Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին դասարանցիների ընդունելությունը պետական հանրակրթական դպրոցներում, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն, կրկին կատարվելու է առցանց համակարգի միջոցով

Ապրիլ 22,2021 16:19

Առաջին դասարանցիների առցանց հայտագրման հաջորդական քայլերը և ժամկետները

2021-22 ուսումնական տարում առաջին դասարանցիների ընդունելությունը ՀՀ պետական հանրակրթական այն դպրոցներում, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն, կրկին կատարվելու է  hayt.emis.am առցանց համակարգի միջոցով։

1-ին փուլ

Մայիսի 3-ին՝ առավոտյան ժամը 9:00-ից սկսած, ծնողներն իրենց անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը պետք է ստուգեն՝ մուտք գործելով stugum.emis.am կայք։ Այդտեղ բացվում է երկու դաշտ, որոնցում պետք է մուտքագրվի ծնողի և երեխայի հանրային ծառայությունների համարանիշը: Եթե ծնողը մուտքագրել է հանրային ծառայությունների համարանիշը, սակայն ստացել է պատասխան` «Համակարգը չի հայտնաբերել ծնող-երեխա կապը» (որն ավտոմատ պետք է բերվեր Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տվյալների բազայից), ապա ծնողին կառաջարկվի կայքում համապատասխան կոճակին սեղմելու միջոցով տվյալները փոխանցել ՔԿԱԳ, որպեսզի դրանք թվայնացվեն։

2-րդ փուլ

Հունիսի 1-ից՝ ժամը 9։00-ից սկսած, hayt.emis.am կայքում կմեկնարկի բուն հայտագրման գործընթացը՝ ըստ սահմանված առաջնահերթության։

 Հունիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում կհերթագրվեն հետևյալ հայտատուները՝

  • 1-ին դասարան գնացող երեխայի ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է,
  • 1-ին դասարան գնացող երեխան ունի տվյալ դպրոցում արդեն սովորող հարազատ քույր կամ եղբայր:

3-րդ փուլ

Հունիսի 11-ից՝ ժամը 9։00-ից սկսած, կկարողանան գրանցվել նրանք, ովքեր չեն համապատասխանում վերոնշյալ երկու կետերին: Համապատասխան դպրոցում լիցենզիայով սահմանված տեղերը լրանալուց հետո առցանց համակարգը տվյալ դպրոցում գրանցման հնարավորություն չի տալիս: Միաժամանակ քաղաքացին կարող է համակարգի միջոցով խմբագրում կատարել իր ներկայացրած հայտում` փոխելով ընտրած դպրոցը և հայտագրելով այլ հանրակրթական դպրոց:

Հունիսի 11-ից համակարգը բաց է լինելու ողջ ուսումնական տարվա ընթացքում։

Ի՞նչ անել, եթե գտնվում եք արտերկրում

Յուրաքանչյուր ծնող աշխարհի ցանկացած վայրից կարող է իր երեխային առցանց համակարգով գրանցել պետական հանրակրթական դպրոցներում` առաջին դասարան հաճախելու համար. համակարգը բոլորի համար ապահովում է մեկնարկային հավասար պայմաններ:

Եթե ունեք անհրաժեշտ փաստաթղթեր, ապա կարող եք գրանցվել նաև արտերկրից, իսկ եթե փաստաթղթերի, մասնավորապես հանրային ծառայության համարանիշ ստանալու խնդիր ունեք, ապա գործընթացը կարող եք կազմակերպել լիազորագրով` անձնագրի և ծննդյան վկայականի նոտարական վավերացմամբ պատճենների առկայությամբ: Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների ու նրանց երեխաների համար նույնպես հանրային ծառայությունների համարանիշը պարտադիր է․ այն տրամադրվում է անձնագրային բաժիններում հաշվառվելու դեպքում:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930