Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանն այս պահին ՀՀ քննչական կոմիտեի շենքում է, աջակիցներն էլ շենքի դիմաց են։ Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած երեկվա այցից հետո իրավապահները բերման են ենթարկում կամ հարցաքննության կանչում Սյունիքի մի շարք համայնքապետերի եւ քաղաքացիների։ Իշխանամետները երեկվանից լուրեր են տարածում, թե Մխիթար Զաքարյանը Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցերի կազմակերպիչներից է։ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի փոխանցմամբ՝ Մխիթար Զաքարյանին ՔԿ-ում ձերբակալելու են։
ՔԿ-ի դիմաց միջադեպ եղավ Հայաստանի հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Արման Սաղաթելյանի եւ ոստիկանության փոխգնդապետ ներկայացած անձի միջեւ։ Արման Սաղաթելյանը բարձրաձայնեց, որ ՔԿ-ի դիմաց ծառայություն են իրականացնում այդ թվում առանց տարբերանշանի ոստիկաններ եւ կոչ արեց նրանց հեռացնել ծառայության վայրից, որովհետեւ դա օրենքի խախտում է։ Փոխգնդապետն արձագանքեց՝ իրենք են դա որոշում։ Արման Սաղաթելյանը մտահոգություն հայտնեց՝ կամ այդ անձինք ոստիկաններ չեն, որպեսզի որոշակի գործողությունների դեպքում խուսափեն պատասխանատվությունից, կամ ծառայություն են իրականացնում օրինախախտմամբ։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ