Այսօր՝ ապրիլի 22-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Լիլիթ Սարգսյանի նախագահությամբ քննարկվում էր Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի` զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու և հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջների մասին:
Պատասխանող Արամ Մանուկյանի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը դատավոր Լիլիթ Սարգսյանին բացարկի միջնորդություն ներկայացրեց: Միջնորդության հիմքում դրված փաստարկներից մեկն այն էր, որ դատարանը շարունակաբար, առանց բավարար ապացուցողական հիմքի, հայցվոր կողմի պահանջով հետաձգել է դատական նիստերը, չի ընդունել պատասխանողի կողմից ներկայացված՝ գործին վերաբերող ապացույցները, մեկ այլ դեպքում էլ պատասխանողին թույլ չի տվել ներկայացնել իր դիրքորոշումը:
«Նման գործողությունները կարող են վկայել կամ նախագահողի կողմնակալության մասին, որի նպատակը դատավարության կողմերից մեկի առավելությունն ապահովելն է, կամ դատավորի մասնագիտական անբավարարության մասին, ինչը չի համապատասխանում իր մասնագիտական որակներով զբաղեցրած պաշտոնին: Երկու դեպքում էլ ակնհայտ է, որ նախագահողը չի կարող հանդես գալ որպես անկողմնակալ, անկախ և անաչառ դատարան»,- ասաց Արամ Մանուկյանի ներկայացուցիչ Եգորյանը:
Նա նաև նշեց, որ նման վարքագծով դատավորը համալրում է Ռոբերտ Քոչարյանի թիմը՝ որպես իրավաբան: Ի առարկություն այս հայտարարության՝ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը դատարանին խնդրեց ապահովել դատական նիստում քաղաքական հայտարարությունների հնչեցման բացառումը:
Կարդացեք նաև
Հայցվորի ներկայացուցիչ Անի Ալավերդյանն առարկեց ներկայացված միջնորդությանը նշելով, որ մեկ տարուց ավելի հենց պատասխանողի միջնորդությունների պատճառով դատական նիստեր չեն իրականացվել: Ավելին, նա հայտարարեց, որ պատասխանողի կողմից ներկայացրած ոչ մի միջնորդություն չի բավարարել դատավարական իրավունքի պահանջներին, նույնիսկ չի տրամադրվել հայցվոր կողմին:
«Դատարանի կողմից բացարկի միջնորդության բավարարումը կխախտի դատարանի՝ օրենքով ստեղծված լինելու պահանջը և կդիտվի որպես արդարադատության իրականացումից հրաժարում»,- ասաց Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը:
Դատական նիստի ընթացքում բազմիցս ընդհարումներ եղան նախագահող դատավորի և Տիգրան Եգորյանի միջև, քանզի Եգորյանը շարունակ նշում էր դատավորի քաղաքական համակրանքների մասին, դատավորն էլ պատասխանում էր. «Ձեր խոսքով մի փորձեք խարխլել դատարանի հեղինակությունը: Ես քաղաքականապես չեզոք մարդ եմ և թույլ չեմ տա նախագահող դատարանի հասցեին նման հայտարարությունների կատարումը»:
Բացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար նիստն ընդհատվեց: Այն կշարունակվի վաղը՝ ապրիլի 23-ին, երբ կհրապարակվի բացարկի միջնորդության քննության արդյունքում կայացված որոշումը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ