Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արցախին 10 տարվա ընթացքում ամեն տարի 10 մլրդ դրամ աջակցություն կտրամադրվի

Ապրիլ 22,2021 15:59

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է տնտեսության վերականգնման միտումներին և 2021 թվականի մարտի ցուցանիշներին:

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Ըստ հաշվետվության՝ 2020 թ. պետբյուջեն եկամուտների գծով կազմել է 1,560,655,340.8 հազար դրամ, ծախսերի գծով` 1,894,647,093.4 հազար դրամ, բյուջեի դեֆիցիտը` 333,991,752.6 հազար դրամ:

Ներկայացնելով հաշվետվությունը՝ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձել է նաև 2019 թ. տնտեսական ցուցանիշներին և նշել, որ Հայաստանը 2019 թվականին ունեցել է վերելքի ժամանակահատված. տնտեսությունն աճել է 7,6 տոկոսով, ինչը հնարավորություններ է ընձեռել փոխել պարտավորությունների կատարման շրջանակը: Ատոմ Ջանջուղազյանն ընդգծել է, որ 2019 թվականին արձանագրված տնտեսական վերելքը հնարավորություն է տվել 2020-ին վերանայել ծախսային քաղաքականությունը, մասնավորապես, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառում շուրջ 11 տոկոս հատկացումների աճ է արձանագրվել, առողջապահության ոլորտում՝ 22 տոկոս աճ:

«Հարկաբյուջետային քաղաքականությունը տնտեսական յուրաքանչյուր պարբերաշրջանին համարժեք պետք է լինի: Երբ տնտեսական վերելք է տեղի ունենամ, այդ ժամանակահատվածում հարկաբյուջետային քաղաքականությունը ոչ թե պետք է իր գործիքակազմով ավելացնի այդ վերելքին նպաստող գործոնները, այլ հակառակը՝ ունենա համեմատաբար պակաս խթանող ազդեցություն, կամ երբեմն՝ զսպող ազդեցություն, որպեսզի կարողանա կուտակել դիմադրողականության պաշար՝ սպասվող տնտեսական այնպիսի պարբերաշրջանում, երբ անկումը դառնալու է անխուսափելի: Այդ տրամաբանությամբ 2019-ին կուտակված դիմադրողականության պաշարը մեզ թույլ տվեց դիմակայել 2020 թվականին ամբողջ աշխարհը ցնցած համավարակի և պատերազմի հետևանքով առաջացած ցնցումներին», -ասել է ֆինանսների նախարարը:
Անդրադառնալով կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը՝ Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ այն 2019-ի վերջին այն կազմում էր 50 տոկոսից ցածր, ինչը թույլ է տվել 2020-ին նոր պարտք ներգրավելու ճանապարհով պահել հարկաբյուջետային քաղաքականության տրամաբանությունը ճգնաժամի ժամանակ: «Արդյունքում ունեցանք ավելի մեծ դեֆիցիտ, քան ծրագրավորված էր: Սկզբում ունեինք բյուջեի 2,3 տոկոսի չափով սպասվող դեֆիցիտի մեծություն, փաստացի ունեցանք մոտ ՀՆԱ-ի 5,5 տոկոսի դեֆիցիտ»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ պետական պարտքի մակարդակը 2020- արդյունքներով կազմել է ՀՆԱ-ի 63,5 տոկոսը և կառավարությունը պետք է ձգտի առաջիկա 5 տարիներին վերադառնալ 60 տոկոսից ցածր շեմին։

Վարչապետը այդ համատեքստում անդրադարձել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից փոխանցված գումարի վերաբերյալ թեմայի շահարկմանը. «Գիտեք, թե ինչ շահարկումներ կային, որ այդ գումարները կառավարությունը պարգևավճարներ է վճարել, այլ կարիքներ է հոգացել: Ես ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ռազմական դրությամբ պայմանավորված ծախսերի համար կառավարությունն իրականացրել է շուրջ 120 միլիարդ դրամի հատկացում: Այդ 120 միլիարդ դրամից 52 միլիարդ դրամն է, որ հատկացրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Այսինքն՝ կառավարությունն, ընդհանուր առմամբ, ռազմական դրության հետ կապված 120 միլիարդ դրամի հատկացում է իրականացրել, հիմնադրամն այդտեղ ունի 52 միլիարդ դրամի չափաբաժին, այսինքն՝ 50 տոկոսից պակաս:

Նաև ուզում եմ ընդգծել, որ վերջերս՝ մարտի 15-ին տեղի ունեցած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ներկայացրել եմ, ընդհանուր առմամբ ծախսերի բացվածքը: Արդյունքում՝ հոգաբարձուների խորհուրդը տարածել է հայտարարություն և վստահություն հայտնել, որ պատերազմի ընթացքում հավաքագրված գումարները նպատակային են օգտագործվել: Սա արձանագրված փաստ է:

Նաև ուզում եմ, իհարկե, շնորհակալություն հայտնել բոլոր նվիրատուներին և բոլորիս ուշադրությունը հրավիրել մի էական և կարևոր հանգամանքի վրա: 1992 թվականից մինչև 2020 թվականի սեպտեմբեր «Հայաստան» համահայկական հիմնադրամի խողովակով հանգանակվել է 247 միլիոն դոլար: Այսինքն՝ 28 տարվա ընթացքում հանգանակվել է 247 միլիոն դոլար՝ Հայաստանում և Արցախում ծրագրեր իրականացնելու համար: 44-օրյա պատերազմի ընթացքում հանգանակվել է 212 միլիոն դոլար: Այսինքն՝ 44 օրում հանգանակվել է 28 տարվա տարվա ընթացքում հանգանակվածի ավելի քան 70 տոկոսի չափ գումար»:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է նաև, որ 3 տարվա ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով Արցախում 110 միլիարդ դրամի ենթակառուցվածքային և բնակարանաշինության ծրագիր կիրականացվի. «3 տարվա ընթացքում Արցախում կիրականացվի ավելի մեծ ծրագիր, քան իրականացվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման օրից՝ 29 տարվա ընթացքում»: Վարչապետը նշել է, որ Ազգային ժողովում բյուջեի կատարման մասին հաշվետվության ժամանակ մանրամասն կներկայացվեն ռազմական դրության հետ կապված ծախսերը:

Հավանության է արժանացել Արցախի կառավարությանն աջակցություն տրամադրելու վերաբերյալ համաձայնագիրը. Արցախին 10 տարվա ընթացքում ամեն տարի 10 մլրդ դրամ աջակցություն կտրամադրվի

Գործադիրը հավանություն է տվել «Արցախի կառավարությանն աջակցություն տրամադրելու վերաբերյալ համաձայնագրին»: Ինչպես նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, նախատեսված է 10 տարվա ընթացքում տարեկան 10 մլրդ դրամ հատկացնել Արցախի կառավարությանը` պատերազմի հետևանքների հաղթահարման նպատակով։ «Մասնավորապես` նախատեսվում է վնասի փոխհատուցում տրամադրել իրավաբանական ու ֆիզիկական այն անձանց, ովքեր պատերազմի հետևանքով կորցրել են հասարակական ու արտադրական նշանակության շենք-շինություն, մարդատար ու բեռնատար ավտոմեքենաներ, գյուղատնտեսական, շինարարական և այլ տեխնիկա, ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործվող հիմնական միջոցներ, կաթնատու և մսատու կենդանիներ, մեղվաընտանիքներ, պտղատու այգիներ ու խաղողի այգիներ»,- ասել է Մեսրոպ Առաքելյանը։

Նախարարը հայտնել է, որ մինչև 5 մլն դրամի աջակցությունը կտրամադրվի միանվագ ֆինանսական աջակցության տեսքով, 5 մլն-ից ավելին` մուրհակի տեսքով: Ըստ Մեսրոպ Առաքելյանի՝ առավելագույն փոխհատուցման չափը կկազմի մինչև 100 մլն դրամ։

Բացի այդ, նախատեսվում է պատերազմի հետևանքով Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում նախկինում բնակվող քաղաքացիների, ֆիզիկական անձանց վարկային պարտավորությունների ամբողջական փոխհատուցում, իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների՝ մինչև 50 տոկոսի փոխհատուցում: Նախատեսվում է նաև ԱՀ-ում մշտապես բնակվող քաղաքացիների, ֆիզիկական անձանց հիպոթեկային, գյուղատնտեսական և փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ վարկերի մասով մասնակի կամ ամբողջական փոխհատուցում առաջիկա երեք տարիների համար: Մեսրոպ Առաքելյանը հայտնել է նաև, որ, Արցախի գյուղական բնակավայրերում նախկինում լքված և կիսակառույց տների շինարարական աշխատանքներ են իրականացվում, ինչի շնորհիվ տունը կորցրած 300 արցախցի ընտանիք է հայրենիք վերադարձել:

Կառավարության մեկ այլ որոշմամբ պետբյուջից միջոցներ կհատկացվեն Արցախի Հանրապետության կառավարությանը՝ Արցախի էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների սուբսիդավորում և Արցախի Հանրապետության ռեզիդենտ և ոչ պետական կազմակերպությունների վարձու աշխատողների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների մասով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձն ապահովելու համար։ Հիմնավորման համաձայն՝ Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի համապատասխան գրության համաձայն՝ Ադրբեջանի կողմից սանձազերված պատերազմի արդյունքում սեփական եկամուտների նվազեցմամբ պայմանավորված՝ անհրաժեշտ միջոցների չափը կազմում է 4,067,376.7 հազար դրամ, որից՝ 1,803,115.0 հազար դրամ էլեկտրաէներգիայի, 924,887.6 հազար դրամ գազամատակարարման, 918,581.2 հազ դրամ կապի ծառայությունների սուբսիդավորման, 420,792.2 հազ դրամ աշխատողների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների մասով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձի գծով։ Ըստ այդմ՝ նախատեսվել է 4,067,376․7 հազ. դրամ, որը Արցախի Հանրապետության կառավարությանը կտրամադրվի նվիրատվության պայմանագրի հիման վրա:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հայտնել է, որ պատերազմի ընթացքում ու դրանից հետո հաստատված ու ընթացիկ ծրագրերով Արցախին Հայաստանից տրամադրված աջակցությունն արդեն կազմում է 74 մլրդ դրամ։ Փոխվարչապետը տեղեկացրել է նաև, որ բոլոր գերատեսչություններից խնայողությունների հաշվին պահուստային ֆոնդը համալրվել է մոտ 40 միլիարդով, որոնք կուղղվեն նաև նոյեմբերին վարչապետի ներկայացրած ճանապարհային քարտեզի միջոցառումների իրագործմանը:

Քաղաքացիական անձանց շրջանում անհետ կորածների, ինչպես նաև գերեվարվածների ընտանիքների անդամները նույնպես կօգտվեն սոցիալական աջակցությունից

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցության միջոցառման և աջակցության տրամադրման կարգում: Ըստ այդմ՝ նախատեսվում է ընդլայնել սահմանված շահառուների ցանկը՝ դրանում ներառելով նաև քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների, ինչպես նաև գերեվարվածների ընտանիքների անդամներին, ինչպես նաև երկարացնել դիմումների ընդունման ժամկետը: Դիմումների ընդունման ժամկետ է սահմանվել մինչև 2021 թվականի մայիսի 1-ը՝ ապրիլի 1-ի փոխարեն, բացառությամբ անհայտ կորածների ընտանիքների անդամների կողմից ներկայացվող դիմումների, որոնց համար ներկայացման ժամկետ է սահմանվել 2021 թվականի դեկտեմբերի 1-ը:

Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ և լրացումներ նախկինում ընդունած որոշումներում՝ պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիների աջակցության տրամադրման համար բավարար ֆինանսական միջոցներ հատկացնելու համար: Աջակցություն է տրամադրվում Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին՝ 300,000 դրամի չափով։ Այս միջոցառման իրականացման համար պետբյուջեից հատկացվել էր 6,329,250 հազար դրամ: Արցախից ստացված և ստացվելիք տվյալների համաձայն՝ շուրջ 2,300 շահառուների դեռևս անհրաժեշտ է վճարել աջակցության գումար։ Ըստ այդմ, նախատեսվում է հատկացնել 690,000 հազար դրամ:

Հոգեբանական վերականգնման ծառայություն կստանան պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների, անհետ կորածների ու գերիների ընտանիքները

Կառավարության որոշմամբ 100 մլն դրամ կհատկացվի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ հոգեբանական վերականգնման ծառայության ձեռքբերման համար: Նախատեսված թիրախային խմբերին հոգեբանական աջակցության տրամադրման, նրանց հոգեվիճակի բարելավման, կայունացման, հուզական լիցքաթափման, տագնապի մակարդակի իջեցման, լիարժեք կյանքին վերադարձնելու, ներքին ռեսուրսները վերհանելու, ինքնուրույնությունը, ինքնավստահությունը, ընդհանուր հոգեբանական առողջությունը և ադապտացիան վերականգնելու նպատակով Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից կազմակերպվել է հոգեբանական վերականգնման ծառայության ձեռքբերման հրատապ բաց մրցույթ, որի արդյունքում հաղթող է ճանաչվել «Սեդա Ղազարյանի անվան հոգեկան առողջության հիմնադրամը»: Ծառայությունը մատուցվելու է մրցույթի արդյունքում կնքված պայմանագրից հետո ֆինանսական միջոցների հատկացման արդյունքում համաձայնագրի կնքման օրվանից սկսած 6 ամսվա ընթացքում: Ինչպես նշել է ԱԻՆ ղեկավար Անդրանիկ Փիլոյանը, առաջնահերթ աջակցություն կստանան պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների, անհետ կորածների ու գերիների ընտանիքները, հաշմանդամություն ձեռք բերած անձիք։

Միջազգային համագործակցություն

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված համագործակցության համաձայնագրի փոփոխություն թիվ 10-ի ստորագրման առաջարկությանը: Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև 2013թ. սեպտեմբերի 28-ին կնքված «Առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված» համագործակցության համաձայնագրում կատարվում է փոփոխություն, համաձայն որի Հայաստանին տրամադրվող ԱՄՆ աջակցության ընդհանուր գումարը ավելանում է 12,940,000 ԱՄՆ դոլարով՝ ԱՄՆ ՄԶԳ նախատեսվող ընդհանուր ներդրումը հասցնելով մինչև 64,340,443 ԱՄՆ դոլարի՝ Համաձայնագրի ներքո ծրագրերի իրականացումը շարունակելու նպատակով: Փոփոխության նախագծով ավելացվում է նաև Հայաստանի Հանրապետության ներդրումը՝ 7,929,286 ԱՄՆ դոլարից դարձնելով 11,047,369 ԱՄՆ դոլար։ Լրացուցիչ ֆինանսական հատկացումները նախատեսվում են ծրագրի Արդար և ժողովրդավարական կառավարում ոլորտին, մասնավորապես՝ իրավունքի գերակայության և մարդու իրավունքների, պատշաճ կառավարման, քաղաքական մրցակցության և համաձայնության ձևավորման, քաղաքացիական հասարակության ոլորտներին, ինչը կխթանի համաձայնագրով ամրագրված նպատակների առավել արդյունավետ իրականացմանը: Հատկացվող միջոցները կնպաստեն քաղաքացիների և այլ անձանց իրավունքների և պարտականությունների առավել արդյունավետ իրականացմանը, մարդու իրավունքների պաշտպանության առավել գործուն մեխանիզմների գործարկմանը, կամրապնդեն կապը պետության, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության սուբյեկտների և անհատների միջև: Փոփոխությամբ նախատեսվում է նաև երկարաձգել համաձայնագրի իրականացման ժամկետը 2023 թվականի սեպտեմբերի 30-ից, մինչև 2025 թ. սեպտեմբերի 30-ը:

Արտոնություններ կտրամադրվեն գերակա ոլորտում ներդրումային ծրագիր իրականացնող ընկերություններին
Գործադիրը բավարարել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ «Գարեգին Հակոբյան Նորայելի» ԱՁ-ի ներկայացրած հայտը: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է զբոսաշրջության ոլորտում (ՀՀ Տավուշի մարզ)։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 4 մլն դրամի ներդրում, կստեղծվի 4 նոր աշխատատեղ` 70 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 4 մլն դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 175,000 դրամ:

Կառավարության որոշմամբ «Դուստր Մարինաննա» ՍՊԸ-ն նույնպես կօգտվի մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքները օգտագործելու է սերուցքային կարագի արտադրության համար (ք. Երևան)։ Արդեն իսկ իրականացվել է 2 մլրդ դրամի ներդրում կարագի արտադրամասի ստեղծման համար: Նախատեսվում է իրականացնել ևս 24․8 մլրդ դրամի ներդրում` հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 347 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 30 նոր աշխատատեղ` 140,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 24․8 մլրդ դրամ, որից 12․8 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 12 մլրդ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 24.8 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը գնահատվում է 3.6 մլրդ դրամ:

Այլ որոշումներ. կընդլայնվի Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տարածքը
Կառավարությունը որոշում է ընդունել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան հիմնադրամին ամրացված գույքը 15 տարվա անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Հայրենիքի պաշտպանի» վերականգնողական կենտրոնին: Դրա արդյունքում անվճար բժշկական օգնություն է տրամադրվելու հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած անձանց: Մասնաշենքի աջակողմյան հատվածում իրականացվելու է վերականգնողական բուժում, իսկ ձախակողմյան հատվածը ծառայելու է որպես պրոթեզավորման լաբորատորիա: Կենտրոնը հագեցվելու է ժամանակ կից սարքավորումներով, ինչը հնարավորություն կտա շահառուներին ունենալ որակյալ և ֆունկցիոնալ պրոթեզներ: Միաժամանակ, շենքի ձախակողմյան հատվածում գործելու է միկրովիրաբուժության բաժանմունք, որը ծառայելու է պատերազմի հետևանքով առաջացած խնդիրների վերացմանը: Շահառուները կենտրոնում ստանալու են նաև կրթություն, լուծվելու են նրանց աշխատանքի տեղավորման, սոցիալական ինտեգրման համալիր խնդիրները:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարությանը կհատկացվի 95,509.1 հազար դրամ՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Արսեն Յավրույանի հետազոտությունը և բուժումը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում իրականացնելու նպատակով: Գումարը ներառում է բժշկական հաստատության կողմից տրամադրված հետազոտման և բուժման համար անհրաժեշտ ծախսերի, կեցության և ճանապարհածախսի հաշվարկը:

Կառավարության որոշմամբ պետբյուջեի պահուստային ֆոնդից 97,954,3 հազար դրամ կհատկացվի Գյումրու համայնքապետարանին «Շիրակ» գերեզմանատան առանձնացված տարածքում Արցախյան երկրորդ պատերազմում զոհված զինծառայողների գերեզմանների կառուցման և բարեկարգման աշխատանքները իրականացնելու նպատակով։ Հատկացված գումարով կառուցվելու է 81 գերեզման։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930