Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանն այս պահին ՀՀ քննչական կոմիտեի շենքում է, աջակիցներն էլ շենքի դիմաց են։ Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած երեկվա այցից հետո իրավապահները բերման են ենթարկում կամ հարցաքննության կանչում Սյունիքի մի շարք համայնքապետերի եւ քաղաքացիների։ Իշխանամետները երեկվանից լուրեր են տարածում, թե Մխիթար Զաքարյանը Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցերի կազմակերպիչներից է։ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի փոխանցմամբ՝ Մխիթար Զաքարյանին ՔԿ-ում ձերբակալելու են։
«Սյունիքի համայնքապետերը բերման են ենթարկվել եւ ձերբակալվել են Նիկոլ Փաշինյանի հրամանով։ Հաղորդում եմ տալիս հանցագործության մասին, որ Փաշինյանը պաշտոնեական դիրքի չարաշահում եւ լիազորությունների սահմանանցում է կատարել։ Իրավապահներին հորդորում եմ քրեական գործ հարուցել»,-լրագրողների հետ ճեպազրույցում ՔԿ-ի դիմաց ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը։
Նրա խոսքով՝ համայնքապետերի վարքագիծը երեկվա բողոքի ցույցերի ժամանակ եղել է իրավաչափ․ «Ակնհայտ է, որ սա հերթական քաղաքական հետապնդումն է»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ