«Սյունիքը տարբեր առումներով` պատմական կտրվածքով, հասարակական-քաղաքական եւ այլ, ունի շատ կարեւոր եւ յուրահատուկ դեր` ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանային, անգամ համաշխարհային զարգացումների համար»,- «Հայելի» ակումբում ասաց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Ապա մանրամասնեց. «Եթե նայենք պատմական դեպքերին, ապա 100 տարի առաջ Սյունիքի համար կրկին պայքար էր մղվում, եւ այդ պայքարը ոչ միայն հայերի կողմից էր մղվում, հայ-ադրբեջանական էր կամ հայ-թուրքական, այլ այստեղ խաչվում էին աշխարհի մեծ տերությունների շահերը: Դրանից հետո էլ ձեւավորված Խորհրդային Միությունում Սյունիքն իր կարեւոր դերակատարությունը շարունակել է պահպանել: Եվ այն, ինչ հիմա ադրբեջանական կողմը շարունակ պնդում է` Մեղրիով ճանապարհ եւ այլն, ամբողջ Սովետական Միության պատմության ընթացքում այդ հարցը դրված է եղել Սովետական ղեկավարության առաջ`Ադրբեջանի ղեկավարների կողմից: Դա եղել է Սովետական Հայաստանի եւ Սովետական Ադրբեջանի միջեւ կոնֆլիկտային հարց»:
Ռուբեն Մելքոնյանն ընդգծում է. «Այն, ինչին մենք հիմա բախվել ենք քաղաքական, պատմական առումով` նոր հարց չէ: Դա ադրբեջանաթուրքական դարավոր իղձն է, որը փորձում են իրականացնել: Ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ հիմա, մենք տեսնում ենք, որ Սյունիքում բախվում են աշխարհի տարբեր մեծ տերությունների շահեր: Կարելի է նայել եւ տեսնել, թե ինչպես են բախվում Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, ԱՄՆ-ի շահերը այդ պատմական հայկական, փոքր, բայց գերկարեւոր եւ էներգետիկայով լի այս տարածաշրջանում:
Եվ նաեւ չենք կարող պատահական համարել, որ 100 տարի առաջ կարեւոր մեր հաղթական պայքարը` իրականացված Գարեգին Նժդեհի ղեկավարությամբ, տեղի է ունեցել հենց Սյունիքում, որովհետև տարածքը, բնակչությունը եւ մոտեցումները շատ կարեւոր են պայքար սկսելու եւ պայքարը հաղթական ավարտին հասցնելու համար»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով պատմության կրկնվելու «սովորությանը»` թուրքագետը նշեց. «Հիմա հերթական անգամ տեսնում ենք պատմության կրկնվելը մի քանի առումով. մեկը աշխարհաքաղաքական մեծ խնդիրներն են, որոնք խաչվում են Սյունիքում, մյուսը Ադրբեջանի, Թուրքիայի նկրտումների շարունակությունն է Սյունիքի հանդեպ: Այն ցանկությունները, որ 100 տարի ունեցել են, հիմա բարձրաձայնվում է Ադրբեջանի նախագահի կողմից հայտարարությունների միջոցով, որ եթե Զանգեզուրը կամովին չտան, մենք ուժով կվերցնենք եւ այլն, եւ երրորդը հետեւյալն է` Սյունիքում հասարակական-քաղաքական ընդվզումը, ըմբոստությունը 100 տարի հետո կրկնվում է»:
Խոսելով ապրիլի 21-ի Սյունիքի իրադարձությունների եւ մասնավորապես ՀՀ վարչապետի այցին սյունեցիների բուռն արձագանքի մասին, Ռուբեն Մելքոնյանը նշեց. «Սյունեցին ունի օբյեկտիվ խնդիրներ, օբյեկտիվ անհանգստություն, անվտանգության խնդիր, եւ սյունեցու անվտանգությունը նման մակարդակի է հասել այս իշխանությունների ապիկար քաղաքականության պատճառով: Սյունեցին բախվել է այն իրողությանը, որ օրինակ, իր ամենօրյա երթեւեկը այդ ճանապարհով անվտանգ չէ, սյունեցին բախվել է այն իրականությանը, որ իր երեխայի դպրոց գնալ-գալը ամեն օր կարող է դառնալ սթրեսային, որովհետեւ նա անմիջականորեն գտնվում է թշնամական, Ադրբեջանի համար հասանելի տարածքներում:
Այս ամենից հետո սյունեցին ունի՞ իրավունք ընդվզելու եւ իր բողոքի ձայնը բարձրացնելու այս ամենի պատճառ դարձած իշխանությունների հանդեպ: Մենք ի՞նչ արձագանք են տեսնում երեկվա ընդվզմանը…Տեսնում ենք ջայլամային քաղաքականություն, որ իշխանությունները եւ նրանց սատարող տարատեսակ գործիչներն ուղղակի հերքում են, նիհիլիստական մոտեցմամբ, որ իբր չկա որեւէ խնդիր եւ իրենց սահմանափակ մտածողության արգասիք ձեւակերպումներ են անում, թե իբր ընդվզումն ուղղորդված էր նախկինների կողմից եւ այլն»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ