Լրահոս
Օրվա լրահոսը

«Եռաբլուրում եւ այլ եղբայրական պանթեոններում հուղարկավորված անձանց 1.4 մլն դրամը չեն վճարում». Գնդապետ Ալեքսանդր Ավետիսյան

Ապրիլ 22,2021 15:07

Այսօր ԱԺ-ում պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հետեւանքով զինծառայողների սոցաջակցության ծրագրերի շուրջ քննարկում էր կազմակերպել:

Այս օրերին բազմաթիվ դժգոհություններ կան, որոնք կապված են հիմնականում իրազեկման հետ:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ հետպատերազմական շրջանում բանակին պետք է օգնեն ոտքի կանգնել՝ լինելով միասնական ու չտարանջատելով՝ Սյունիք ու հյուսիս:

ՊՆ-ում ձեւավորվել է զինվորների առողջության, սոցիալական պաշտպանության եւ վետերանների հարցերով վարչություն, որի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ զոհվածի 3039 գործ ուղարկվել է զինծառայողների ապահովագրության հիմնադրամ, որ փոխհատուցում տան: Եվս 556 գործ անհետ կորածների մասով գտնվում է հիմնադրամում:

Ավետիսյանն ասաց, որ բյուրոկրատական խնդիրներ կան, պետք է հաստատվի, որ մարդը վիրավորում ստացել է ծառայության ընթացքում: Նա նաեւ հայտնեց, որ 1,4 մլն վճարում կատարում են գերեզմանների բարեկարգման համար, 1070 անձի վճարում կատարվել է, բայց մարդիկ, որոնց հարազատները հուղարկավորվել են Եռաբլուրում, այդ փոխհատուցումը չեն ստանալու. «Եռաբլուրում եւ այլ եղբայրական պանթեոններում հուղարկավորված անձանց չեն վճարվում՝ կառավարության հայտնի որոշումը հաշվի առնելով: Սա՝ ի գիտություն, որովհետեւ մարդիկ չեն իմանում»:

Խոսելով ուսման վճարի փոխհատուցման մասին, որոնք տրվում են պատերազմի մասնակիցներին, նրանց ընտանիքի անդամներին, իրականացվում է մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում: Այստեղ էլ խնդիրներ են լինում, որովհետեւ զորամասից պետք է տեղեկանք բերեն մարտական գործողությունների մասնակցության վերաբերյալ, բայց պարզվում է՝ զորամասը արդեն գոյություն չունի:

Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Գործ ունենք հետպատերազմյան սինդրոմի հետ ու պետք է խնդիրները արագ լուծենք: Բայց արագ լուծման ընթացքում էլ հայտնվում են կոռուպցիոն ռիսկեր: Բոլոր ծրագրերի իրականացման ժամանակ պետք է հաշվի առնենք, որ անընդհատ այս ծրագրերի կողքը կարող են հայտնվել խարդախներ ու օր առաջ պետք է նրանց ճանապարհը փակել, որ ավելորդ կորուստներ հանկարծ չունենանք»:

 

Սպայական կազմի կորցրած գույքի մասին հարց ուղղեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը: Գնդապետ Ավետիսյանը պատասխանեց, որ կառավարության ընդունած որոշման համաձայն, իրականացվում է անձանց փոխհատուցումների վճարման գործընթացը. «Սկզբնական շրջանում անձը պետք է պարտադիր Արցախի հաշվառում ունենար, բայց փոփոխություն կատարվեց հետագայում և, անկախ հաշվառման վայրից, իրականացվում է տվյալների հավաքագրում: Մենք գլխավոր շտաբին հարցում ենք արել, որ իրենք կարողանան ըստ ուղղությունների պարզել, թե որտեղ ինչ ընտանիք կա: Ընդ որում, պայմանը հետևյալն է` նախքան պատերազմը սկսվելը զինծառայողը պետք է 3 ամիս այնտեղ բնակված լինի»:

Ըստ նրա` բանակային կորպուսից ստացված տվյալները նույնականացնելուց հետո դրանք փոխանցվում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, այնտեղից էլ յուրաքանչյուր անձի հաշվարկով 300 հազար դրամ է փոխհատուցում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930