Այսօր ԱԺ-ում պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հետեւանքով զինծառայողների սոցաջակցության ծրագրերի շուրջ քննարկում էր կազմակերպել:
ՊՆ-ում ձեւավորված զինվորների առողջապահական, սոցիալական պաշտպանության եւ վետերանների հարցերով վարչության պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանին ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը հարցրեց զինծառայողների հաշմանդամության կարգ ստանալու գործընթացի մասին: Մարդիկ չգիտեն՝ նրա՞նք են դիմելու գերատեսչություններին, թե՞ իրենց տվյալներն արդեն իսկ ունի պետությունը:
Ալեքսանդր Ավետիսյանը պատասխանեց, որ զոհերի պարագայում պետությունն ինքը տվյալները նույնականացնում է, նրանց գտնում է, սակայն զինհաշմանդամների դեպքում որոշ խնդիրներ են լինում. «Հաշվի առնելով այն, որ երբեմն առանց պատճառահետեւանքային կապի զինծառայողները ստացել են հաշմանդամության կարգ ու գնացել են իրենց տուն, նորից այդ գործընթացում ներգրավվելու համար անհրաժեշտ է ամբողջ փաստաթղթաբանությունը: Այդ առումով բավական լուրջ խնդիր ունենք, ուստի գրություն ենք ուղարկել շտաբի պետին, որից հետո զորամասերը արագ պարբերականությամբ մեզ են ուղարկում վիրավորում ստացած անձանց վիրավորման հանգամանքների վերաբերյալ զեկույցներ: Մենք դրանք հասցեագրում ենք Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողով, որն իրավունք ունի զինհաշմանդամության կարգ տրամադրել: Երբեմն զանգում են, ասում են՝ մենք սպասե՞նք: Ասում ենք՝ այո, սպասեք… Ծնողը զանգահարել է, ասում է՝ Վանաձորում ենք, գա՞նք, թե՞ չէ: Կարող է զինծառայող է, շարժունակ էլ չի: Փորձում ենք ճկուն տարբերակներ գտնել, մենք ճշտել հեռախոսով՝ թղթերը կա՞ն, թե՞ ոչ»:
Էդգար Խաչատրյանը մի քանի հարց ուղղեց. «Գերությունից վերադարձած ժամկետային զինծառայության մեջ գտնվող քաղաքացիներին նորից զորակոչում են: Գործող օրենսդրությունը արգելք չունի, բայց ի՞նչ մոտեցումներ են մշակվում: Մենք նաեւ ահազանգեր ստանում ենք, որ առողջական խնդիրներով մարդիկ անգամ արձակուրդ չեն ստացել, պատերազմի մասնակից, թվում է, թե որեւէ մեկը հոգ չի տանում այս մարդկանց առողջական վիճակի մասին: Կյանքի իրավունքի մասին ենք խոսում այս մարդկանց: Սրանք հարցեր են, որոնք լուծումներ են պահանջում»:
Կարդացեք նաև
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ փակ աշխատանքային քննարկում կունենան այդ հարցի հետ կապված: Գերիների հետագա ծառայության մասին Քոչարյանն ասաց. «Այստեղ խնդիր կա ու ՊՆ-ն մոտեցում ունի: ԳՇ-ին նամակ կուղարկենք, որ հասկանանք՝ ինչպես են պատկերացնում հարցի լուծումը:
Ալեքսանդր Ավետիսյանը պատասխանեց. «Անձանց հոգեկան առողջության հարցը մեր ուշադրությունից չի վրիպել; Ներգրաված են հոգեբույժներ, հոգեբաններ, որոնք աշխատում են այն զինծառայողների հետ, որոնք ծառայում են»: Եթե նախկինում գերի ընկած զինծառայողներին տարել են, նա ասաց, որ ուրեմն համապատասխան փորձաքննություն անցել է:
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ասաց. «Ծնողները պատմել են, որ պատերազմի ժամանակ, երբ բեկորային վնասվածքներ են ստացել, հանել են բաճկոնները զինվորները, որ փախուստի դիմեն, բաճկոնների գրպաններում շատ դեպքերում զինվորական գրքույկն է եղել, շատ դեպքերում՝ աշխատավարձի ստացականը: Կորցրել են ու գումարները չեն ստանում: Բավականին շատ թվով կան այդպիսի զինվորներ»: Նա նաեւ մի դեպք ներկայացրեց. «Զինվորը, որը կորոնավիրուսով հիվանդ էր, թոքաբորբով հիվանդ, շատ ծանր վիճակում էր ծնողը, գումարտակի հրամանատարը իրեն պատժել էր 3 անգամ կարգապահական տույժ՝ 21 օրով: Տղան Մուրացանի հոսպիտալում էր բուժվում՝ բավականին ծանր վիճակում: Երբ վիճակը փոխեցին, նաեւ ջրծաղիկով հիվանդացավ, ամենատխուրը հրամանատարի վերաբերմունքն էր զինվորին, որը պատերազմ էր անցել»:
Քոչարյանն ասաց, որ նման բոլոր դեպքերը ուղարկեն ոչ միայն ՊՆ, այլ նաեւ հանձնաժողով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ