Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանն այս պահին ՀՀ քննչական կոմիտեի շենքում է, աջակիցներն էլ շենքի դիմաց են։ Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած երեկվա այցից հետո իրավապահները բերման են ենթարկում կամ հարցաքննության կանչում Սյունիքի մի շարք համայնքապետերի եւ քաղաքացիների։ Իշխանամետները երեկվանից լուրեր են տարածում, թե Մխիթար Զաքարյանը Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցերի կազմակերպիչներից է։
ՔԿ-ի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում իրավապաշտպան Ռոբերտ Հայրապետյանը համոզմունք հայտնեց, որ այս ձերբակալություններն աղերս չունեն իրավաբանության հետ, սա ծաղր է․ «Տեսանյութերի դետալացված ուսումնասիրությունից ակնհայտ է, որ Մխիթար Զաքարյանն ընդամենը ուզել է հանդարտեցնել իրավիճակը»։
Ապա Հայրապետյանն անդրադարձավ Սյունիքի մարզպետարանում Նիկոլ Փաշինյանի եւ ուժային կառույցների ղեկավարների երեկվա հանդիպմանը․ «Ուղիղ տեքստով ԱԱԾ պետին, ոստիկանապետին եւ ՔԿ Սյունիքի վարչության մարզային պետին հրահանգեց անհապաղ ձեռնարկել միջոցառումներ՝ իրեն արհամարհական վերաբերմունք ցույց տված քաղաքացիներին պատժելու մասին։ Սա խոսում է ՔՕ երկու հոդվածի մասին՝ պաշտոնեական լիազորությունների անցում եւ նախաքննական մարմինների գործողություններին միջամտություն։ Նա ուղիղ շահագրգռվածություն է ցույց տվել այն գործերի հանդեպ, որոնք պետք է հարուցվեն։ Հավաքները եղել են ինքնաբուխ, եւ վարչական օրենսգրքի որեւէ հոդվածի տիրույթում չեն տեղավորվում։ Ինչո՞ւ մինչեւ հիմա քրեական գործ չի հարուցվել։ Ինչո՞ւ են բերման ենթարկում Մխիթար Զաքարյանին կամ Գորիսի փոխքաղաքապետին, որին չենք կարողանում գտնել»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ