Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանն այս պահին ՀՀ քննչական կոմիտեի շենքում է, աջակիցներն էլ շենքի դիմաց են։ Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած երեկվա այցից հետո իրավապահները բերման են ենթարկում կամ հարցաքննության կանչում Սյունիքի մի շարք համայնքապետերի եւ քաղաքացիների։ Իշխանամետները երեկվանից լուրեր են տարածում, թե Մխիթար Զաքարյանը Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցերի կազմակերպիչներից է։
ՔԿ-ի դիմաց «Իմ քայլից» դուրս եկած եւ Սյունիքից ընտրված պատգամավոր Աննա Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշեց․ «Այս ձերբակալությունները, մեծ հաշվով, անակնկալ չէին, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզպետարանում նստած՝ ուղիղ ցուցում էր տալիս, որ պետք է հրապարակային պատժվեն ակցիաների մասնակիցները։
Կարդացեք նաև
Հասկանալի չէ, թե ինչու է Մեղրիի համայնքապետն անցնում այս գործընթացով, բայց, ըստ էության, սա քաղաքական հաշվեհարդար է, իսկ իրավական մասով՝ փուչիկ։ Ասում են, թե Մեղրիի համայնքապետին բերման են ենթարկել խուլիգանության դրվագով, բայց նա ի՞նչ է արել։ Ուղղակի իջել է, որովհետեւ չէր կարող անտարբեր լինել, տեսել, թե ինչ է կատարվում եւ փորձել է հանդարտեցնել, որպեսզի բախում չլինի։ Եվ սրա համար նրան բերման են ենթարկում»։
Աննա Գրիգորյանը նաեւ հայտնեց՝ երեկ Նիկոլ Փաշինյանի Սյունիք այցի մասին տեղյակ չեն եղել ոչ միայն համայնքապետերը, այլ Փաշինյանի սեփական թիմն ու պատգամավորները․ «Սյունեցի պատգամավոր Կարեն Համբարձումյանը, լրագրողի հարցին պատասխանելով, ասում է, որ չգիտեր։ Ուստի բոլորի համար էր անակնկալ։ Եթե որեւէ մեկն այս մասին տեղյակ չէր, ինչպե՞ս են ասում, թե բողոքի ցույցերն ուղղորդված էին»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ