«Վստահ եմ՝ Ադրբեջանը գին է դրել, հարցն այն է՝ պատրաս՞տ ենք այդ գինը վճարել, թե՝ ոչ»,- «Հոդված 3» ակումբում տեսակապի միջոցով անցկացվող՝ գերիների հարցով քննարկմանն այսպիսի կարծիք հայտնեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը:
Ըստ նրա՝ ցանկացած միջազգային կազմակերպություն ինչ էլ անի հայ գերիների հարցով, միևնույն է՝ անելու է իր շահերից բխելով:
Անդրադառնալով ԵԽԽՎ-ում այս հարցով քննարկումներին, Մոնիտորինգի հանձնաժողովի ընդունած հայտարարությանը՝ նա ասաց. «Միայն Մոսկվայի միջոցով և ռուս խաղաղապահ ուժերի հրամանատարն է Բաքվից այդ մարդկանց բերել: Մեր պատգամավորները, որ գնացել են բանակցությունների, գնացել են Մոսկվա: Տարբեր ինստիտուտներ, իրենց շահերից ելնելով, փորձելու են ներգրավվել այս գործընթացում: Այլ հարց է՝ արդյոք, օրինակ, ԵԽԽՎ-ում, ԵՄ-ում այդ թղթեր սարքելու են գերիների համա՞ր, թե՞ ձևավորված գազի գնի բանակցային իմաստով, քանի որ իրենց խնդիրը չի լինելու՝ 67, թե՞ 200 տղաներ կգան: Ադրբեջանից գազ է գնում Եվրոպա: Սա պիտի գիտակցենք»:
Ըստ նրա՝ գերիների վերադարձի ճանապարհն այն է, որ Ադրբեջանը զգա դրա մեջ այն արժեքը, որ ոչ թե ճնշում գործադրի, այլ վերադարձնի գերիներին: Կամ մենք էլ պիտի ունենանք նույնաթիվ գերիներ:
Կարդացեք նաև
Ըստ նրա՝ այս հարցում ինչ կազմակերպություն էլ ներգրավվի, պետք է Ադրբեջանի հետ պայմանավորվածություն ձեռք բերի, իսկ Ադրբեջանը գին է պահանջելու:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ