Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանն այս պահին ՀՀ քննչական կոմիտեի շենքում է, աջակիցներն էլ շենքի դիմաց են։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած երեկվա այցից հետո իրավապահները բերման են ենթարկում կամ հարցաքննության կանչում Սյունիքի մի շարք համայնքապետերի եւ քաղաքացիների։ Իշխանամետները երեկվանից լուրեր են տարածում, թե Մխիթար Զաքարյանը Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցերի կազմակերպիչներից է։
Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը ՔԿ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց․ «Իմ տվյալներով՝ քսանից ավելի մարդ է Սյունիքում բերման ենթարկվել կամ ձերբակալվել։ Գրեթե բոլորը՝ ապօրինի։ Մարդկանց խաբելով, համոզելով, առեւանգելով նստեցրել են մեքենաները եւ մեծ մասին անհայտ ուղղությամբ հեռացրել մարզից։ Գիտեմ, որ այստեղ Մխիթար Զաքարյանն է, մի ժամ առաջ են բերել։ Ընթանում էին շատ արագ, մեծաթիվ ոստիկաններով։ Գորիսի փոխքաղաքապետին էլ չգիտենք ուր են տարել։ Իշխանություն կոչեցյալները փորձում են հիմա մարդկանց գտնել, որոնք տեսախցիկների առաջ կմեղանչեն, որպեսզի ասեն՝ ժողովուրդը սխալվել է։ Ի դեպ, Մխիթար Զաքարյանը դեռ չի ապաքինվել պատերազմի վնասվածքներից։ Շուռնուխի գյուղապետի եղբորն էլ բռնի տարել են։ Ուզում են Սյունիքը գլխատել, որ Փաշինյանը գա Սյունիք ու քարոզարշավ անի»։
Վահե Հակոբյանը կարծում է, որ իշխանություններն իրենք են մտադիր այս գործընթացներն օգտագործելով՝ տապալել հունիսին նախանշված արտահերթ խորհրդարանական ընտրությունները։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ