակը չի կարողանում ինձ պատասխան տալ… Չէ՞ որ մենք պետք է պատասխան ուղարկենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակ, թե Երեւան քաղաքը 2021 թ․ հոբելյանական Ջազի միջազգային օրն ինչ է արել»,-ասում է Կամո Մովսեսյանը:
Նա նաեւ հավելում է, որ քաղաքապետի մամուլի խոսնակը նշել է, թե այդ միջոցառումը ցանկից հանվել է, սակայն քաղաքապետարանի պաշտոնական կայքում այն առկա է. «Հետաքրքրության համար մտա Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայք, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է 2021 թ․ միջոցառումների ցանկը` ներառյալ Ջազի միջազգային օրը»: Կամո Մովսեսյանն ընդգծեց, որ Երեւանի քաղաքապետարանից մերժումը գրավոր է պահանջում:
Aravot.am-ի հետ զրույցում Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայոբ Կարապետյանն ասաց, որ Ջազի միջազգային օրը չի նշվել անցյալ տարի, եւ Երեւանի քաղաքապետարանը նպատակահարմար չի գտել նաեւ այս տարի կազմակերպել այդ համերգը: «Մի շարք պատճառներ կան, պատճառներից մեկը մասնավորապես համաճարակային իրավիճակն է, որը շարունակվում է լարված մնալ եւ նաեւ հետպատերազմական երկրում ֆինանսները, մասնավորապես` համայնքի ֆինանսները, որոնք բաշխվում են ըստ խիստ նպատակահարմարության»:
Մեր դիտարկմանը, որ Կամո Մովսեսյանը տարօրինակ է համարում այդ պատճառաբանությունը Ջազի միջազգային օրվա հետ կապված, հատկապես որ Թատրոնի միջազգային օրն է նշվել վերջերս եւ 45 մլն դրամ է ծախսվել, Հակոբ Կարապետյանը պատասխանեց, որ չի մեկնաբանում Կամո Մովսեսյանի հայտարարությունները:
Քիչ անց էլ հավելեց. «Կենտրոն վարչական շրջանը քաղաքի մի քանի հատվածներում կազմակերպում է փոքրիկ միջոցառում` Ջազի միջազգային օրվան նվիրված»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կամո Մովսեսյանի լուսանկարները` նրա Ֆեյսբուքյան էջից