Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե այսպես շարունակվի, նույնիսկ կարող է 4-4.5 տարի հետո հարց առաջանալ ռուսական զորքերը միջազգային  խաղաղապահներով փոխարինելու». Հովսեփ Խուրշուդյան

Ապրիլ 22,2021 17:58

 «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի կարծիքով՝ հայ ռազմագերիների հարցը միջազգային հարթակներ տանելը մեզնից կախված չէր: «Հոդված 3» ակումբում տեսակապի միջոցով այս թեմայով անցկացված քննարկման ընթացքում նա մանրամասնեց.  «Իրականում մենք կարող էինք լինել ձևական նախաձեռնողը, բայց իրականում այդ գործընթացը պետք է դիտարկել շատ ավելի լայն համատեքստում, որն ավելի շատ վերաբերում է Ռուսաստանին, քան Հայաստանին: Արևմուտք-ՌԴ այսօրվա հարաբերությունների սրումը, որը որոշ փորձագետներ անվանում են սառը պատերազմ, իր հետ բերում է նաև որոշ ազդեցություն»:

Հովսեփ Խուրշուդյանը փաստեց՝ արցախյան հակամարտության մեջ ՌԴ-ն վերջերս դարձել է հիմնական միջնորդը և ստանձնել է պարտավորություն հատկապես պատերազմի կանգնեցման առումով: Սակայն, ըստ Հովսեփ Խուրշուդյանի՝ օրինակ, եռակողմ պայմանագրում նշված կետերից միայն տարածքների դեօկուպացիայի կետն է կատարվել:

Անդրադառնալով ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիների վերադարձի թեմայով քննարկումներին՝ նա նշեց՝ այս ճնշումները ոչ թե միայն Ադրբեջանի վրա են, այլ ուղղված են ՌԴ միջնորդությունը հարցականի տակ դնելուն: Դրան հակառակ ՌԴ-ն անընդհատ փորձում էր արդյունքներ ապահովել: Ուզում էր կոմունիկացիաներն ամեն գնով  բացել, որը չի ստացվում, քանի որ Ադրբեջանն է դրա դեմ. ինչ-ինչ միջանցքի պահանջ է դնում, որը արձանագրված չէ հայտարարության մեջ: Փորձում էր գերիների հարցը լուծել, էլի չի ստացվում. Ադրբեջանն է դիմադրում: Հրադադարի ռեժիմն էլի խախտվում է. վերջին օրերի զարգացումները նայեք: Հարց է առաջանում՝ այդ դեպքում ռուսական զորքերի՝ այնտեղ մնալու իմաստը ո՞րն է, եթե հայտարարության մեջ ստանձնած որևէ հարց չի կարողանում իրականացնել: Միակ բանը տարածքների, այսպես կոչված, դեօկուպացիան էր, որը միջազգային հանրությունը համարում էր, որ Ադրբեջանինն է: Դրանից այն կողմ ՌԴ-ն ոչ մի հարց լուծել չի կարողանում, և այս ԵԽԽՎ քննարկումները հենց նաև դրան են միտված: Պատահական չէ ռուսական պատվիրակության դեմ կամ ձեռնպահ քվեարկելը գերիների հարցը այս հարթակ մտցնելուն: Հասկացել են, որ այն ալիքի մի մասն է, որը նշանակում է Ռուսաստանին ասել կամ քայլեր ձեռնարկել կամ ընդունել Մինսկի ավելի մեծ դերակատարումը: Եվ եթե այսպես շարունակվի, նույնիսկ կարող է 4-4.5 տարի հետո հարց առաջանալ ռուսական զորքերը միջազգային  խաղաղապահներով փոխարինելու»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930