Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պատերազմի չբուժված հուզական վերքերը». Արցախյան պատերազմի մարդկային դեմքերը՝ ՀԲԸՄ տեսաշարում

Ապրիլ 22,2021 16:54

Արդի պատմաբանները, լրագրողները և մարդու իրավունքների ջատագովները հակված են համաձայնելու, որ իրենց տեսածի մասին սովորական քաղաքացիական անձանց և պատերազմից տուժածների վկայությունները տվյալները արձանագրելու և վերլուծելու բազմադեմ գործընթացի արժեքավոր ուղղություն են՝ լուրերը հայտնելու, ռազմական հանցագործությունների քննության, պատմական վեճերը հարթելու կամ բնական կամ մարդածին աղետների պատճառական գործոնները վեր հանելու առումով:

2020 թվականի 44-օրյա պատերազմը նման մի իրադարձություն է, որը պահանջում է խորությամբ հաշվի առնել այն իրողությունները, որ ի հայտ եկան պատերազմական մշուշի, արտակարգ տարհանումների և սիրելիների կորստի կամ տեղահանված փախստականի կյանքով ապրելու հուզական տրավմաների պայմաններում:

«ՀԲԸՄ-ի Ճշմարտության ձայները նախաձեռնություն է, որը նպատակ ունի պատերազմի սառը վիճակագրությունը ներկայացնելու մարդկային դեմքով, անունով և կյանքի պատմությամբ, ընդ որում, պատերազմը սանձազերծողները շարունակաբար փորձում են դիվային և անմարդկային լույսի ներքո ներկայացնել մի ողջ տեղաբնիկ ազգային փոքրամասնության», – ասաց Նյու Յորքում հիմնված ռազմավարական հաղորդակցության փորձագետ և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Կենտրոնական վարչության անդամ Արդա Հարաթունյանը: «Այն նաև նախատեսում է ապահով տարածքի տրամադրում տուժածներին՝ իրենց տրավման, վիշտը և խորագույն հիասթափությունները հաղթահարելու համար՝ կապված իրենց աղետալի դրության հանդեպ աշխարհի լռության հետ», – հավելեց նա:

Կալիֆորնիայում գործունեություն ծավալող մարդու իրավունքների ակտիվիստ Բոննի Աբաունզան նշում է, որ բանավոր պատմությունների այնպիսի նախաձեռնությունները, ինչպիսին է «Ճշմարտության ձայները», կարևոր նշանակություն ունեն «ոչ միայն պատմական իրադարձությունների մասին տեղեկություններ հավաքելու և արձանագրելու առումով, այլև ստիպում են մտորել այն մասին, թե բռնությունն ու տրավման ինչպես են անդրադառնում բռնությունների և հակամարտության ավարտից հետո անձնական և համայնքային կյանքի յուրաքանչյուր օղակի վրա»:

Նա շարունակեց՝ ասելով. «Պատերազմը վերապրածների հետ կատարված աուդիո, վիդեո և տեքստային հարցազրույցները շարժիչ ուժ են քաղաքացիական պատերազմների, էթնիկ զտումների և ցեղասպանության հարցերի շուրջ միջազգային հանրությանը սթափեցնելու և կրթելու համար: Հույս ունենք՝ աշխարհին ստիպել բարոյական պատասխանատվություն ստանձնել հետագա ճգնաժամերը կանխելու և պատերազմական և մարդկության դեմ հանցագործություններ կատարածներին իրենց արարքների համար պատասխանատվության ենթարկելու գործում», – նշեց Աբաունզան:

Ընդունելով, որ ժամանակը կարևորագույն գործոն է պատերազմից տուժածների արժանահավատ պատմությունները հավաքագրելու համար՝ ՀԲԸՄ-ն անհապաղ միջոցներ ձեռնարկեց՝ անմիջականորեն տարբեր մարդկանց  խմբերից բազմաթիվ պատմություններ հավաքագրելու ուղղությամբ: «Մենք հարցազրույցներ ենք անցկացրել տարբեր տարիքի, զբաղմունքի և ընտանեկան կարգավիճակի, տարբեր տեղերից ժամանած մարդկանց հետ», – ասաց Փարիզի փոխքաղաքապետ և ՀԲԸՄ Փարիզի գրասենյակի գործադիր տնօրեն Անուշ Թորանյանը, որը գլխավորում է Եվրոպայի ողջ տարածքը ներկայացնող անկախ դիտորդական մի խումբ՝ «ՀԲԸՄ YERIA» անվամբ: Լրագրողներ, մարդու իրավունքների երիտասարդ ակտիվիստներ, մշակութային դեմքեր և տարբեր երկրներ ներկայացնող տեղացի պաշտոնյաներ երկու անգամ այցելել են Հայաստան և Արցախ (Լեռնային Ղարաբաղի հայկական անվանումը)՝ նպատակ ունենալով իրենց հայրենի երկրներում ներկայացնել այցերի ընթացքում առաջին ձեռքից ստացված և տեղում իրականացված հարցազրույցների ժամանակ հավաքված պատմությունները:

Տեսախցիկի առաջ արված պատմությունները, որոնք խմբագրվել են ժամանակի և դիտողի համար ընկալելի դարձնելու նպատակով, ներկայացված են տեղի հայերենով և ուղեկցվում են անգլերեն և ֆրանսերեն ենթագրերով, որպեսզի դրանցից օգտվեն մարդիկ աշխարհի բոլոր ծագերից՝ պատմաբաններից մինչև դիվանագետներ, մարդու իրավունքների գերատեսչություններ, միջազգային լրատվամիջոցներ, ուսանողներ և ցեղասպանության կանխարգելման ակտիվիստներ. այսինքն, բոլոր նրանք, որոնք արժևորում են փաստերի հավաստիությունը՝ ճշմարտության, արդարության, հաշվետվականության և, վերջապես, խաղաղության և հաշտության որոնումներում:

Հարցազրույցին մասնակցած 16 անձինք պատրաստակամորեն կիսել են իրենց փորձն ու տեսակետները՝ սկսելով հայկական հսկողության ներքո գտնվող Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական ուժերի առաջին գրոհից և հասնելով մինչև վերջին օրերը՝ ռուսական միջնորդությամբ ձեռք բերված հրադադարը Հայաստանի և Ադրբեջանի միջև, որն ստորագրվեց 2020թ. նոյեմբերի 9-ին: Հարցազրույցներին մասնակցածների թվում էին Կալիֆորնիայից ժամանած մի կամավոր բժիշկ և մարտական վիրավորումից հետո բուժվող մի երիտասարդ հայ զինվոր:

Կազմակերպությունը նաև մեկտեղում է աշխարհասփյուռ հայ համայնքների ջանքերը՝ քաջալերելու, որ նրանք այդ պատմությունները տարածեն իրենց շրջանակներում և ցանցերում: Նյու Յորք վերադառնալով՝ Հարաթունյանն ասաց. «Չափազանց կարևոր է, որ համաշխարհային հանրությունը տեսնի, թե ովքեր են հայերն իրականում. ոչ թե թշնամական քարոզչամեքենայի պատկերածի պես, այլ որպես մարդկային էակներ՝ օժտված աներևակայելի դիմադրողականությամբ, որոնք հայտնվել են պատերազմի ճիրաններում»:

Ավելի քան մեկ դար առաջ, Հայոց Ցեղասպանությունը վերապրածները զրկված էին իրենց պատմությունը աշխարհի ուշադրությանը անմիջականորեն ներկայացնելու միջոցներից, գործիքներից ու հարթակներից, սակայն տասնամյակներ անց բանավոր պատմությունները վերածվեցին պատմագիտական փաստաթղթերը վավերացնող ընդունված գործիքների: Այդ ժամանակ վերապրածները գլորում էին իրենց կյանքի ավագ տարիները, իսկ Թուրքիայի կողմից պատմությունը վերաշարադրելու արշավը արմատներ էր ձգել միջազգային մամուլում: «Այդ պատճառով մեզ համար հրամայական էր՝ անհապաղ հավաքագրել առաջին ձեռքից ստացված այս պատմությունները, քանի դեռ դրանք թարմ են: Հավասարապես կարևոր էր այդ պատմությունները թարգմանելը և դրանք գլոբալ հանրության համար հասանելի դարձնելը», – ընդգծեց նա:

Հարցազրույցի մասնակիցներից ոմանց համար դժվար էր զսպել հախուռն հույզերի ակամա պոռթկումը, երբ վերհիշում էին ինչ-որ մանրամասներ, օրինակ, երբ մի տղա փորձել էր հրթիռներից պաշտպանվել՝ թաքնվելով փոքրիկ անձրևանոցի տակ, կամ երբ նկարագրում էին, թե գեղատեսիլ անտառները ինչպես են բռնկվել ֆոսֆորային զենքերի հարվածից: 1990-ականների և 2016 թվականի քառօրյա պատերազմների միջով անցածները, որոնք մասնակցել են հարցազրույցներին, դեռևս ուշքի չեն գալիս թշնամու կողմից այս անգամ գործադրված բարձր տեխնոլոգիական զինանոցից, հատկապես՝ քիմիական և անօրինական զենքերի, անօդաչուների և կլաստերային զինատեսակների կիրառումից՝ Թուրքիայի կողմից հավաքագրված ջիհադիստ վարձկանների աջակցությամբ»:

ՀԲԸՄ Ֆրանսիայի գրասենյակի նախագահ և «YERIA» նախաձեռնության հեղինակ Նադյա Գործունյանը իր ամփոփիչ խոսքում կենտրոնացավ տուժածների վրա. «Այս աշխատանքի իմաստը այն է, որ ցույց տանք այս անմեղ քաղաքացիական անձանց, որ իրենց վերապրածն ու զգացածը նշանակություն ունեն ուրիշների համար: Իրենց պատմությունների օգնությամբ նրանք մասնակցում են իրենց իսկ փրկության գործին: Դա նրանց տալիս է առաքելության զգացողություն, որն օգնում է մեղմել անօգնականության և զոհի զգացողությունը»:

Նա նաև նշեց, որ այդ պատմությունները ներկայացնելը մեծացնում է խորը իրազեկվածությունը և մտորումները անմեղ կյանքերի վրա պատերազմի դաժան հետևանքների մասին՝ ընդգծելով, թե ինչպես են բազմաթիվ հայ երեխաներ առերեսվել Ադրբեջանի կողմից սանձազերծված այս անողոք պատերազմին: «Նրանք դեռ երկար կկրեն անտեսանելի սպիներն ու չբուժված հուզական վերքերը: Պատերազմի բարձր գինը հաճախ վճարում են գալիք սերունդները»:

ՀԲԸՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930