«Նիկոլ Փաշինյանի վարկանիշը Սյունիքում նորմալ է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց Սյունիքից ընտրված իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ երեկ Սյունիքում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայհոյում էին ու թույլ չէին տալիս մտնել իրենց համայնքներ:
Անդրադառնալով սյունեցիների նկատմամբ հարուցված քրգործերին՝ Արմեն Խաչատրյանն ասաց. «Խուլիգանության փաստ է եղել: Հասարակական կարգը կոպիտ, բացառիկ ցինիզմով խախտելու փաստեր են եղել, այդ փաստերով հարուցվել է քրգործ»:
Կարդացեք նաև
Հարցին՝ համաձա՞յն եք Հովիկ Աղազարյանի հետ, որ ընդամենը մի 50 խուժաններ էին կազմակերպել՝ Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Այն, որ խուլիգանություն է տեղի ունեցել՝ միանշանակ է: Թե հիմա խուժան են… խուժան իրավական հասկացություն ես չեմ հիշում»:
Հարցին՝ մարդկանց մի մասի տները մնացել են ադրբեջանական հատվածում, բոլորը խուժաննե՞ր են՝ Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Ոչ, ոչ ոք չի ասում նման բան»:
Դիտարկմանը, որ սյունեցին մերժում է Փաշինյանին՝ նա պատասխանեց. «Ոչ, սյունեցին չի մերժում, բոլորը պատշգամբներից ասում էին, որ դա ամոթ է: Սյունեցին չի կարող այդ ձեւի մերժի, խուլիգանություն անի: Սյունեցին չի կարող կանանց եւ երեխաների ներկայությամբ սեռական բնույթի հայհոյանքներ տա»:
Մեր հարցին՝ ձեզ հարց տվե՞լ եք՝ այդ ատելությունն ինչի համար է, չէ՞ որ նրանք էլ են քաղաքացի, կապ չունի՝ ինչ ոճաբանությամբ ու ինչ բառապաշարով էին արտահայտվում՝ Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Շահերի բախում կար»: Թե ո՞ր շրջանակների կողմից էր հրահրված դա՝ Արմեն Խաչատրյանն ասաց. «Դա այնքան պարզ է, որ չեմ ցանկանում անուն նշել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ