Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մենք պետք է շարունակենք ապրել ու արարել հայրենի հողում. Արցախի Ազգային ժողով

Ապրիլ 22,2021 20:01

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 106-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ապրիլի 24-ին աշխարհի բոլոր ծագերում հայ ժողովուրդը և բարի կամքի տեր մարդիկ ոգեկոչելու են մեր 1,5 մլն սուրբ նահատակների հիշատակը:

Հայ ժողովրդին իր պատմական հայրենիքում բնաջնջելու Թուրքիայի հանցավոր քաղաքականությունը հանդիսացավ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը:

Այդ ամենը կատարվեց աշխարհի լուռ և շահանկատ հայացքի ներքո: Մեր ժողովրդի միլիոնավոր զավակներ ցեղասպանվեցին, հայրենազրկվեցին:

Պետականորեն կազմակերպված, այլատյացության ծնունդ այդ հանցագործությունը չունի վաղեմության ժամկետ:

Ոճրագործին չպատժելը նրան մղում է նոր հանցագործության: Այս ճշմարտությունը դարձնելով գործելաոճ, ավելի քան մեկ դար անց, Թուրքիայի ղեկավարությունը շարունակում է հետապնդել հայ ժողովրդին:

Այսօր Թուրքիայի կողմից ցեղասպանության ժխտողականության և արդարացման քաղաքականությունը որդեգրել է նրա հոգեզավակ Ադրբեջանը: Բաքվում, Սումգայիթում, Գանձակում, Գետաշենում և Մարաղայում կին, ծեր ու մանուկ սպանվեցին, հազարավոր մարդիկ էլ տեղահանվեցին հայ լինելու պատճառով:

2020թ. Արցախյան 3-րդ պատերազմը, բազմահազար անմեղ զոհերը, հայրենի երկրի մեծ մասի կորուստը, հետպատերազմյան շրջանում հայկական ազգային, քրիստոնեական հուշարձանների նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքը նորից և նորից հուշում են, որ Թուրքիան և Ադրբեջանը իրենց քաղաքական օրակարգից հայասպանության ծրագիրը չեն հանել:

Ոգեկոչելով մեր սրբադասված նահատակներին՝ հայ ժողովրդի արժանապատվությունը և գերագույն արժեք պետականությունը պահպանելու համար, մենք ազգովի առավել քան պատասխանատու պետք է վերաբերվենք ներքին և արտաքին առկա մարտահրավերներին: Մենք պետք է շարունակենք ապրել ու արարել հայրենի հողում: Դա կլինի լավագույն հաղթաթուղթը Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման ճանապարհին:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930