Ինչպես տեղեկացրել ենք, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱԺ-ում էր՝ իմքայլականների հետ հանդիպման:
Թե ի՞նչ նպատակով՝ լրագրողների հետ զրույցում Արմեն Գրիգորյանը այսպես բացատրեց. «Վերջերս մենք զեկույց ենք պատրաստել կրիտիկական ենթակառուցվածքների մասին, որը անվտանգության բաղադրիչ էլ ունի եւ գտել ենք, որ նպատակահարմար է կիսվել նաեւ պատգամավորների հետ»:
Խոսելով մեր երկրի անվտանգային միջավայրի մասին՝ Արմեն Գրիգորյանն ասաց, որ, ընդհանուր առմամբ, պատերազմից հետո շատ բաներ փոխվել են, բայց շատ բաներ էլ նույնն են . «Ռազմավարությունը շարունակում է ակտուալ մնալ, բայց պետք է հասկանալ, որ ռազմավարության ցանկացած քննարկում հնարավոր է միայն ընտրություններից հետո: Նոր ռազմավարություն հնարավոր է մշակել միայն ընտրություններից հետո»:
Aravot.am-ը հարցրեց՝ ձեզ եւ ձեր իշխանությանը քննադատում են, որ դուք Թուրքիայի շահերն եք սպասարկում, այս առումով մտահոգություններ են առաջացել ձեր այն մտքի հետ կապված, որ պետք է մոտեցումները փոխենք Թուրքիայի նկատմամբ, կպարզաբանե՞ք՝ կոնկրետ ի՞նչ մոտեցում պետք է փոխենք, առհասարակ, Թուրքիայի հետ ի՞նչ ճանապարհ ունենք անցնելու՝ Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Միայն կարող եմ ասել, որ դրանք, բնականաբար, շահարկումներ են՝ անիմաստ, իրականությունից կտրված: Գիտեք, որ դրանք հիմնականում ֆեյք նյուզի տրամաբանության մեջ են: Fake news տարածքում արտադրվում է, բերվում է մեդիա դաշտ: Այդքանը»:
Կարդացեք նաև
Հարցին՝ խոսվում է ճանապարհների ապաշրջափակման մասին, եթե ճանապարհները բացվեն, մենք անվտանգային խնդիրներ չե՞նք ունենալու՝ Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Ապաշրջափակման հարցերը դեռ քննարկման փուլում են այս պահին: Առարկայական որեւիցե բան այս պահին չկա: Երբ որ առարկայական լինի, այդ քննարկման ընթացքում անվտանգության հարցերը, բնականաբար, առաջնային են լինելու: Նույնիսկ եթե տնտեսական հարցեր ենք քննարկում, անվտանգության հարցերը միանշանակ օրակարգում են եւ բոլոր հարցերին լուծում ենք տալու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ