Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ով ինչպես քվեարկեց. ԵԽԽՎ-ում հայ գերիների վերաբերյալ հարցի «դեմն» ու «կողմը». Նանե Մանասյան

Ապրիլ 22,2021 15:49
exxv

Ով ինչպես քվեարկեց

Ապրիլի 19-ին «Հայ ռազմագերիների և տեղահանված անձանց մասին» հարցն առանձին քվեարկությամբ ընդգրկվեց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հերթական լիագումար նստաշրջանի օրակարգում։

Հարցը նախապես ընդգրկված էր ընթացիկ հարցերի փաթեթի մեջ, սակայն Ադրբեջանի ներկայացուցիչ Սամադ Սեյիդովի միջնորդությամբ դրա համար առանձին քվեարկություն անցկացվեց։ Քվեարկության արդյունքում հայ ռազմագերիների մասին հարցն ընդգրկվեց ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի օրակարգ՝ 93 կողմ, 21 դեմ և 18 ձեռնպահ ձայներով։

Ստորև ներկայացված ինֆոգրաֆիկայում արտացոլված է այն երկրների քվեարկության պատկերը, որոնց պատվիրակության մեջ եղել են դեմ կամ ձեռնպահ ձայներ։

Հատկանշական է, որ ռուսաստանյան պատվիրակությունից հարցի օրակարգ ներառվելուն կողմ քվեարկող չի եղել․ փոխարենը դեմ է քվեարկել 5, ձեռնպահ՝ 7 պատվիրակ։ Ավելի ուշ, ի պատասխան Instagram-ի իր էջում հետևորդներից մեկի հարցի, ՌԴ պատվիրակներից Սերգեյ Պախոմովը պատվիրակության քվեարկության արդյունքները մեկնաբանել էր որպես «տեխնիկական խափանում»։

«Այդ հարցի վերաբերյալ քվեարկության ժամանակ մեր ամբողջ պատվիրակության մոտ տեխնիկական խափանում է եղել: Մենք նույնպես այնքան էլ չենք հավատում զուգադիպություններին: Արդեն համապատասխան դիմումներ ենք ներկայացրել»,- գրել է Պախոմովը:

Հարցին դեմ են քվեարկել նաև Ադրբեջանի ամբողջ պատվիրակությունը, Սերբիայից և Հունգարիայից՝ 1-ական, իսկ Թուրքիայի պատվիրակությունից՝ 8 պատվիրակ։ Հատկանշական է, որ թուրքական պատվիրակությունից մեկ հոգի կողմ է քվեարկել․ նա

Թուրքիայի Միլլի մեջլիսի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) ծագումով քուրդ պատգամավոր Ֆելեքենաս Ուջանէ։

Գերիների վերադարձի կոչեր, ականապատված տարածքների խնդիրը ինչի մասին էին ելույթները

Հարցի վերաբերյալ քննարկումը (3։03։00) ծավալուն ելույթով բացեց ֆրանսիացի պատվիրակ  Ալեն Միլոնը, որը հղում անելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներին, կոչ արեց Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել նրանց։

«Ես լսել եմ հայտարարություններ, որտեղ հայ զինվորները ներկայացվել են որպես ահաբեկիչներ, ես տեսել եմ այդ անտանելի տեսանյութերը, ինչպես և դուք, ես տեսել եմ ռազմավարի պուրակի ստեղծումը»,- ասել է նա։

Ամբողջ ավստրիական պատվիրակության անունից հայ ռազմագերիներին ազատելու կոչ արեց նաև պատվիրակ Շտեֆան Շենախը։ Նա ձայնակցելով իր ֆրանսիացի գործընկերոջը, շեշտեց, որ կողմերի միջև խաղաղության և հաշտության համար անհրաժեշտ է «հարգանք ունենալ պատերազմի զոհերի հիշատակի հանդեպ»։

«Զինծառայողների մեծ թիվ կա, որոնք շարունակում են պահվել Ադրբեջանում․․․ Դիմում եմ Ադրբեջանի ղեկավարությանը, եկե՛ք դադարենք առևտուր անելը, էական չէ հայ ռազմագերիները գերեվարվել են զինադադարից առաջ, թե հետո, հարկավոր է պարզապես նրանց տուն թողնել, առանց որևէ «բայց»-ի», – ասել է ավստրիացի պատվիրակը։

Ֆրանսիացի մեկ այլ պատգամավոր՝ Ալեքսանդրա Լուին, անդրադարձավ գերիների հանդեպ ադրբեջանական իշխանությունների անմարդկային, դաժան վերաբերմունքին։ Նա շեշտեց, որ ՄԻԵԴ-ը հարցում է արել Ադրբեջանին, թե ինչպիսի պայմաններում են նրանք պահվում, սակայն պատասխան չի ստացել։

Պատվիրակությունից  Բեռնար Ֆուրնիենէլ շեշտեց, որ Եվրոպայի խորհուրդը չպետք է ունենա այնպիսի անդամ երկրներ, որոնք չեն կատարում ՄԻԵԴ-ի պահանջները։

Պաուլո Պիսկոն՝ Պորտուգալիայից, ևս ընդգծեց, որ ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը չի կատարել իր պարտավորությունները՝ չի վերադարձրել հայ ռազմագերիներին։

«Իսկ որտե՞ղ են այժմ Թուրքիան և Ռուսաստանը, նրանք, ի՞նչ է, պատերազմի դաշնակիցներ են, թե խաղաղության հաստատման»,- ասել է պորտուգալացի պատգամավորը՝ հավելելով, որ խնդիրը միայն Հայաստանինը չէ, այլ նաև ամբողջ Եվրոպայինը, քանի որ Ադրբեջանը խախտում է միջազգային մարդասիրական նորմերը։

Ֆինլանդիայից  Կիմմո Կիլյունենն անդրադարձավ ոչ միայն ռազմագերիներին ազատ արձակելու անհրաժեշտությանը, այլ նաև խոսեց Արցախում «հարուստ մշակութային ժառանգության պահպանման» մասին։ Ֆին պատվիրակը հույս հայտնեց նաև, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան համաձայնության գալ նաև Արցախի ականապատված տարածքների տեղորոշման և քարտեզների փոխանակման հարցում։

Հայ ռազմագերիներին անհապաղ ազատելու կոչով հանդես եկան նաև պատվիրակներ Փոլ Գավանը՝ Իռլանդիայից, Ջոն Հոուելը՝ Մեծ Բրիտանիայից։

Իտալացի պատգամավոր Ռոբերտո Ռամպին պնդեց, որ Արցախյան կոնֆլիկտը պետք է անցյալ դառնա, և համոզմունք հայտնեց, որ հաշտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր է։

Ադրբեջանական պատվիրակությունից Քամալ Ջաֆարովն իր «խորը հիասթափությունը» հայտնեց հարցն օրակարգ բերելու կապակցությամբ։ Նա պնդեց, որ վեհաժողովն «օգտագործվում է հայաստանյան իշխանությունների կողմից նախընտրական նպատակներով՝ ցույց տալու համար սեփական ժողովրդին, որ աշխատում են»։ Նա նաև մեղադրեց ՀՀ-ին «ռևանշի պատրաստվելու» և ականապատված տարածքների քարտեզները Ադրբեջանին չտրամադրելու համար։

Մեկ այլ ադրբեջանցի պատվիրակ Ռաֆայել Հուսեյնովը շարունակում էր պնդել, որ Շիրակի մարզից «հայ զինծառայողներն ահաբեկիչներ են, ռազմական հանցագործներ», որոնց «թիրախը Ադրբեջանի քաղաքացիական բնակչությունն էր»։

Քննարկումը եզրափակեց Ադրբեջանի ռազմավարական դաշնակից Թուրքիայի պատվիրակ Մեհմեդ Էքիրը՝ պնդելով, որ «հայկական օկուպացիայի հետևանքով Ադրբեջանը կրել է լուրջ պատմական, քաղաքական, մշակութային և տնտեսական վնասներ»։ Նա նաև պնդել է, որ պատերազմը «սանձազերծել է ՀՀ-ն, որը պարբերաբար սադրիչ գործողություններ էր իրականացնում ադրբեջանական խաղաղ բնակչության նկատմամբ»։

Հայաստանի ռազմավարական դաշնակից ՌԴ պատվիրակությունից որևէ պատգամավոր ելույթ չունեցավ հարցի վերաբերյալ։

Հայաստանյան պատվիրակությունից ելույթ ունեցան ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը և իմքայլական Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով նաև Ադրբեջանում մոլեգնող հայատյացությանը և դրա հետևանքներին։

Ստորև ներկայացված ինֆոգրաֆիկայում արտացոլված է ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցի վերաբերյալ պատվիրակների ելույթների քանակական և բովանդակային պատկերը

Նանե ՄԱՆԱՍՅԱՆ
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930