Լրահոս
Օրվա լրահոսը

13 արգելոց-թանգարանների շարքին կավելանան ևս երկուսը՝ «Դաշտադեմ ամրոցը»՝ Արագածոտնի մարզում, և «Մայրաքաղաք Դվինը»՝ Արարատում

Ապրիլ 22,2021 16:36

ՀՀ կառավարության որոշմամբ՝ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող 13 արգելոց-թանգարանների շարքին կավելանան ևս երկուսը՝ «Դաշտադեմ ամրոցը»՝ Արագածոտնի մարզում, և «Մայրաքաղաք Դվինը»՝ Արարատում: Դրանք  հանրապետական նշանակության հուշարձաններ են և ընդգրկված են Պատմության և մշակույթի հուշարձանների պետական ցուցակում: «Դաշտադեմ ամրոց» պատմաճարտարապետական և «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցների համար անհրաժեշտ տարածքները համարվում են պետական սեփականության պատմության և մշակույթի հողեր: «Դաշտադեմ ամրոց» արգելոցի տարածքը սահմանվել է 0.16716 հեկտար, «Մայրաքաղաք Դվին»-ը՝ 12.72126 հեկտար:

Արգելոցների հետագա պահպանությունն ու շահագործումն իրականացնելու է «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը՝ արտաբյուջետային միջոցների հաշվին:

Հայաստանը հարուստ զբոսաշրջային ներուժ ունեցող երկիր է, և արգելոցների ստեղծումը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը և զբոսաշրջիկների թվի աճին՝ միջազգային տուրիզմի շուկայում որոշակի դիրք զբաղեցնելու հեռանկարով:

 

Դաշտադեմ ամրոց-համալիրը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղի հարավային մասում: Ներառում է միջնաբերդ-դղյակը, դղյակը բոլորող աշտարակավոր պարսպապատը, ամրոցապարիսպը, եկեղեցին, գաղտնուղին, ջրավազանները և այլ կառույցներ: Հուշարձանի թվագրման մասին գրավոր աղբյուրները լռում են: Հնագույն կառույցը միջնաբերդ-դղյակն է․ ենթադրվում է, որ VII դարում Կամսարական տոհմի կողմից կառուցվել է ուրարտական շինության հիմքերի վրա:

Ավելի որոշակի են Դվին մայրաքաղաքի հիմնադրման թվականները: Միջնադարյան Հայաստանի Դվին մայրաքաղաքի ավերակները գտնվում են Վերին Դվին, Հնաբերդ, Վերին Արտաշատ, Նորաշեն, Այգեստան գյուղերի տարածքներում՝ Երևանից մոտ 30 կմ հարավ: Հիմնադրվել է IV դ. 30-ական թվականներին՝ Տրդատ III-ի որդի Խոսրով Բ Կոտակի օրոք: Դվինը բազմաշերտ հուշարձան է: Բնակեցված է եղել դեռևս մ.թ.ա. III հազարամյակից: Պեղումների շնորհիվ բլրի գագաթին և նրա շրջակայքում բացվել է խոշոր բնակավայր` կիկլոպյան կառուցվածքներով, ինչպես նաև` մ.թ.ա. IX-VIII դդ. պաշտամունքային բնակավայր:

Նախագծի նպատակն է նաև ապահովել արգելոցների (ինչպես ՀՀ մյուս հնավայրերի) պահպանության, գիտական ուսումնասիրման, հանրահռչակման և օգտագործման սկզբունքների միասնականությունը, շահառուների համար առավել բարենպաստ պայմանների ստեղծումը:

Արգելոցները և արգելոց-թանգարանները համարվում են մշակութային անշարժ և շարժական, նյութական և ոչ նյութական ժառանգության համալիր պահպանման և կառավարման արդյունավետ մշակութային կազմակերպություններ, ուստի կապահովվեն հուշարձանախմբի ամբողջ տարածքի պատշաճ պահպանությունը, մասնագիտական ամբողջական ուսումնասիրման ու հանրահռչակման հնարավորությունը, զբոսաշրջության երթուղիներում արգելոցի տարածքի ներգրավումը, ինչպես նաև պետական ֆինանսավորման առավել արդյունավետ օգտագործումը: Արգելոցների ստեղծումը միտված է պատմական, հնագիտական, ճարտարապետական անշարժ հուշարձանների, հուշարձանների համալիրների, հուշարձանախմբերի, պատմական և բնապատմական միջավայրի, մշակութային այլ արժեքների ուսումնասիրման և հանրահռչակման աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930