Լրահոս
Օրվա լրահոսը

Գոհար Մելոյան. «Մեր իրավապահ մարմինները սահուն կերպով վերածվեցին Նիկոլ Փաշինյանի վենդետայի գործիքի՞»

Ապրիլ 22,2021 17:19

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը անդրադառնալով երեկ Սյունիքի մարզում տեղի ունեցած իրադարձություններին եւ դրան հաջորդած գործընթացներին՝ ասում է. «Երեկվանից անհեթեթ իրավիճակների ականատեսն ենք դառնում: Վարչապետը այցելեց Սյունիք: Տարօրինակ զուգադիպությամբ այդ այցը համընկավ թշնամի պետության ղեկավարի այն հայտարարությանը, որով նա կրկին տարածքային նկրտումներ ներկայացրեց Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ: Այստեղ հռետորական հարցեր են ծագում. արդյո՞ք հնարավոր է՝ պատահական չեն այս համընկնումներն ու զուգադիպությունները, արդյո՞ք հնարավոր է, որ Հայաստանի Հանրապետությունից կրկին տարածքային զիջումներ են լինելու: Առաջին անգամ չէ: Արցախյան այս պատերազմից հետո արդեն ունեցել ենք այն դեպքում, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը փոփոխման ենթակա է բացառապես հանրաքվեի՝ ՀՀ ազգաբնակչության որոշման արդյունքում: Եվ արդյո՞ք այց կատարելը Սյունիքի մարզ միտում չէր:

Ինչո՞ւ են հրահրվում սյունեցիները: Որովհետեւ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հատկապես Սյունիքի մարզի ազգաբնակչությունը ծայրաստիճան դեմ է տրամադրված իշխող ուժին: Ու իրենց ցասումը պատճառներ ունի: Սյունեցիների երեկվա ընդվզմանը մասնակցող մարդիկ կային, օրինակ, համայնքապետերը, որոնք այս վերջին պատերազմում առաջնագծում են եղել, իրենց տարածքների ինքնապաշտպանությունը ինքնուրույն կազմակերպել են, անգամ վիրավորում ստացել: Ընդ որում, հրադադարից հետո, երբ թշնամին շարունակում էր հրաձգությունները, թաղապետերի խնդրանքն իշխող ուժին, որպեսզի զենք տրամադրեն ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար, տարօրինակ ու անբացատրելի կերպով մերժվել է: Պատկերացնո՞ւմ եք: Չեն խնդրում՝ գալ եւ իրենց պարտականություններին համապատասխան զինված ուժեր տրամադրել, այլ ընդամենը խնդրում են տեխնիկապես ապահովել, որպեսզի իրենք՝ սյունեցիները կարողանան ինքնապաշտպանվել:

Երեկվա ակցիային մասնակցում էին շուռնուխցիներ, իսկ Շուռնուխը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի գյուղ է, որոնց տները փաստացի հանձնվել են թշնամուն: Այնտեղ անձինք կային, որոնք իրենց տները վառել էին, որպեսզի դրանք չանցնեին թշնամուն: Եվ հենց հիմա տեսագրություն է տարածվում, թե ինչպես է այդ անձը քննչական կոմիտեում ենթարկվում խոշտանգման, նվաստացուցիչ վերաբերմունքի:

 

Այսինքն, մեր իրավապահ մարմինները սահուն կերպով վերածվեցին Նիկոլ Փաշինյանի վենդետայի գործիքի՞: Ի՞նչ է սա, ի՞նչ բացատրություն սա կարող է ունենալ:

Մենք երեկ ականատես եղանք աննախադեպ մի տեսագրության, որտեղ Նիկոլ Փաշինյանը հրահանգում է իրավապահ մարմիններին:

Սա առերեւույթ փաստ, ապացույց է առ այն, որ Նիկոլ Փաշինյանը հանրության առաջ դատախազության ներկայացուցչին, քննչական կոմիտեի ներկայացուցչին հարցադրումներ է ուղղում, հանձնարարություններ է տալիս, նրանք էլ հոտնկայս, գործադիր իշխանության ղեկավարին զեկուցում են իրենց կողմից հարուցված կամ հարուցվելիք գործերի մասին: Սա իրավական պետության մի շարք սկզբունքների ոտնահարում է եւ իրավական պետության որեւէ տրամաբանության մեջ չի տեղավորվում: Թե՛ մեր Սահմանադրությունը, թե՛ օրենքները չունեն նմանաբնույթ նորմ, որը վարչապետին, որպես գործադիր իշխանության ղեկավարի, Նիկոլ Փաշինյանին իրավունք տա հանձնարարականներ տալ, կամ միջամտել որեւէ քրեական գործի վարույթի»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930