Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Քերոբյան. Գնաճի մասին խոսելով՝ չի նշանակում, որ վարչապետը դժվարանում է հաց առնել

Ապրիլ 22,2021 14:57

Լրագրողների դիտարկմանը, թե կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ գնաճ կա, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն արձագանքեց. «Ճիշտ է, բայց դա չի նշանակում, որ ինքը դժվարանում է հաց առնի, էլի»:

Նախարարն ասաց, թե գնաճի հարցն ընդունում են հասարակ քաղաքացու տեսանկյունից ու ապրում են այն ցավը, որ ապրում է հասարակ քաղաքացին: Նրա խոսքով, գնաճն անխուսափելի է, կա համարյա բոլոր երկրներում. «Մարտ ամսին մեր հարեւան Թուրքիայում գնաճը եղել է 16 տոկոս, այն դեպքում, երբ մեր մոտ եղել է կարծեմ 5,6 տոկոս, բայց դա չի նշանակում, որ գոհ ենք»:

Վահան Քերոբյանը նշեց, որ աշխարհում է սննդամթերքի գներն աճել: Ըստ նրա՝ Լարսի փակ լինելը հանգեցնում է գնաճին. «Մենք հիմա աշխատում ենք ստեղծել այլընտրանք, որ Լարսն էլ երբեք չփակվի»: Էկոնոմիկայի նախարարը նկատի չունի Ադրբեջանով ճանապարհը: Ասաց, որ ստեղծում են այլընտրանք, բայց թե որտեղով՝ չասաց:

Վահան Քերոբյանի խոսքով, վերջին 2-3 ամիսներին տեսնում են տնտեսության կտրուկ վերականգնում. «Եթե համեմատենք մեր այս տարին 2019 թվականի հետ, որը Հայաստանի տնտեսական ամենալավ տարին է եղել, ապա հունվարը, փետրվարը, մարտը ավելի լավ են գնում, քան 2019 թվականի համեմատ»,-ասաց նա եւ նշեց, որ իր հաշվարկով` այս մարտին 7-7,5 տոկոսի աճ է լինելու նախորդ տարվա մարտի համեմատ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել