Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրանեսթ ԽՎ պատվիրակության անդամները բարձրաձայնեցին գերիների անհապաղ վերադարձի, ինչպես նաեւ Հայաստանի հասցեին ադրբեջանական կողմից պարբերաբար հնչող ատելության խոսքի եւ սպառնալիքների մասին

Ապրիլ 22,2021 14:34

Ապրիլի 19-20-ը տեղի ունեցավ Եվրանեսթ ԽՎ-ի լիագումար նստաշրջանը, որի շրջանակում հանձնաժողովներում ներկայացվեցին զեկույցներ, ընդունվեցին բանաձեւեր:

Լիագումար նստաշրջանում ելույթով հանդես եկավ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը` անդրադառնալով ՀՀ եւ Եվրամիության միջեւ համագործակցության հեռանկարներին, մասնավորապես Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում: ԱԺ նախագահն անդրադարձավ նաեւ նախորդ տարվա սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, ինչպես նաեւ վերջինիս կողմից 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության դրույթները կոպտորեն խախտելուն:

Վեհաժողովի աշխատանքներին մասնակցեցին կառույցում հայկական պատվիրակության ղեկավար Վիկտոր Ենգիբարյանը, պատվիրակության անդամներ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանը, պատգամավորներ Միքայել Զոլյանը, Սարգիս Խանդանյանը, Նարեկ Մկրտչյանը, Մարիա Կարապետյանն ու Տարոն Սիմոնյանը:

Պատվիրակության անդամներն իրենց ելույթներում բարձրաձայնեցին պատերազմի հետեւանքով գերութան մեջ գտնվողների անհապաղ վերադարձի, ինչպես նաեւ Հայաստանի հասցեին ադրբեջանական կողմից պարբերաբար հնչող ատելության խոսքի եւ սպառնալիքների մասին:

Սոցիալական հանձնաժողովի զեկույցի վրա հիմնված բանաձեւը Եվրամիության եւ Արեւելյան գործընկերության երկրներում կյանքի որակի բարելավման, մասնավորապես` արդյունավետ առողջապահական եւ կայուն կենսաթոշակային համակարգերի ստեղծման մասին է:

Քաղաքական հանձնաժողովի զեկույցի վրա հիմնված բանաձեւը վերաբերում է Եվրամիության եւ Արեւելյան գործընկերության երկրներում ժողովրդավարական գործընթացների ամրապնդմանը, կուսակցությունների, քաղհասարակության դերակատարությանը, արդար ընտրական միջավայրի ձեւավորմանը եւ ազատ ու բազմակարծիք մամուլին:

Եվրամիության եւ Արեւելյան գործընկերության երկրներում կրթության եւ տնտեսության սիներգիային է վերաբերում տնտեսական հանձնաժողովի զեկույցի վրա հիմնված բանաձեւը:

Լիագումար նստաշրջանում ընդունվեց նաեւ Էներգետիկ հանձնաժողովի զեկույցի վրա հիմնված բանաձեւը, որն առնչվում է էներգետիկ արդյունավետությանը, դիվերսիֆիկացմանը, անկախությանը, եվրոպական էներգետիկ մարտավարության ամրապնդմանն ու Արեւելյան գործընկերության երկրներում էներգետիկ անվտանգության սպառնալիքների հակազդեցությանը:

Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930